Ճգնաժամը շարունակվում է

29/08/2008

Հայաստանում շարունակվում է բենզինի ու հացահատիկի ճգնաժամը: Հացի գործարանների ու արտադրամասերի աշխատողներն արդեն մասնավոր զրույցներում ասում են, թե սեփականատերերը հազիվ են կարողանում ապահովել օրվա համար անհրաժեշտ ալյուրի քանակը: «Որպեսզի բենզինի նման դեֆիցիտ չլինի, սեւ-անորակ ալյուր ենք խառնում: Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ ալյուրի դեֆիցիտ կա՞ մեր երկրում, թե՞ ոչ: Պարզապես զգում եմ, որ մեր ցեխի տերը սովորականից շատ ալյուր է կուտակում»,- մեզ հետ զրույցում ասաց հացի արտադրամասերից մեկում աշխատող մի հացթուխ: Իսկ եթե անցած շաբաթ բենզալցակայանների առաջ մեքենաները մեկ շարքով էին հերթ կանգնած, ապա այս շաբաթ հերթի մեքենաները կրկնապատկվել են: Վարորդները խուճապի մեջ են, բենզալցակայաններն էլ առանց կտրոնի մեքենաները չեն լիցքավորում: Հերթում կանգնած վարորդներն իրար պատմում էին իրենց հանդիպած ու լսած գների մասին. տարբեր բենզալցակայաններում 1 լիտր բենզինը վաճառվում է 600, 800,1000, իսկ երեկ` արդեն 1200 դրամով: Որոշ բենզալցակայանների աշխատողներ ասում են, թե ունեն բենզինի բավարար քանակություն, սակայն այս օրերին առաջացած խուճապի պատճառով պահանջարկն է ավելացել, ինչը չեն կարող բավարարել: Իսկ բազմաթիվ բենզալցակայաններ բենզին չունենալու պատճառով ընդհանրապես չեն աշխատում: Կապի եւ տրանսպորտի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի փոխանցմամբ՝ երեկ ընդհանուր առմամբ Վրաստանից Հայաստան է տեղափոխվել 57 վագոն բեռ, որից 10 վագոնը բենզին է, 28-ը խառը բեռներ են, 19 վագոնն էլ ցորեն է: Իսկ նախորդ օրը տեղափոխվել է 72 վագոն բեռ, որից 43-ը՝ խառն ապրանքներ, 29 վագոնն էլ ցորեն է եղել: Բացի այդ, Ս.Տոնոյանի ասելով՝ եւս 10 վագոն բենզին այժմ բեռնված է Փոթի նավահանգստում, եւ գնացքը պատրաստվում է շարժվել: Ներկայումս Վրաստանի երկաթուղային ճանապարհին կա Հայաստան ներկրվող 191 վագոն բեռ: Դրանցից 92 վագոնը հացահատիկ է, 99-ը խառը ապրանքներ են: