Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին երեկ ոչ պաշտոնական կարճատեւ այցով Թբիլիսիից եկել է Երեւան, եւ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի եւ մի քանի հ/կ-ների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում, ինչպես փոխանցեցին ԵՄ երեւանյան գրասենյակից, քննարկվել են հիմնականում ներքաղաքական հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ: Պ.Սեմնեբին ընդդիմության ներկայացուցիչներից հետաքրքրվել է ԵԽ 1620 բանաձեւի պահանջների կատարման ընթացքից, մասնավորապես, թե ինչպես են ՀՀ իշխանություններն արձագանքում քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու մասին իրենց կոչերին: Քննարկվել են նաեւ հանրահավաքի իրավունքի արտոնման խնդիրները: Նրանք խիստ մտահոգված էին հատկապես վերջին շրջանում լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններից եւ դրանց անպատիժ մնալուց: