Մեկնաբանելով մամուլում շրջանառվող կարծիքները, որ Վրաստան-Ռուսաստան հակամարտության հետեւանքով ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ աշխատանքն անիմաստ է, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը երեկ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «ԱՄՆ քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվել»: Հիշեցնենք, որ նման հայտարարության հեղինակը ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի եվրասիական քաղաքականության գծով ծրագրերի տնօրեն Զեյնո Բարանն է, ով Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզայի կինն է: «Այդ հայտարարությունն արված չէ ԱՄՆ պաշտոնյայի կողմից եւ չի արտացոլում ԼՂ-ի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը, որը փոփոխության չի ենթարկվել»,- վստահեցրել է Ջ.Փենինգտոնը: