Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում կառուցվող շաքարի գործարանը շահագործման կհանձնվի 2009թ.: Այն կունենա 700-1000 աշխատատեղ եւ տարեկան կարտադրի շուրջ 100.000 տոննա շաքար: Ներկայումս ընթանում են գործարանին անհրաժեշտ սարքավորումների ստացման, տեղադրման եւ մոնտաժման լայնածավալ աշխատանքներ: Շիրակի մարզպետարանի Գյուղվարչության գլխավոր մասնագետ Գառնիկ Սիմոնյանն «Արմենպրեսին» հայտնել է, թե գործարանում մեկ օրում կվերամշակվի 3000 տոննա ճակնդեղ. սկզբում՝ տեղական հումքը, այնուհետեւ՝ ներմուծվող կիսաֆաբրիկատը: Գ. Սիմոնյանի խոսքերով` գալիք տարում շուրջ 2500-3000 հա-ի համար աշխատանքային պայմանագրեր կկնքվեն այն գյուղացիական տնտեսությունների հետ, ովքեր ցանկություն կհայտնեն զբաղվելու շաքարի ճակնդեղի մշակությամբ: Նրանց կտրամադրվեն վարկեր` սերմացուի, վառելիքի, ինչպես նաեւ՝ դրամի տեսքով: Նշենք, որ ՀՀ կառավարությունն ընդունել է «ՀՀ ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը», որը նպատակաուղղված է հանրապետության պարենային հաշվեկշռում տվյալ ճյուղի զարգացմանն ու տեղական շաքարի արտադրության ավելացմանը: Ի դեպ, այս գործարանը կառուցում է շաքար ներկրող միակ գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: