Դմիտրի Մեդվեդեւը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը, ճանաչելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, մտադիր չէ միջամտել նախկին ԽՍՀՄ-ի տարածքի մյուս հակամարտություններին: Նա նաեւ կոչ է արել Արեւմուտքին՝ նոր հակամարտություն չբորբոքել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: «Իսկ ինչ վերաբերում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ Վրաստանի հակամարտությունների շուրջ ստեղծված իրադրությանը, ապա ամեն ինչ Արեւմուտքի ձեռքում է՝ եթե դրանից նոր հակամարտություն չբորբոքվի: Եթե ելնելու լինենք պրագմատիկ դիրքերից, ապա ամեն ինչ նորմալ կլինի: Մենք ունենք տարաձայնություններ, բայց դրանք ճակատագրական չեն»,- ասել է նա:
Մի քանի օր է, ինչ սկսվել են Գյումրի-Կարս երկաթգծի 12 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքները` կապված սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման հետ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Գյումրի» երկաթուղային կայարանի փոխտնօրեն Վալերի Մուրադյանն ասել է, որ աշխատանքները պետք է ավարտված լինեն սեպտեմբերի 5-ին: Աշխարհի առաջնության ընտրական փուլում երկու երկրների հավաքականների հանդիպումը կարող է առիթ հանդիսանալ, որ 15 տարվա ընդմիջումից հետո վերագործարկվի Գյումրի-Կարս երկաթգիծը: Պաշտոնապես, սակայն, երկաթգծի հնարավոր վերագործարկման մասին որեւէ հայտարարություն չի եղել: «Գիծը մինչեւ Ախուրյան կայարանն աշխատել է: Այսօր, քանի որ հնարավոր է՝ պահանջներն ավելանան, դրա համար, կարելի է ասել, կապիտալ վերանորոգում է գնում»,- ասել է նա: Վերանորոգվող 12 կիլոմետրանոց հատվածի 3 կիլոմետրն Ախուրիկից մինչեւ թուրքական առաջին կայարանն ընկած հատվածն է: Հարցին, թե արդյոք թուրքական կողմի՞ց էլ վերանորոգման աշխատանքներ են կատարվում, Վալերի Մուրադյանը պատասխանել է. «Կարող է՝ կատարվում է: Մենք առայժմ որեւէ տեղեկություն չունենք: Հնարավոր է նաեւ, որ իրենց գիծը նորմալ լինի»: