Ինչպես են հայերն ապրում «Մատրիցայում»

01/06/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Իմ նախորդ հոդվածում ես հիշատակել էի «Մատանիների տիրակալը» ֆիլմը: Դա
իհարկե պատահականություն էր, սակայն քանի որ այս կյանքում պատահական ոչինչ
չի լինում, ես այս մի քանի օրվա ընթացքում հասկացա, որ մենք ապրում ենք մի
«զուգահեռ աշխարհում», որի անունը, բոլորին հասանելի լինելու համար,
որոշեցի կնքել «Մատրիցա»: Այս պատմության մեջ ամենահակասականն այն է, որ
ապրելով ինչ-որ վիրտուալ աշխարհում, մեր հայրենակիցների հիմնական մասը
պատկերացում անգամ չունի, որ աշխարհում գոյություն ունի, օրինակ,
ինտերնետ, այսինքն, իսկական վիրտուալ աշխարհ, որը «Հայաստան» կոչված
վիրտուալ աշխարհից տասնյակ հազար անգամ ավելի զարգացած է, եւ, որ
ամենակարեւորն է, կառավարելի:
 Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ առանձնահատկություններ ունի մեր
«Մատրիցան»: Առաջին հերթին՝ դա բոլորին հատուկ «վընուշկան» է: Օրինակ, երբ
ուշադիր նայում ես մեր «նախարարներին», հասկանում ես, որ իրենց մոտ
«վընուշկա» կա, որ իրենք նախարար են: Ազգային ժողովում պատկերն ավելի
ցայտուն է, քանի որ միայն «Մատրիցայի» ԱԺ-ում օրենքներ կարող են գրել, իսկ
հետո ընդունել ու մնացածին պարտադրել մարդիկ, որոնք տառերը սովորել են
պատգամավոր «ընտրվելուց» հետո (իսկ մի մասը դեռ դա էլ չի հասցրել անել):
Միայն վիրտուալ աշխարհի ԿԲ-ի նախագահը կարող է ենթադրել, թե իբր մենք դրամ
ունենք, հիմա էլ այն ուժեղացնում ենք: Իմիջիայլոց, ի գիտություն
վերոհիշյալ նախագահի, ուզում եմ ասել, որ եթե իրական աշխարհի
ներկայացուցիչներն ուզենան, որ Ձեր «դրամը» թուլանա, այն կթուլանա
ընդամենը մի քանի ժամում, ընդ որում, ոչ թե վիրտուալ, այլ՝ իրական: Մեր
հեռուստահաղորդավարներին եւ լրագրողներին ուզում եմ ասել, որ եթե իրենք
իրականում մի քանի անգամ եղել են «BBC»-ի կամ «CNN»-ի «կարիդորներում», դա
դեռ չի նշանակում, որ իրենք «վիրտուալ» հեռուստահաղորդավարներ չեն, իսկ
լրագրողները՝ բնավ էլ, Լարրի Քինգ չեն ( հատուկ մեր բարձաստիճան
չինովնիկների համար ասեմ, որ Լարրի Քինգն ամերիկյան հեռուստալրագրող է, ով
երբեք նախօրոք պայմանավորված հարցեր չի տալիս): «Մատրիցայի» բուհերի
ռեկտորին պետք է ձգուշացնեմ, որ իրական աշխարհում բուհը ոչ թե դիպլոմի
«պրինտեր» է, այլ՝ գիտելիքներ եւ մասնագիտություն ձեռք բերելու
հաստատություն: Իսկ իշխանամետ կուսակցությունը տաքսի ծառայություն չի,
որտեղ կարելի է ընդունվել աշխատանքի, որ հետո օրական աշխատածի 20-25
տոկոսը տաս «օբյեկտի» տիրոջը:
Վիրտուալ այս խաղը ծրագրավորված է կոմպյուտերային տիպային խաղերի
սկզբունքով, որտեղ մեկը «սունկ» է ուտում եւ մի վայրկյանում «նախարարից»
դառնում «սուպերնախարար», մյուսի ճանապարհին բազմաթիվ փոսեր են լինում, եւ
նա ընկնում է «ուրիշ աշխարհ», երրորդը «աստղ» է բռնում եւ դառնում
անձեռնմխելի: Այս պարագայում «Մատրիցայի» վիրտուալ ընդդիմությանն ուզում
եմ զգուշացնել, որ սովորաբար երրորդ սայթաքումից հետո գրվում է՝ «game
over»: Իսկ վիրտուալ կրթության վիրտուալ նախարար Սերգո Երիցյանը, որն «իր
արեւին» արգելել էր «Վերջին զանգի» տոնակատարությունները, այդպես էլ չի
հասկացել. եթե իրեն կարելի է «լավ» ապրել, ապա ինչո՞ւ երեխաներին չի
կարելի լավ նշել իրենց կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկը:
Մի հետաքրքիր փաստ է միայն ինձ մխիթարում: Քանի որ այդ բոլոր ծրագրերը
գրվում են ԱՄՆ-ում, այսինքն՝ «happy end»-ի հայրենիքում, ես հույս ունեմ,
որ այս խաղում, որի անմիջական մասնակիցներն ենք մենք, շատ շուտով կգրվի
«you win», եւ մենք իրոք հաղթող դուրս կգանք այս վիրտուալ աշխարհից ու
նորմալ կապրենք իրական աշխարհում, մնացած ազգերի հետ: Կամ գոնե կանցնենք
հաջորդ «level» ու հարեւանների նման «բոնուսային» միավորներ կստանանք։