Մարդուց՝ կապիկ ճանապարհին

29/08/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Զվարճալի է, իհարկե, երբ կապիկն է կապկում մարդուն, սակայն երբ մարդն է սկսում կապկել
ինքն իրեն, ծիծաղը կարող է վերածվել հիստերիայի…

Ոմանք շարունակում են պնդել, թե մարդն առաջացել է կապկից, ոմանք շարունակում են ժխտել դա, իսկ ոմանք էլ ջանադրորեն փորձում են ապացուցել, թե կապիկն իրենք են։ Ուզում եմ փորձել վերջիններիս ետ կանգնեցնել այդ տխմար ու վտանգավոր մտքից. մի բան է, երբ կապկից մարդ պրոցեսն ավարտված է, եւ, կարծես թե, տեւականորեն մարդն արդեն առաջանում է մարդուց, սակայն այլ բան է, երբ թվացյալ նախնիների հանդեպ կարոտախտը սկսում է հետադարձ պտույտ կատարել եւ մարդու մեջ կասկածի սերմեր է ծլարձակում, եւ նա սկսում է իրեն լավ զգալ ոչ թե իր, այլ իր նախնու վիճակում։ Սա, իհարկե, լուրջ պատճառներ ու, այսպես ասած, «արդարացուցիչ» հանգամանքներ ունի։

Նախ, ուրիշի դերում միշտ հեշտ է հանցավոր լինելը, երկրորդ՝ հեշտ է արդարանալը, երրորդ՝ հեշտ է շահելը, սակայն այս արդարացուցիչ հանգամանքներն այնքան էլ արդարացուցիչ չեն, եթե նկատի առնենք դրանց վտանգավորությունն ու հետեւանքները։ Այսպես, նորանկախ ռեժիսորների ու դերասանություն անող մի շերտի թվում է, թե դերասանությունը ոչ այլ ինչ է, քան կապկություն անել, ընդ որում, ոչ թե իրականություն, այլ իրականության պատրանք քարոզելով։ Վերջին տարիներին սեփական սոցիալական հարցեր լուծած թատերական ասպարեզի գործարարներն անընդհատ ստիպված են իրենց ապաշնորհությունն արդարացնել՝ զանազան պատրվակներ բերելով, սակայն պատրվակներից ոչ մեկը հասարակության ճաշակը փչացնելու եւ մակարդակն իջեցնելու արդարացուցիչ փաստարկ չի կարող ծառայել։ Բանը հասել է այնտեղ, որ բեմի վրա մեր դերասանները ոչ միայն կապկում են իրենց թվացյալ հարեւաններին ու բարեկամներին, այլեւ կյանքում հենց այդ դերով էլ հանդես են գալիս, խոսում են նույն ժարգոնով, նույն միմիկաներով ու շարժումներով։ Նորմալ հանդիսատեսի համար, իհարկե, արտառոց է, երբ անխտիր բոլոր գործող անձինք դատարկաբան ու դատարկապորտ են, գողական ու ժարգոնային, սակայն առավել արտառոց է, երբ դերասանը գողական ու ժարգոնային է բեմից դուրս։ Սրանք, որ կյանքում գրական մեկ տող անգամ չեն մարսել, իրավունք են վերապահում ծաղրել մշակութային արժեքները եւ այդ մշակութային արժեքները հարգողներին։ Հայկական սերիալների ռուբիկոնն անցած հարեւանուհի-դերասանուհու եւ գողական-դերասանի կարծիքով՝ իրենց ապաշնորհության սերմերը «կրծող» զավակն ավելի երջանիկ է, քան իրենց ժարգոնից հոգնած հեռուստացույցն անջատող ուրիշի՝ «գիրք կրծող» երեխան։ Հեռուստացույցն անջատելն, իհարկե, խնդիր չէ. ժողովրդի խնդիրը սեփական արժեքների պահպանության ու նրա հետ շփվելու իրավունքն է, եւ ոչ մի պետական կամ մասնավոր հեռուստաընկերություն իրավունք չունի այդ արժեքներն իջեցնելու հարեւանի հետ սուրճ խմելու ու բամբասանքի մակարդակի, որից ժողովուրդը լիուլի հագեցած է։ Հասկանալի է, որ, այսպես կոչված, գովազդատուների փունջը լսել է միայն սերիալի անունը, իսկ թե դա ինչ է իրենից ներկայացնում կամ ինչ մակարդակով պետք է այն ներկայացնել, պատկերացում իսկ չունի, ավելին, այդ պատկերացումը չունեն անգամ բեմադրիչներն ու ռեժիսորները, ովքեր իրենց ապաշնորհության մեղքը շարունակում են բարդել կա՛մ ֆինանսական միջոցների, կա՛մ, իբր, զանգվածային պահանջարկի վրա։ Ցավալին այն է, որ նրանք եռանդագին ապացուցում են, թե իրենք հենց այդ ապաշնորհության հաշվին են լավ ապրում, եւ իրական արժեքների վրա անհնար է բարեկեցիկ կյանք կառուցել։ Եթե նույն կերպ վարվեին դերձակներն ու կոշկակարները, մեր հանդերձանքը կմնար տատական ճաշակի ու պատկերացումների սահմաններում։ Եվ որքան էլ նրանց շնորհիվ մեր հանդերձներից դուրս են մղվել մեզարներն ու լաչակները, կրկնակոշիկներն ու ռետինե սապոգները, եւ նոր սերունդը չգիտի էլ, թե դա ինչ է, ապա մեր այսօրվա մշակույթից հենց դրա բորբոսի հոտն է գալիս։

