Պետք չէ շտապել

29/08/2008

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ հարցին, երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է. «Մեզ համար բարդ կացություն է։ Ինքնորոշման իրավունքը մեզ համար հարգելի է, մենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք իր ճակատագիրը սեփական կամքով տնօրինելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը։ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, իսկ համանախագահող մյուս երկու երկրներն էլ ճանաչել են Կոսովոյի անկախությունը։ Մյուս կողմից, խնդիրը վերաբերում է մեր հարեւան Վրաստանին, որի հետ բնականոն հարաբերությունները բխում են մեր երկրի կենսական շահերից։ Այս պայմաններում, կարծում ենք, Հայաստանը չպետք է շտապողականություն հանդես բերի, ինչպես վարվել է նաեւ Կոսովոյի դեպքում։ Հայաստանը նույնիսկ Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել, որովհետեւ սպառված չի համարել հարցը խաղաղ կարգավորելու միջազգային հանրության կարողությունը։ Կարծում ենք` Ռուսաստան-Վրաստան հակամարտության կարգավորման խաղաղ հնարավորությունները եւս չեն ավարտվել, եւ կարելի է ու պետք է ընթանալ այդ ուղով։ Հայաստանը չի կարող Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչումը քննարկել Ղարաբաղի հարցի կոնտեքստից դուրս»: