«Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը «Անտառվերականգնման եւ պահպանության» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության եւ Ճապոնական 2KR դրամաշնորհի հաշվին (շուրջ 1,3 մլրդ դրամ) գարնանամուտից մինչ օրս անտառատնկման եւ վերականգնման աշխատանքներ է կատարել հանրապետության 18 անտառտնտեսությունների (Արմավիրի եւ Արարարատի մարզերից բացի) ավելի քան 4000 հա անտառատարածքներում: Կազմակերպության գլխավոր անտառագետ Ռուբեն Պետրոսյանն «Արմենպրեսին» ասել է, թե ավելի քան 2 մլն անտառային ծառատեսակներ եւ սերմնաբուսակներ են տնկվել Ծաղկաձոր, Ապարան քաղաքների շրջակայքում, Կոտայքի (Նաիրի տարածաշրջան), Լոռու (Վանաձոր 250 հա), Տավուշի (Իջեւանի տարածաշրջան) եւ Սյունիքի մարզերի անտառտարածքներում: Բնական աճի, անտառկուլտուրաների լրացման, բնաշիվային վերականգնման աշխատանքներ են կատարվել Գուգարքի, Սիսիանի, Ճամբարակի, Սեւքարի, Գորիսի, անտառտնտեսություններում: Բացի վերոհիշյալից, Երեւանի Նուբարաշենին հարող 30 հա տարածքներում, ջրագծերի անցկացման եւ ցանկապատման աշխատանքներին զուգահեռ, տնկվել են 23.000 տնկիներ: Անտառլրացման աշխատանքներ են կատարվել նաեւ «Երեւան-Սեւան» եւ «Հրազդան-Ծաղկաձոր» մայրուղիների շուրջ 500 հա ծառազուրկ հատվածներում: Տնկիներն ու սերմնաբուսակները, որոնք աճեցվել են 18 անտառտնտեսություններին կից օժանդակ տնկարաններում, լիովին բավարարել են եղած պահանջարկը: Ըստ Ռ.Պետրոսյանի` մինչեւ աշնանամուտ կվերականգնվի եւս 57 հա անտառտարածք: Նշենք, որ 2007թ. վերոհիշյալ ծրագրի շրջանակներում վերականգնվել են 7240 հա անտառտարածքներ: