Նստվածք մնաց

29/08/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւը ճանաչեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը:

Եթե հաշվի առնենք, որ մի քանի ամիս առաջ Միացյալ Նահանգները ճանաչեցին Կոսովոյի անկախությունը, ապա կարելի է փաստել, որ 15-ամյա ընդմիջումից հետո վերսկսվեց աշխարհի քաղաքական քարտեզի նոր վերաձեւումը: Մեր սերունդն իր «մաշկի վրա է» զգացել, որ դա բավականին ցավոտ պրոցես է: Առավել եւս, երբ այդ վերաձեւումն ընթանում է քո տարածաշրջանում: Եվ այս իրավիճակում շատ կարեւոր են Հայաստանի իշխանությունների գործողություններն ու դիվանագիտական մոտեցումները, հաշվի առնելով նաեւ ԼՂՀ հիմնախնդիրը:

Վրաց-օսական պատերազմը սկսելուց հետո, որը շատ արագ վերածվեց վրաց-ռուսականի, հայաստանյան բազմաթիվ քաղաքական, քաղաքագիտական եւ լրագրողական շրջանակներ սկսեցին մեղադրել ՀՀ իշխանություններին՝ պասիվ դիրք գրավելու մեջ: Առավել հաճախ հնչում էին մեղադրանքներ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին` Պեկինից անհապաղ չվերադառնալու համար:

Այսօր, երբ կրքերը մի փոքր հանդարտվել են, պարզ է դառնում, որ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը վերոնշյալ հարցի վերաբերյալ բավականին գրագետ էր: Այս մասին փաստեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ա1 պլյուս»-ին տրված հարցազրույցում: Ի պատիվ պարոն Տեր-Պետրոսյանի՝ պետք է նշել, որ ի տարբերություն տարբեր ժամանակահատվածների հայաստանյան ընդիմադիրների (Ա.Գեղամյան, Ա.Բաղդասարյան, Ա.Սադոյան եւ այլն), նա չընկավ էժանագին պոպուլիզմի հետեւից, եւ «չքլնգեց» իշխանություններին: Երեւի թե պատճառը նաեւ այն է, որ Լ.Տեր-Պետրոսյանը եղել է պետության նախագահ եւ, ի տարբերություն «հաճախորդների»` պետական գործիչ է:

Իրավիճակն իրոք բավականին բարդ է: Եթե անգամ մի կողմ թողնենք մարտավարական գործընկերոջ եւ հարեւանի գործոնները, պարզ է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը, առնվազն, համընկնում է մեր շահերի հետ: Սակայն Վրաստանը ոչ միայն Հայաստանի հարեւանն է, այլեւ փաստացի միակ կոմունիկացիոն խողովակը: Ու չնայած այն հանգամանքին, որ վրացիները տարիներ շարունակ «իրենց շլանգի տեղ դնելով»՝ բազմիցս են շահագործել իրենց «տրանզիտային» կարգավիճակը (անգամ իրենց համար այս դժվարին օրերին են նրանք շարունակում այդ մարտավարությունը), այնուամենայնիվ, մեր իշխանությունների հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ է նաեւ, որ ունենալով Ռուսաստանի «ֆորպոստի» համբավ, Հայաստանը կարողանում է չփչացնել հարաբերությունները Վրաստանի հետ: Երեկվանից կրկին վերսկսվեց բեռների փոխադրումը Վրաստանից Հայաստան: Բայց վրացիների վերոնշյալ պահվածքից, հրեական հայտնի անեկդոտի նման, «օսադոկ-տո օստալսյա»: Եվ այն հանգամանքը, որ սկսել է վերականգնվել Գյումրի-Ղարս երկաթգծի հայկական հատվածը, վրացիներին պետք է որ հիշեցնի վարունգի (կամ խիյարի` ըստ ճաշակի) մասին հայտնի անեկդոտը: Չեմ կարող պնդել՝ ռուսները վաղուց գիտեին Մ.Սահակաշվիլու այս խելագարության մասին եւ զգուշացրե՞լ էին մեր իշխանություններին, թե՞ Սերժ Սարգսյանն էր բավականին հեռատես քաղաքական գործիչ, սակայն այն փաստը, որ պարոն Սարգսյանը դեռ երկու ամիս առաջ, Մոսկվայում գտնվելու ժամանակ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրեց միասին դիտել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, այսօրվա իրավիճակում առավել քան տեղին է թվում: Հիշեցնեմ, որ Վրաստան-Ռուսաստան հակամարտության մեջ Թուրքիան միանշանակ կանգնեց Ռուսաստանի կողքին: Եվ եթե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սառույցը փոքր-ինչ հալվի, եւ, Հայաստանը, բացի վրացական տրանզիտից, ունենա եւս մեկ ճանապարհ (դեռ չեմ խոսում Իրանի հետ երկաթուղային կապ հաստատելու մասին), կարելի է նշել Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական վերջին տարիների միակ իրական հաղթանակը: Բայց սրա մասին դեռ վաղ է խոսել: Ինչպես ասում են՝ «առուն չթռած` հոպ մի ասա»:

Իսկ Վրաստանը չպետք է մոռանա, որ բացի Հարավային Օսիայից եւ Աբխազիայից, իր տարածքում կնճռոտ հարցեր էլի կան: Այնպես որ, բեռներն ուշացնելուց կամ կամուրջ պայթեցնելուց առաջ վրացական կառավարությունը թող հիշի, որ տարածքային ամբողջականությունից խոսող երկրները միշտ չէ, որ կարողանում են պաշտպանել այդ տարածքային ամբողջականությունը: Ով ծանոթ է «Մաֆիա» խաղի հետ, գիտի, որ կարեւորն այն չէ, թե ինչ են խոսում, կարեւորն այն է` թե ինչ են անում: