«Western Union»-ը չի կարողացել հիմնավորել

29/08/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Western Union»-ն ընտրեց Ադրբեջա՞նը» հոդվածում անդրադարձել էինք ՀՀ Կենտրոնական բանկի որոշմանը՝ արգելել «Western Union» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաեւ՝ դրա հնարավոր խորքային պատճառներին եւ հետեւանքներին։

Միեւնույն ժամանակ, որոշ պարզաբանումների համար դիմել էինք ՀՀ ԿԲ, որ երեկ պատասխանեց մեր հարցերին։ Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր, թե ՀՀ ԿԲ-ն կոնկրետ այս ընկերության քայլերի մեջ տեսե՞լ է քաղաքական դրդապատճառներ՝ նկատի ունենալով ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի խոսքերը, թե «Western Union»-ի եւ դրամական փոխանցումներով զբաղվող այլ կազմակերպությունների համար հետեւանքները բավական ծանր կլինեն, եթե պարզվի, որ ԼՂՀ-ում նրանց գործունեության դադարեցումն ունի քաղաքական պատճառներ։ Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե հնարավո՞ր է արդյոք «Western Union»-ի նախագահի այցելությունը Հայաստան եւ բանակցություն ՀՀ ԿԲ-ի հետ, ինչպես եղել էր Ադրբեջանի պարագայում։

«ԿԲ-ն ուսումնասիրել է «Western Union» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի՝ հայկական բանկերի հետ աշխատանքների որոշակի սահմանափակումներ մտցնելու (մասնավորապես, բանկերի Արցախի մասնաճյուղերում փոխանցումներ կատարելը) հարցը: Այդ հարցը քննարկվել է Երեւան ժամանած «Western Union»-ի պատվիրակության հետ: Քննարկումների ժամանակ «Western Union»-ի ներկայացուցիչները պնդում էին, որ իրենց որոշումը քաղաքական չէ, այլ պայմանավորված է այն ռիսկով, որ իրենք տեսնում են տվյալ տարածաշրջանում: Համաձայն ՀՀ ԿԲ մոտեցումների, մենք համաձայնություն ենք տալիս ՀՀ տարածքում գործելու այն վճարային համակարգերին, որոնք կայացած են եւ իրենք ունեն ռիսկերի գնահատման եւ կառավարման կայուն ու գործուն համակարգեր: Քանի որ «Western Union»-ի ներկայացուցիչները չկարողացան որեւէ կերպ հիմնավորել այն ռիսկերը, որոնցից իրենք խուսափում են՝ սահմանափակելով գործառնությունները ԼՂՀ-ում գործող հայկական բանկերի բաժանմունքներում, ապա ԿԲ-ն ստիպված էր նման կամայական եւ համագործակցող սուբյեկտների միջեւ խտրականություն դնող որոշումներ կայացնող կազմակերպությանը համարել ռիսկային գործունեություն ծավալող, եւ համաձայն մեր գործող ուղեցույցերի՝ կասեցնել նրա գործունեությունը ՀՀ-ում»,- ասված է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության կողմից մեզ տրամադրված հաղորդագրության մեջ: Ավելին, պարբերությունն ավարտվում է հետեւյալ թափանցիկ ակնարկով. «Ավելացնենք նաեւ, որ ԼՂՀ-ն ունի փողերի լվացման դեմ օրենսդրություն եւ գործող մարմին, եւ դրանով էապես զսպվում են այն ռիսկերը, որոնք հատուկ են «Western Union»-ի նման ոչ բանկային վճարային համակարգերին»։

Մեր հաջորդ հարցն այն մասին էր, թե ինչո՞ւ է ՀՀ ԿԲ-ն դադարեցրել միայն «Western Union»-ի գործունեությունը, եթե ԼՂՀ տարածքում գործունեությունը դադարեցրել էր ոչ միայն այդ կազմակերպությունը, այլեւ «Money Gram»-ը եւ այլ համակարգեր։ Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ մյուս համակարգերի հետ հաջողվել է համաձայնության գալ, թե՞ նրանք կարողացել են հիմնավորել իրենց գործողությունները։ Այս հարցադրմանը ՀՀ Կենտրոնական բանկը պատասխանել է. «MoneyGram»-ի եւ այլ վճարային համակարգերի հետ դեռեւս պարզվում են դետալները, դրա համար դեռ վաղ է եզրակացություններ անել»:

«Ինչպե՞ս եք տեսնում ելքն այս իրավիճակից։ Փաստորեն, միջանկյալ տարբերակ չկա՞. WU-ն կամ պետք է աշխատի միայն Հայաստանում եւ ԼՂՀ-ում, կամ էլ միայն Ադրբեջանո՞ւմ» հարցին ՀՀ ԿԲ-ն գերադասել է չպատասխանել՝ նշելով, թե այն անհրաժեշտ է ուղղել հենց «Western Union»-ին։

Իսկ վերջին հարցին, թե արդյո՞ք դրամական փոխանցումներից մեծ եկամուտներ ստացող բանկերը չեն դժգոհել ԿԲ որոշումից` հաշվի առնելով, որ «Western Union»-ն առաջատար է ՀՀ կատարվող փոխանցումներով, Կենտրոնական բանկը պատասխանել է, որ ՀՀ բանկերն այդ առումով բողոքներ չեն արտահայտել։ Ի դեպ, հարցի ձեւակերպման հետ կապված՝ ԿԲ-ն հարկ է համարել նշել, որ «Western Union»-ը ՀՀ բանկային փոխանցումներով առաջատար չէ՝ տրամադրելով որոշ տվյալներ այդ դաշտի վերաբերյալ։

Մասնավորապես, ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2008թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ փոխանցումների ծավալով «Western Union» համակարգը զբաղեցրել է երրորդ տեղը ՀՀ դրամական փոխանցումների շուկայում։ Այդ ժամանակահատվածում «Western Union» համակարգով կատարված փոխանցումները կազմել են 8.3 միլիարդ դրամ, որի շուրջ 88.7%-ը կամ 7.4 միլիարդը կազմել են Հայաստան մտնող տրանսֆերտները։ Հայաստանում դրամական փոխանցումների շուկայի առաջատարներն են «UNIStream» համակարգը՝ 39.3 միլիարդ դրամ 2008թ. առաջին եռամսյակի ընթացքում, եւ «Անելիքը»՝ 8.7 միլիարդ դրամ։

Ներկայումս, բացի ավանդական SWIFT համակարգից, արագ փոխանցումների ծառայություններ ապահովելու համար ՀՀ առեւտրային բանկերը մասնակցում են 17 միջազգային համակարգերի՝ «Western Union», «Money Gram», «Anelik», «Unistream», «Բիստրայա պոչտա», «Interexpress», «Contact», «Lider», «Migom», ինչպես նաեւ՝ «Privat Money Transfer», «STB Express», «Faster», «Բլիզկո», «Ժիվիե դենգի» եւ այլն։ Բացի սրանցից, մասնավոր դրամական փոխանցումներ իրականացնում են նաեւ մի շարք ոչ բանկային կազմակերպություններ՝ «Հայփոստ», «ԹելՍելլ», «Դեպի Տուն», «Էլվեր», «Փարվանա» վճարահաշվարկային համակարգ, «Տանդեմ Փեյմինթս», «Մեգա Պանտերա» եւ «ՕՍՄՊ»։