Սերիալի գաղափարը ռուսական հեռուստատեսության համար էլ, կարելի է ասել, ներմուծված է, սակայն միայն գաղափարը եւ ոչ երբեք՝ դրա իրականացումը։ Սովորական կենցաղային հենքի վրա ռուսական սերիալը բարձրացնում է նուրբ հոգեբանական խնդիրներ, մշակույթը, պատմությունն ու ազգային արժեքները նրբորեն ներհյուսվում են սյուժեին, եւ հաճախ սերիալային դանդաղկոտ ու նյարդայնացնող կրկնություններից անցում է կատարվում սրընթաց գործողություններով սյուժեի («Թախիծ կրկնապատկողը»)։ Իր դերասանական կազմով ու վարպետությամբ այսօր ռուսական սերիալն ինչ-որ տեղ կարող է մրցել անգամ լիամետրաժ ֆիլմերի հետ։ Ու չնայած սերիալային բնույթի թերություններին, դերասանների ժլատ դիմախաղն ու զուսպ լեզուն ազդեցիկ ու տպավորիչ են, եւ հանդիսատեսը գիրք կարդալու իր բացթողումը կարող է եւ լրացնել հեռուստասերիալների հագեցած ինֆորմացիայով։ Այստեղ երեւում են հասարակության բոլոր շերտերը, եւ հիմնական շեշտը, կարելի է ասել, դրվում է նոր ձեւավորվող ռուսական բուրժուազիայի վրա, որն առհասարակ ռուսական արիստոկրատիզմը վերակենդանացնելու միտում ունի։ Այս ֆիլմերը ոչ միայն պեղում-գտնում են կյանքային սաղմերը, այլեւ իրենց հերթին աճեցնում ու ձեւավորում են դրանք։ Փոխադարձորեն միմյանց լրացնելով, կյանքն ու գեղարվեստը հասարակությունը տանում են նոր ուղով՝ բարձրացնելով ու կրթելով նրան։ Բազմամիլիոն Ռուսաստանում ավելի պակաս գողականներ չկան, սակայն գեղարվեստի նպատակը ոչ թե դրանց վրա հենվելն ու դրանց հերոսացնելն է, այլ, չմոռանալով հասարակության առաջընթացն արգելակող այդ նեգատիվ տարրերին, ցանկալի հասարակության մոդել ձեւավորելը, եւ աղքատության ու գռեհկության ստվերոտ ֆոնի վրա բարձրացնել արիստոկրատիկ կենցաղ ու հարաբերություններ՝ ձերբազատվելով մոլորություններից, անտաշությունից ու դաժանությունից։ Եթե ռուսական հեռուստատեսությանը սերիալը հնարավորություն ընձեռեց խորանալու եւ մանրամասնելու ազգային, պատմական ու հասարակական արժեքները, քարոզելու մշակույթն ու գիտությունը, ներթափանցելու մարդկային հարաբերությունների ծալքերը, ապա հայկական հեռուստատեսությանը զրկեց այդ ամենից՝ այն վերածելով գռեհկաբանության ու դատարկախոսության ամբիոնի։

Կարելի է եւ զուրկ լինել ստեղծագործական ընդունակություններից, թերի կրթություն ունենալ եւ առաջնորդվել կապկելու սկզբունքով, սակայն քիմքով ու հոտառությամբ գոնե կապկելու արժանի նյութ եւ ոճ գտնել, եւ ավելի կապիկ չլինել, քան կապիկները, որ մարդկա՛նց կապկելու սովորույթ ունեն եւ քիմքով ավելի առաջ են նայում, քան իրենք իրենց կապկող մեր թատերական գործիչները…