Արտասահմանում աշխատող մեր հայրենակիցներն իրենց հայաստանաբնակ հարազատներին գումարներ ուղարկելու համար այսուհետ չեն կարող օգտվել դրամական փոխանցումներով զբաղվող «Western Union» համակարգի ծառայություններից։
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 22-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշում է ընդունել արգելել ՀՀ տարածքում գործող բանկերի մասնակցությունը «Western Union» վճարահաշվարկային համակարգում։ Բանկերին հանձնարարվել է «Western Union» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի հետ կնքված պայմանագրերով նախատեսված կարգով լուծել այդ պայմանագրերը:
Պաշտոնական հիմնավորումն այն է, որ այդ որոշումը նպատակ ունի զսպել բանկային ռիսկայնությունը, քանի որ «արձանագրվել են «Western Union» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի կողմից անհիմն եւ չպատճառաբանված կերպով ՀՀ տարածքում գործող բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթների խախտման դեպքեր, այն է` որոշ բանկերի մասնաճյուղերում դադարեցվել է սպասարկումը, ինչը կարող է խաթարել բանկերի բնականոն գործունեությունը, նրանց ֆինանսական վիճակը եւ հանգեցնել անկանխատեսելի իրավիճակների դրամական փոխանցումների հատվածում, ինչպես նաեւ՝ ազդել երկրի տնտեսական, ֆինանսական եւ իրական հատվածների վրա»:
ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած այս հայտարարությունը միգուցե թույլ չի տալիս հստակ պատկերացում կազմել՝ «Western Union»-ի պես բավականին լուրջ եւ հեղինակավոր ընկերության գործունեությունն արգելելու խորքային պատճառների մասին։ Սակայն այն ընթերցողները, ովքեր հետեւել են վերջին շրջանի ֆինանսական ոլորտի նորություններին, միանգամից հասկացան, որ ՀՀ ԿԲ այս որոշումն ուղղակի պատասխան էր՝ «Western Union»-ի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գործունեությունը դադարեցնելու քայլին։ Հիշեցնենք, որ «Western Union», «MoneyGram» եւ դրամական փոխանցումներով զբաղվող մի շարք այլ համակարգեր մոտ 10 օր առաջ դադարեցրին համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող բանկերի հետ։ Դա տեղի ունեցավ ադրբեջանական կողմի ճնշման տակ, որոնք փակուղու առաջ էին կանգնեցրել այս ընկերություններին՝ արգելել նրանց գործունեությունն Ադրբեջանում այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դադարեցրել գործել ԼՂՀ-ում։ Այս ընկերությունները տեղի էին տվել ճնշմանը՝ հստակ գիտակցելով, որ իրենց այդ քայլը կհարուցի հայկական կողմի դժգոհությունը։
ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն այդ առիթով մեր թերթին տեղեկացրել էր, որ իրենք ուսումնասիրում են իրավիճակը։ Նա հավաստիացրել էր, որ, եթե պարզվի, որ «Western Union»-ը եւ մյուսները քաղաքական պատճառներով են նման որոշում կայացրել, ապա մեր պատասխանը չի ուշանա եւ կունենա ծանր հետեւանքներ այս ընկերությունների համար։ «Եթե իրենք չկարողանան նորմալ բացատրություններ տալ, ապա մենք դա կարող ենք մեկնաբանել՝ որպես քաղաքական շարժառիթ»,- ասել էր Վ. Գաբրիելյանը։
Պատասխանը, ինչպես տեսնում եք, արդեն տեսանելի է եւ շատ ադեկվատ։ Սակայն հարցական է մնում, թե որոշումն ինչո՞ւ է ընդունվել միայն «Western Union»-ի մասով, եթե ԼՂՀ տարածքում գործունեությունը դադարեցրել են նաեւ այլ կազմակերպություններ։ «Դրամական փոխանցումների համակարգերը շատ են, եւ մենք աշխատում ենք բոլոր համակարգերի հետ այդ պատմությունը հասկանալ. ո՞րն է աշխատում, որը` ոչ, եթե չի աշխատում` ապա երբվանի՞ց, ի՞նչ պատճառով, եւ միջոցներն ինչպիսի՞ն են։ Երբ վերջնական տվյալները լինեն, մենք կտեղեկացնենք։ Հիմա մենք այդ ամենն ուսումնասիրում ենք, եւ շուտով դուք կտեսնեք, թե ինչ պատասխան կլինի մեր կողմից»,- մոտ մեկ շաբաթ առաջ մեզ հետ զրույցում ասել էր Վ. Գաբրիելյանը։
Փաստորեն, այս խոսքերից եւ միայն «Western Union»-ի գործունեությունն արգելելու որոշումից կարելի է եզրակացնել, որ կա՛մ ՀՀ ԿԲ-ն առայժմ հասցրել է ուսումնասիրել միայն «Western Unioon»-ի գործողությունները, իսկ մյուսների ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է, կամ էլ «MoneyGram»-ի եւ մյուս համակարգերի քայլերի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսել։ Հարկ է նշել, որ երկու տարբերակներն էլ արժանահավատ չեն։ Նախ ինքը՝ Վ. Գաբրիելյանը, նշել էր, որ վերջնական տվյալներ եւ եզրակացություն կլինի, երբ ԿԲ-ն ուսումնասիրի բոլոր համակարգերի գործողությունները։ Եվ երկրորդ, բոլոր այդ համակարգերի գործողությունները փոխկապակցված են, նրանց գործունեությունն Ադրբեջանում արգելվել է միաժամանակ, եւ նրանք միաժամանակ էլ դադարեցրել են համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի բանկային համակարգի հետ։ Այնպես որ` միամտություն կլինի կարծել, թե նրանց քայլերն ունեն տարբեր պատճառներ, եւ միայն «Western Union»-ի որոշումն է քաղաքական։ Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ հենց ա՛յս ընկերության գործունեությունն է ՀՀ ԿԲ-ն արգելել։ Տրամաբանությունը հուշում է միայն մեկ տարբերակ. ՀՀ Կենտրոնական բանկին հաջողվել է փոխհամաձայնության գալ դրամական փոխանցումներով զբաղվող մյուս բոլոր համակարգերի հետ, բացի «Western Union»-ից։ Եթե այսպես է, ապա չի բացառվում, որ մոտ օրերս տեղեկատվություն տարածվի, որ «MoneyGram»-ը եւ մյուսները վերսկսել են դրամական փոխանցումներ իրականացնել դեպի ԼՂՀ։ Չի բացառվում նաեւ, որ Ադրբեջանի Ազգային բանկը վերստին արգելի նրանց գործունեությունը` գործելու իրավունք տալով միայն «Western Union»-ին։ Փաստորեն ստացվում է, որ դրամական փոխանցումներով զբաղվող միջազգային ընկերությունները «բաժանվում» են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իհարկե, այս ամենն ընդամենը ենթադրություններ են, սակայն վերջին զարգացումները հստակ ցույց են տալիս, որ միջազգային ընկերությունները (ոչ իրենց մեղքով) հայտնվել են երկընտրանքի առաջ՝ աշխատել կա՛մ միայն Հայաստանի հետ (ներառյալ ԼՂՀ-ն), կա՛մ միայն Ադրբեջանի հետ։ Այլ տարբերակ այս պահին կարծես չկա։ Իսկ ընկերությունների որոշումը՝ մե՞զ հետ աշխատել, թե՞ ադրբեջանցիների, կախված է ոչ թե նրանց հայասիրությունից կամ հայատյացությունից, այլ պարզ հաշվարկներից. կաշխատեն այնտեղ, որտեղից ավելի մեծ եկամուտներ ունեն, եւ նրանց մեղադրելը, թերեւս, ճիշտ չի լինի։