ՌԴ-ն դառնում է աշխարհի տիրակա՞լ

29/08/2008

Սովորաբար գուշակների ու մարգարեների խոսքերը կշիռ են ձեռք բերում այն պահին, երբ նրանց ենթադրություններն իրականություն են դառնում: Կամ էլ գոնե` հնարավոր է դառնում դրանք հարմարեցնել արդեն իսկ կատարված փաստերին: Բուլղար գուշակ Վանգելիա Գուշտերովայի (Վանգա) գուշակությունները հայտնի են վաղուց: Հիմնականում կույր գուշակուհին «տեսել» է ապագայում կատարվելիք աղետներն ու պատերազմները: 2001թ. սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչությունը մարդիկ կապեցին Վանգայի այն կանխատեսման հետ, որն այսպես էր հնչում. «Ամերիկյան եղբայրները վայր կընկնեն, քանի որ նրանց կկտցահարեն երկաթե թռչունները: Կոռնան գայլերն ու անմեղ արյուն կթափվի»: Այս օրերին ռուսական ԶԼՄ-ներից շատերն անդրադառնում են Վանգայի այն կանխատեսումներին, որոնք կապվում են Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ ՌԴ-ի հետ: Ստացվում է, որ Վանգան 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը տեսել է 2010թ., երբ 4 պետությունների ղեկավարների վրա մահափորձեր կիրականացվեն, եւ ՌԴ-ն այլեւս ոչ մի արգելք չի ունենա եւ աշխարհի տիրակալ կդառնա: «ՌԴ-ն կրկին «կնիհարի» ու իր արժանի տեղը կզբաղեցնի քարտեզի վրա: Ամենափրկիչ Վլադիմիրը Ռուսաստանը կդարձնի ծաղկուն ու բարգավաճ երկիր»,- իբր այդպես է ասել 20-րդ դարի ամենահայտնի գուշակուհին, որն, ի դեպ, կանխատեսել է նաեւ, որ 2018թ. մարդկությունը կյանք կգտնի տիեզերքում ու կհրաժարվի նավթից, քանի որ կգործածվի միայն արեւային էներգիան: Նույնիսկ ինքնաթիռներն այլեւս «սեւ» վառելիքի կարիքը չեն ունենա: Վանգայի գուշակություններն այնքան շատ են եղել, որ դժվար չէ դրանց մեջ չտեսնել ճշմարտության գոնե որոշակի տոկոսը: Որպես կանոն՝ իրականություն չդարձած գուշակությունների մասին լրատվամիջոցները գերադասում են չհիշել: