Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ից կնախապատրաստվի սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ մեր ընտրանին այդ ընթացքում Երեւանում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Նախատեսվում է, որ մեր թիմի բոլոր լեգեոներները Երեւան կժամանեն արդեն օգոստոսի 31-ին:
Թուրքիայի հետ հանդիպմանը մեր թիմին, հնարավոր է, չկարողանան օգնել Երեւանի «Արարատի» երկու ֆուտբոլիստներ` բրազիլացի Մարկոսը եւ Արթուր Մինասյանը: Վերջինը ծանր վնասվածք է ստացել, իսկ Մարկոսին ՖԻՖԱ-ն գուցե չթույլատրի այլեւս հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, քանի որ ՖԻՖԱ-ի վերջերս կայացրած որոշման համաձայն` արտասահմանցի ֆուտբոլիստները պետք է առնվազն 5 տարի խաղան տվյալ երկրի առաջնությունում, որպեսզի հնարավորություն ունենան հանդես գալ այդ երկրի հավաքականում: Այս առնչությամբ ՀՖՖ-ի եւ ՖԻՖԱ-ի միջեւ ընթանում են բանակցություններ: Նշենք, որ Մարկոսը Հայաստանի հավաքականում առաջին անգամ ընդգրկվել էր այս տարվա մայիսին Մոլդովայի ընտրանու հետ հանդիպմանը մասնակցելու համար: Այդ ժամանակ դեռեւս չէր գործում ՖԻՖԱ-ի նշված օրենքը: