Բենզին կա, բայց չկա

27/08/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանում վերջին օրերին նկատվող բենզինի սղությունը լուրջ խուճապ է առաջացրել վարորդների շրջանում: Մի քանի բենզալցակայանների դիմաց հերթեր են գոյացել. իսկ շատերի դիմաց փակցված է «բենզին չկա» վերտառությամբ գրությունը:

Եթե երկու օր առաջ հնարավոր էր հաջողացնել եւ գոնե 5-10 լիտր բենզին գտնել, ապա երեկ ընդհանրապես բենզին չէր վաճառվում: Որոշ բենզալցակայաններում երեկ բենզին վաճառում էին միայն կտրոններով: Վարորդներից ոմանք դժգոհում էին, որ բենզինի մեկ լիտրի արժեքը երեկ դարձել էր 1000-1500 դրամ: Այն դեպքում, երբ նախկինում այն տատանվում էր 400-450 դրամի սահմաններում (կախված տեսակից): Բենզալցակայանների աշխատակիցներն, իհարկե, հերքեցին բենզինի թանկացման փաստը` ցույց տալով գնի վահանակը: Նրանք հավաստիացնում են, որ բենզին չկա եւ վերջ: Վարորդներն էլ, սակայն, պնդում են, որ բենզին հաջողվում է գնել, այսպես ասած` «տակից» եւ այն էլ` լիտրը` 1000-1500 դրամով: «Այսօր երկու ժամ հերթ կանգնեցի, մինչեւ հինգ լիտր բենզին կարողացա ձեռք բերել, որ հասնեմ աշխատանքի: Վաճառքը միայն կտրոններով էր իրականացվում: Բայց կարծում եմ, որ լավ էլ կա բենզին, ուղղակի իրենց ծանոթ-բարեկամների համար են պահում: Անծանոթներին էլ, առիթից օգտվելով` բենզինը մեկին երեք վաճառում են»,- ասաց վարորդ Արթուրը, ով արդեն մտածում է մեքենան ավտոտնակում կանգնեցնելու եւ երթուղայինով երթեւեկելու մասին: «Բա որ պատահաբար փողոցում բենզինը վերջանա, ոչ մի տեղ էլ բենզին չլինի՞: Կամ էլ կարելի է հեծանիվ գնել, դրանով գնալ աշխատանքի: Գոնե բենզինի խնդիր հաստատ չեմ ունենա»,- ասում է նա: Ի դեպ, հարկ է նշել, որ երեկ բազմաթիվ մարդիկ հավաքվել էին «Ֆլեշ» ընկերության դիմաց` փորձելով բենզինի կտրոններ ձեռք բերել: Սակայն ոչ բոլորն այնքան երջանիկ գտնվեցին, որպեսզի կտրոն ստանան: Կտրոնները բաժանվեցին միայն այն մարդկանց, ովքեր նախապես դեռեւս օրեր առաջ էին համապատասխան մուծումներ արել: Ընկերության դռան վրա մեծ տառերով երեկ գրված էր` «Կանխիկ դրամով վաճառք չի իրականացվում»:

Եվ չնայած բենզինի սղության հետ կապված ակնհայտ խուճապին` պատկան մարմինները շարունակում են հավաստիացնել, որ ամեն ինչ կարգին է, եւ Հանրապետությունում բենզին կա:

Մասնավորապես` ՀՀ վարչապետի խորհրդական, օպերատիվ շտաբի քարտուղար Գագիկ Մարտիրոսյանը երեկ փորձել է այս «դիֆիցիտը» բացատրել նրանով, թե բենզինը փոքր քանակությամբ վաճառելն ավելի շատ զգուշավորության արդյունք է: «Վաճառողները, ելնելով զգուշավորությունից, ձգտում են ավելի քիչ վաճառել, գնողներն` ավելի շատ գնել»,- ասել է Գ. Մարտիրոսյանը` ավելացնելով, թե ակնկալվում է, որ 2-3 օր հետո արդեն առկա լարվածությունը կվերանա, եւ այս շաբաթվա վերջում վառելիքի շուկայում վիճակը կլավանա, քանի որ Գորի-Թբիլիսի երկաթգծի` Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող երկաթուղային կամրջի համար այլընտրանքային հանդիսացող կամրջով արդեն սկսվել է հայկական բեռների, այդ թվում եւ՝ վառելիքի տեղափոխումը Հայաստան: «Այս շաբաթվա ընթացքում վառելիքի ներկրումը Հայաստան բնականոն ռիթմ կստանա: Բացի այդ` Բաթումից առաջիկա 2-3 օրերի ընթացքում Հայաստան կհասցվի վառելիքի նոր խմբաքանակ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը` հավելելով, որ բնականոն հունով շարունակում են Հայաստան տեղափոխվել բեռները նաեւ Հայաստանի հարավով: Հարկ է նշել, սակայն, որ երեկ Վրաստանի երկաթգիծը հրդեհի հետեւանքով կրկին վնասվել էր:

Մեզ հետ հեռախոսազրույցում ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղար Սուսան Տոնոյանը նշեց, որ հրդեհի հետեւանքով բեռնափոխադրումները դեպի Հայաստան նորից կանգ են առել, սակայն կարճ ժամանակով, քանի որ, ըստ նրա` հաջողվել է շատ արագ կերպով այդ գիծը վերականգնել: «Տրանսպորտի եւ կապի նախարարությունն անընդհատ հեռախոսային կապի մեջ է երկակաթգծի պատասխանատուների հետ: Ներկայումս ճանապարհին է 35 վագոն ցորեն, որն ամեն վայրկյան կարող է մտնել Հայաստան (երեկ կեսօրի դրությամբ): Հիմա պարզապես բեռների փոխադրման գրաֆիկ է կազմվում, ամեն պահի կարող է վերականգնվել բեռնափոխադրումների բնականոն հունը: Ներմուծվող ապրանքներից առաջնահերթությունը տալիս ենք ցորենին ու բենզինին: Ներկայումս Բաթումում 10 վագոն բենզին ունենք, որը նույնպես ամեն վայրկյան կարող է մտնել Հայաստան: Իհարկե, ամենատարբեր ապրանքատեսակներ պետք է ներմուծվեն, սակայն առաջնահերթ համարվում են ցորենն ու բենզինը»,- հավաստիացրեց նա:

Ի դեպ, համապատասխան մարմինները պնդում են, որ Հայաստանում պահուստավորված բենզին կա: Սա չեն հերքում նաեւ Արտակարգ իրավիճակների ՀՀ նախարարությունից: Սակայն, թե կոնկրետ որքա՞ն են բենզինի պաշարները` գաղտնի է պահվում, ինչպես պետական բոլոր ռեզերվները: Եվ չնայած նրան, որ պատկան մարմինները հայտարարում են, թե Հայաստանում բենզինի դեֆիցիտ չկա, եւ խորհուրդ են տալիս վարոդներին` խուճապի չմատնվել, սակայն փաստ է, որ այսօր հանրապետությունում բենզին չկա: Իսկ եթե այսպես թեկուզ մեկ օր էլ շարունակվի, բենզինի սղությունը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ պարզապես չկարողանան ավտոտնակներից դուրս բերել իրենց մեքենաները: