ԵԽ ԽՎ բանաձեւի հիմնական պահանջը կատարված չէ

29/08/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը համոզված է, որ սեպտեմբերի 11-ին ԵԽ ԽՎ մոնիտորինգի նիստի ժամանակ համազեկուցողները շեշտադրում են անելու հատկապես քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ իրենց պահանջի կատարման վրա: Իսկ թե ինչպիսին է լինելու ՀՀ իշխանությունների պատասխանն ու համազեկուցողների եզրակացությունը` նա դժվարանում է ասել:

Դեռեւս հունիս ամսին տեղի ունեցած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ Հայաստանի պատվիրակության անդամները միաձայն պնդում էին, թե երեք ամիս տրված ժամանակահատվածը բավարար չէր 1609 բանաձեւի պահանջները կատարելու համար: Հաշվի առնելով այդ դժգոհությունները, ԵԽ ԽՎ-ն լրացուցիչ եւս երեք ամիս ժամանակ հատկացրեց Հայաստանի իշխանություններին` արդեն 1620 բանաձեւում ընդգրկված պահանջներն իրականացնելու համար: Նաեւ զգուշացվեց, որ դա ՀՀ-ին վերապահվող վերջնաժամկետն է, որից հետո կկիրառվեն լուրջ պատժամիջոցներ` ընդհուպ ԵԽ ԽՎ-ից հեռացվելու տեսքով: Սակայն այսօր էլ, երբ հաշված օրեր են մնացել ԵԽ ԽՎ մոնիտորինգի նիստի մեկնարկին, դեռեւս կատարված չէ այն հիմնական պահանջը, որը Հայաստանի իշխանությունների առջեւ դրել է ԵԽ ԽՎ-ն: Խոսքը վերաբերում է հատկապես մարտի 1-ից հետո կալանավայրերում հայտնված քաղբանտարկյալներին: Արդյոք Հայաստանի պատվիրակության անդամները դարձյա՞լ պնդելու են, որ հատկացված լրացուցիչ ժամանակահատվածը բավարար չէր. մեր այս հարցին ի պատասխան՝ «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց. «1609 բանաձեւի կատարման համար 3 ամիս ժամանակ էր տրված, որի ընթացքում պետք էր իրականացնել բազմաթիվ կետեր: Սակայն կարծում եմ, որ ԵԽ ԽՎ-ն ճիշտ կգտնվեր, եթե այդ երեք ամիսների համար ներկայացներ երեք հիմնական կետեր, այն է` քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների ազատ արձակում, հանրահավաքների մասին օրենքի փոփոխություն, եւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծում: Մյուս բոլոր պահանջները պետք է հեռանկարային լինեին, որովհետեւ, ըստ էության, երբ բոլոր հարցերն են դրվում առաջնային կատարման, բնականաբար, երեք ամսվա ընթացքում հնարավոր չէր կատարել: Եվ դա հնարավորություն էր տալիս Հայաստանի իշխանություններին` ասելու, որ այդ բոլոր պահանջներն այդքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր կատարել»: Ա. Իշխանյանի հավաստմամբ` եթե հունիս ամսին Հայաստանի իշխանությունները կարող էին նման պատճառաբանություններով լրացուցիչ ժամանակ խնդրել ԵԽ ԽՎ-ից, ապա այս անգամ այլեւս հնարավոր չէ, քանի որ արդեն 1620 բանաձեւում բավականին կոշտ է դրված հենց այդ երեք պարտականությունների կատարման պահանջը: Իսկ այդ երեք պահանջները որքանով են կատարվել այս ժամանակահատվածում. մեր հարցին ի պատասխան՝ Ա. Իշխանյանն ասաց. «Հանրահավաքների մասին օրենքը փոփոխությունների ենթարկվել է, բայց այդ օրենքն ինչ-որ չափով հակասում է 1609 բանաձեւին, որովհետեւ այդ բանաձեւում փոփոխությունների ենթարկված օրենքը նախկին տեսքին վերադարձնելու մասին պահանջ էր դրվել: Բայց Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնության եկան, փոփոխություններ կատարեցին, բայց այն նախկին տեսքին չվերադարձրեցին: Ամեն դեպքում` սա ընդունվեց որպես կատարված փաստ: Հաջորդ պահանջը` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ձեւավորումն էր: Ըստ էության, այսօր ով էլ դժգոհի, միեւնույն է` հանձնաժողովը ստեղծվել է եւ աշխատում է: Այլ խնդիր է, թե ինչպես կաշխատի այն: Իմ հաստատ համոզմունքն է, որ ինչպիսի հանձնաժողով էլ ձեւավորվեր, միեւնույն է` նորից դժգոհություններ լինելու էին, որովհետեւ յուրաքանչյուր կողմը հանձնաժողովից ակնկալում է իր համար նախընտրելի որոշում: Սա այլ խնդիր է, բայց հանձնաժողովը ձեւականորեն, բայց ստեղծված է»: Ա. Իշխանյանի պնդմամբ` չի կատարվել, սակայն, ԵԽ ԽՎ կողմից Հայաստանի իշխանություններին ներկայացված հիմնական` քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ պահանջը: «Սա հիմնական եւ ամենակարեւոր պահանջն է, եւ իմ կարծիքով, մոնիտորինգի նիստում հիմնականում քննարկվելու է հենց այս հարցը»,- ասում է «Հելսինկյան կոմիտեի» նախագահը:

Մեր դիտարկմանը, թե իշխանամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներից շատերը պնդում են, թե քաղբանտարկյալների վերաբերյալ նույնպես ԵԽ ԽՎ-ն կոշտ դիրքորոշում չի արտահայտի, քանի որ այս ժամանակահատվածում մի շարք անձինք ազատ են արձակվել, փոխվել է նրանց խափանման միջոցը, իսկ մի շարք մարդկանց նկատմամբ էլ մեղադրանքն է փոխվել, Ա. Իշխանյանն ասաց. «Իհարկե, այս ընթացքում որոշ մարդիկ ազատ արձակվեցին, ընդ որում` բավականին զարմանալիորեն աննախադեպ որոշումներ եղան եւ հինգ հոգու դեպքում դատարանն արդարացման որոշում կայացրեց: Սա Հայաստանի դատական պրակտիկայում աննախադեպ երեւույթ է: Բնականաբար, ՀՀ իշխանությունները պետք է ասեն, որ այդ պահանջը կատարվում է կամ կատարման ընթացքում է, եւ, որ դա դատական իշխանության խնդիրն է, որին իրենք միջամտելու իրավունք չունեն: Թե ինչպես կընդունի այդ բացատրությունը ԵԽ ԽՎ-ն` դժվար է ասել, որովհետեւ կալանավորված անձանց նկատմամբ կիրառված Քրեական օրենսգրքի 300 հոդվածը զուտ քաղաքական է եւ կամայական մեկնաբանությունների տեղիք է տալիս: Իսկապես այդ հոդվածով մեղադրվողները պետք է ազատ արձակվեն, ու քանի դեռ նրանք ազատության մեջ չեն, կարծում եմ` Վեհաժողովը չափազանց խիստ վերաբերմունք կդրսեւորի, եւ չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունների արդարացումներն ինչ-որ ձեւով կներազդեն այդ դիրքորոշման վրա»: Ըստ Ա. Իշխանյանի` գուցե Հայաստանի իշխանություններն այժմ մտածում են, թե ԵԽ ԽՎ սեպտեմբերին կայանալիք նստաշրջանին Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը կտրուկ չի լինի, քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը շեղված է Վրաստանում եւ Հարավային Օսիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա: «Ամեն դեպքում պետք է մի բան հաշվի առնել. հենց այս` վրացական դեպքերի կապակցությամբ եւ այլ դեպքերում էլ, չնայած ԵԽ-ն ստեղծված է մարդու իրավունքների համար, բայց շատ հաճախ այն քաղաքական որոշումներ է կայացնում: Դրա համար շատ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի նրանց դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ: Չնայած այս ամենին` մենք ԵԽ ԽՎ-ից ակնկալում ենք օբյեկտիվ դիրքորոշում, որը կախված չի լինի այլ պետություններում ստեղծված իրավիճակից»,- ասաց Ա. Իշխանյանը: