Հավաքել են վրանները

29/08/2008

Ըստ «Ա1+»-ի` Հյուսիսային պողոտայում նստացույց հայտարարածները երեկ իրենց օրը սկսեցին պողոտայից իրենց ներքնակներն ու ծածկոցները հավաքելով: Ոստիկանները նախօրեին, ուշ երեկոյան նստացույցի մասնակիցներին մինչեւ երեկ առավոտյան 9:00-ն ժամանակ էին տվել` պաստառներն ու վերմակները դուրս բերելու համար: Հակառակ դեպքում ոստիկանները սպառնացել էին ուժի կիրառմամբ պողոտան ազատել եւ՛ ցուցարարներից, եւ՛ նրանց պատկանող իրերից: Հետեւելով Համաժողովրդական շարժման առաջնորդների կոչին` նստացույցի մասնակիցները զերծ մնացին ոստիկանների հետ բախումից եւ կատարեցին նրանց պահանջը: «Այստեղ մարդիկ շուրջօրյա նստացույց են անում եւ մի փոքր հանգստանալու կարիք ունեն, որը նրանց սահմանադրական իրավունքն է: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ նստացույց անցկացնում են վրաններով, ներքնակներով: Մեր իշխանություններն ընդամենը ցանկանում են ծանր պայմաններ ստեղծել` հույս ունենալով, որ չենք դիմանա այդ պայմաններին եւ դուրս կգանք Հյուսիսային պողոտայից: Թող չանհանգստանան` մենք քարերի վրա էլ կարող ենք լուսացնել: Եթե իրենց ծեծն ու սպանությունները մեզ չահաբեկեցին, ոչինչ մեզ չի կարող հետ պահել մեր արդար պայքարից»,- «Ա1+»-ին ասել է նստացույցի մասնակիցներից Օֆելյա Մարգարյանը: Նախօրեին Հյուսիսային պողոտայից տարել էին նաեւ այն սեղանները, որոնց վրա նստացույցի մասնակիցներն իրականացնում էին Հայ Ազգային կոնգրեսին անդամակցելու ստորագրահավաքը: Երեկ ստորագրահավաքն ընթանում էր առանց սեղանների: «Ոստիկաններն ինձ արգելեցին ստորագրահավաքի ցուցանակը պողոտայում որեւէ տեղ փակցնել, եւ ես այն ինձ վրա եմ փակցրել: Ասեմ, որ քորոցը, որով այն փակցրել եմ` ոստիկաններն իրենց գլխարկից են հանել տվել: Եվ ընդամենը 15 րոպե է, փակցրել եմ այս ցուցանակը, եւ արդեն 6 քաղաքացի եկել եւ անդամագրվել է ՀԱԿ-ին: Միեւնույն է` ՀՀ-ում տեղի են ունենալու նոր ընտրություններ, եւ մենք կրկին հաղթելու ենք եւ ամրագրելու ենք մեր հաղթանակը»,- ցույց տալով անդամագրվածների անունները` ասել է Իրաիդա Մինասյանը: