Թուրքական դիվանագիտության համար Վրաստանի ձախողված ռազմարշավը օս ժողովրդի հանդեպ մի նոր հնարավորություն է բացում` Անդրկովկասի ժողովուրդներին իր աշխարհաքաղաքական դաշտում պահելու, նրանց նկատմամբ դոմինանտության հաստատման ուղղությամբ: Նախ զարմանալիորեն ակտիվացել էր Թուրքիայի վարչապետը` Ռ. Էրդողանը: Նա փորձեց Վրաց-օսական պատերազմի թեժ պահին, այցելելով Մոսկվա, Թուրքիայի «չեզոքության, Բոսֆորը փակ պահելու» դիմաց «ձեռք գցել» Նախիջեւանը: Բոսֆորին, որպես թուրքական դիվանագիտության զորեղ խաղաքարտի, մենք դեռ կանդրադառնանք: Իսկ առայժմ դառնանք վրաց-թուրքական ռազմաքաղաքական համագործակցությանը: Լինելով ՆԱՏՕ-ի գլխավոր հենարանն Արեւելքում` Թուրքիան, վերջին 5-6 տարիների ընթացքում հատկապես, զգալի ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերել Վրաստանին (ըստ վերլուծաբանների՝ դրանց ծավալները կազմում են մոտ 480 մլն ԱՄՆ դոլար): Թուրքիան այդ ընթացքում ձեռք է բերել Վազիանիի, Մառնեուլի եւ Բաթումի ռազմաբազաների նկատմամբ լիիրավ վերահսկողություն: Թուրքական կողմի աջակցությամբ Վրաստանն Իսրայելից գնել է 20-ից ավելի անօդաչու հետախուզական ինքնաթիռներ: Չնայած աբխազական ուղղությամբ վրացիները վերջերս կորցրեցին 3 այդպիսի ինքնաթիռներ, իսկ Օսեթիայի երկնքում կործանվեցին եւս 2-ը, այնուամենայնիվ, Վրաստանը շարունակում է Իսրայելից ստանալ թռչող անօդաչու հետախուզական ինքնաթիռներ: Դեռ ավելին, ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրների ղեկավարների վերջերս Բաթումում կայացած գագաթաժողովի ժամանակ Վրաստանն Ադրբեջանին առաջարկել եւ վարձավճարով հանձնել է 2 այդպիսի իսրայելական արտադրության անօդաչու հետախուզական ինքնաթիռներ: Դրանք, ըստ ականատեսների, այնքան են «դուր եկել» Ի. Ալիեւին, որ վերջինս Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է Իսրայելի «SILVER ARROW» ընկերությունից գնել 10 հատ բազմապրոֆիլային հետախուզական «HERMES 450» տիպի ինքնաթիռներ: Իհարկե դրանք գնվում են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի օդային տարածքներում, ինչպես նաեւ Իրանի սահմանամերձ շրջաններում հետախուզական նպատակներով օգտագործման համար: Բնականաբար, ՀՕՊ ծառայության Արցախի ուժերն իրենց մարտական ունակությամբ եւ նշանառությամբ չեն զիջի օսական եւ աբխազական համապատասխան ուժերին: Վրաստանի կողմից իրականացվող այդպիսի ռազմական քաղաքականությունը ՎՈՒԱՄ շրջանակներում լուրջ վտանգ է հանդիսանում Հարավային Կովկասի երկրների անվտանգության համար: Վրաստանը ցանկանում է ՎՈՒԱՄ-ը վերածել ռազմաքաղաքական բլոկի` իր տարածքային խնդիրները լուծելու ակնկալիքով: Սակայն չպետք է մոռանալ նաեւ, որ ՎՈՒԱՄ-ում քաղաքական եւ ռազմական գլխավոր խորհրդականները հանդիսանում են ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ Թուրքիայի փորձագետները: Օսեթիայում վրացական ռազմական ագրեսիայի ձախողումից հետո պետք է ակնկալել, որ ՎՈՒԱՄ-ի մաս կազմող Մոլդովան (ի դեպ, վերջինիս նախագահ պարոն Վորոնինը վերոհիշյալ Բաթումյան գագաթաժողովին չէր մասնակցում) այնուամենայնիվ, կփորձի դուրս գալ ՎՈՒԱՄ-ից: Սպասենք իրադարձությունների նման զարգացմանը: Անդրադառնալով Վրաստանի` տարածաշրջանում ապակառուցողական, արկածախնդրային քաղաքականության իրագործմանը, պետք է փաստենք նաեւ, որ վրացական կողմն իր բոլոր ջանքերը ներդրել է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական վերջերս նկատվող ակտիվ քաղաքական եւ դիվանագիտական շփումներն ի չիք դարձնելու համար: Կարծիք կա, որ Գորի քաղաքի (Կասպիի) մոտ օգոստոսի 16-ին պայթեցված երկաթուղային կամուրջը հենց Վրաստանի հատուկ ծառայությունների ձեռքի գործն էր: Եվ շատ հայրենական վերլուծաբանների ուշադրությունից կարծես դուրս մնաց այդ փաստը, այն առումով, որ հայ եւ ադրբեջանցի երկաթուղայինների համատեղ կատարած անշահախնդիր, միասնական եւ օպերատիվ աշխատանքների արդյունքում երկաթուղային կամուրջը շուտով կվերագործարկվի: Երկաթուղային կամրջի պայթեցումը վրացական քաղաքական ղեկավարության համար հակառակ արդյունք ունեցավ: Այն ավելի որոշակի դարձրեց այն հանգամանքը, որ Վրաստանն իր վերջին տարիների ռազմաքաղաքական արկածախնդրությամբ պատուհաս է դարձել ոչ միայն Աբխազիայի, Օսեթիայի, այլեւ Ադրբեջանի եւ Հայաստանի համար: Վրացական կողմն այսուհետ եւս ամեն ջանք կգործադրի` Հայաստանն իրենից «թույլ տեսնելու», հայկական արտաքին քաղաքական հարցախնդիրներն անլուծելի դարձնելու ուղղությամբ: Վրաստանում առկա են հակահայկական տրամադրություններ, պահպանվում է լարված իրավիճակը Ջավախքում, շարունակվում են հայկական եկեղեցիների «սեփականաշնորհումները»: Առավել եւս, Վրաստանը թույլատրել է իր տարածքով անցկացնել Բաքու-Ախալքալաք-Ղարս երկաթգիծը. դրանով փորձ է կատարվելու խորացնել Հայաստանի շրջափակումը եւ մեկուսացումը: Ցավալին այն է նաեւ, որ Վրաստանի այդ քաղաքականությանը լծված են նաեւ Հայաստանի ԱԺ ջավախահայ պատգամավորները: Ցանկանում եմ նշել, որ վրացական զինված ուժերը մինչեւ Վրաց-օսական պատերազմը համարվում էին տարածաշրջանի ամենամարտունակ բանակը. եւ դա փաստ էր: Շնորհիվ ռուսական զինված ուժերի գործողությունների` Վրաստանի ռազմական ներուժը ջախջախված է, եւ այդ մասին ավելի մանրամասն ես անդրադարձել էի իմ նախորդ հոդվածում: Վրացական զինված ուժերի առայժմ ոչնչացումը, չնայած ոչ ամբողջովին, Հայաստանի համար, թերեւս, Վրաց-օսական պատերազմի արդյունքում ձեռք բերված գլխավոր հաջողությունն է: Անդրադառնալով թուրքական դիվանագիտության հաղթանակներին Վրաց-օսական պատերազմի արդյունքում` արժե նշել, որ Թուրքիան «առ ոչինչ» ստանալով Մոսկվայից` բացեց իր գլխավոր խաղաքարտը` Բոսֆորի նեղուցը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առջեւ, որոնք մարդասիրական օգնության անվան տակ ռազմական տեխնիկա եւ ռազմամթերք են հասցնում «խորտակվող» Վրաստանին: Թուրքիան մի քիչ ձախողվեց իր հաշիվներում, քանզի Աթաթուրք-Լեւ Տրոցկի մասոնական եղբայրությունը Ռուսաստանի ներկա ղեկավարությանը դույզն-իսկ չի հուզում: Թուրքիան «անառակ կնոջ նման» վերադարձավ եւ ընկավ իր տիրոջ` ԱՄՆ-ի գիրկը, այս անգամ իր ծառայությունները պատրաստ մատուցելու իր մյուս հարեւանի` Իրանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի «սուրբ» գործին: Թե ի՞նչ կստանա ամերիկա-իրանական հնարավոր պատերազմից Թուրքիան` առայժմ կդժվարանամ ասել, բայց որ հաստատ Թուրքիայի վիճակը մի բանի նման չի, դա արդեն փաստ է: Առավել եւս, շուտով Թուրքիան ինքը «կստանա» իր Օսեթիան` ի դեմս օր օրի ինքնիշխանություն հաստատող Քրդստանի: Այս ֆոնին, պոպուլիստ չերեւալու ակնկալիքով, նշեմ միայն, որ Թուրքիայի նախագահի («Մեծն Սուլթանի») ֆուտբոլային այցը Հայաստան կհետաձգվի եւ այն էլ՝ շատ երկար ժամանակով: Այնքան, որքան Թուրքիան է պետք մեզ, տասնապատիկ անգամ Հայաստանն է պետք Թուրքիային, եւ դա չպետք է մոռանալ: