Երեւի յուրաքանչյուրս էլ հանդիպած կլինենք այնպիսի խնդրի, որպիսին այտուցն է, օրինակ` դեմքի կամ ոտքի: Մարմնի այս կամ այն մասի այտուցի մի քանի պատճառ կարող են լինել` երակների փականային ապարատի աշխատանքի խանգարման դեպքում: Այտուցի այս ձեւը հիմնականում բնորոշ է երակների լայնացումով հիվանդներին: Ցելյուլիտի դեպքում եւս հնարավոր են այտուցները: Սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խանգարման հետ կապված եւս հնարավոր են այտուցներ: Ալերգիաները նույնպես կարող են պատճառ հանդիսանալ այտուցների: Ալերգիաներից առաջացած այտուցները կարող են նաեւ ուղեկցվել ցանով ու քորով: Ամենատարածվածը Քվինկեի այտուցն է, որն արտահայտվում է շրթունքների, պարանոցի վրա, որն էլ իր հերթին կարող է առաջացնել շնչարգելություն: Այտուցը ոչ միշտ է, որ տագնապ է հիվանդության մասին: Այն կարող է լինել նաեւ առողջ մարդկանց մոտ: Օրինակ, երբ կանայք ամբողջ օրվա ընթացքում գտնվում են բարձրակրունկ կոշիկի վրա: Կամ` աչքերի շուրջ կարող են այտուցներ առաջանալ միայն լաց լինելուց:
Սրտային երիկամային, երակային այտուցների դեպքում արդյունավետ միջոց կարող են հանդիսանալ միզամուղ պրեպարատները: Բայց երբեք չպետք է մոռանալ, որ այտուցը ոչ թե հիվանդություն է, այլ հետեւանք, ուրեմն պետք է բուժել հիվանդությունը, այլ ոչ թե` հետեւանքը: Իսկ ճիշտ բուժումը կարող է իրականացնել միայն մասնագետը: