– Պարոն Մանուկյան, եթե «ընդհատակում» չլինեիք, Ձեզ կձերբակալեի՞ն:
– Չգիտեմ:
– Ընտրություններից առաջ ու հետո Դուք շատ ավելի ակտիվ եք գործել, ավելի շատ եք ելույթ ունեցել, Ազատության հրապարակում ավելի շատ եք պարել: Ինչո՞ւ Ձեզ չձերբակալեցին, բայց ընդամենը մի հայտարարություն արած Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը ու մյուսները մինչեւ հիմա բանտերում են:
– Չգիտեմ պատասխանը: Բոլոր նրանք, ովքեր ճաղերի ետեւում են, հերոս են: Եվ ամենեւին քննարկելու չէ, թե ով ինչ է արել: Ամեն մեկն արել է իր հնարավորությունների ու խղճի թելադրանքով: Ինձ տարան, բայց հավանաբար մտածեցին, թե գլխացավանք կլինեմ:
– Իսկ ինչո՞ւ եք դուրս եկել, չե՞ք վախենում, որ Ձեզ կձերբակալեն:
– Թող ձերբակալեն: 76-77-ի դեպքում՝ մի հոգի ավել-պակաս` նշանակություն չունի: Խելառ-խելառ, բայց գոնե իրենց մասին պիտի մտածեն: Ամբողջ աշխարհին ձեռնոց են շպրտել, եւ հիմա դժվար է այդ վիճակը երկար շարունակել: Շատ թե քիչ, կարծում եմ, կլինեն կողքները խելոք խորհրդականներ, որոնք գոնե մերթընդմերթ ճիշտ խորհուրդներ կտան իրենց ճիշտ պահելու համար: Վերջին հաշվով սահմանափակ ռեսուրսով թքել ամբողջ աշխարհի եւ հասարակության վրա` կարող են, բայց դա երկար չի կարող տեւել: Սպառվում են ռեսուրսները, եւ թիմի ներսում բոլորը գիտեն, որ հավատարմություն չկա: Թիմը հոգեբանորեն ընկճված է, մասնատված, անգամ ուժայիններում, անգամ իրավապահ մարմիններում, Ներքին գործերում հատկապես: Եվ դա տրամաբանական է, նշածս կառույցներում էլ մարդիկ են աշխատում, ՀՀ քաղաքացիներ, անաչառ աչք ունեցողներ, ովքեր տեսնում են, թե ինչ է կատարվում մեր երկրում:
– Ընտրություններից հետո հանրահավաքների ժամանակ էլ ընդդիմադիր շատ գործիչներ, նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե նույն Ոստիկանությունը կամ ողջ պետական ապարատը ճաք է տվել: Բայց այդպես չեղավ:
– Իմ ասածը շատ ավելի հոգեբանական է: Այսօր իշխանություններից դժգոհ մարդկանց քանակը շատ ավելի մեծ է, քան մարտի 1-ին էր: Ճշմարտություն իմացողները մարտի 1-ին, 10-ին ավելի քիչ էին, քան հիմա: Սերժ Սարգսյանից դժգոհ մարդկանց բանակը մեծացել է, հատկապես, երբ օր օրի բացահայտվում է մարտի 1-ի իրականությունը: Իսկ սրանք իբր թե փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը: Այն դեպքում, երբ բազմաթիվ մարդիկ` կենդանի վկա եւ տուժող, գիտեն, թե երբ է տեղի ունեցել, գիտեն, որ որեւէ զգուշացում չի եղել, որ եղել է այլանդակ հարձակում ժողովրդի վրա, ծեծուջարդ: Եվ դա եղել է 6:20-6:30-ի սահմաններում: Դեպքերից մի քանի շաբաթ հետո, որպես պաշտոնական հայտարարություն՝ մանրամասն հրապարակել եմ, թե ինչ է տեղի ունեցել Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան: Ես եմ միացրել միկրոֆոնը, որ Լ.Տեր-Պետրոսյանը խոսի, ես եղել եմ նրա կողքին, գրել եմ, թե որ ժամին են եկել, որ ժամին են հարձակվել, ոնց են ծեծել ու դուրս արել: Ծաղր է, որ հանձնաժողովները 6 ամիս շարունակ փորձում են գտնել, թե ե՞րբ է եղել հարձակումը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչով դիմե՞լ է ժողովրդին, թե՞ ոչ, Ոստիկանությունը զգուշացրե՞լ է ժողովրդին, թե՞ ոչ: Սա կապիկություն է: Ամիսներ շարունակ տասնյակ գրագետ, խոհեմ, խելոք մարդկանցով, սառը հայացքներով քննարկում անեն, որ որոշեն, թե Ոստիկանությունը հարձակումից առաջ զգուշացրե՞լ է, լո՞ւյս էր, թե՞ մութ: Սա ցույց է տալիս, որ իրենք լուրջ խնդիրներ, լուրջ մտահոգություններ ունեն, եւ սա ընդամենը մեյմունություն է՝ ներսին ու դրսին ցույց տալու, թե արդարությունը բացահայտելու համար ինչ-որ բաներ են անում: Մինչդեռ ցանկացած քաղաքացու համար պարզ է իրականությունը: Որպես գաղտնիք՝ ասեմ, որ այս ամիսներին ես շատ եմ շփվել ղարաբաղցիների հետ` բարձր պաշտոնյաներից մինչեւ սովորական գյուղացու հետ, եւ նրանց մտահոգությունները գրեթե չեն տարբերվում մեր տագնապներից: Բոլորն էլ օձիք թափ տալով ասում են` երբ ենք սրանցից ազատվելու:
– Բայց իշխանություններն ասում են, որ ղարաբաղցի-հայաստանցի պառակտման հիմքը դրեց Լ.Տեր-Պետրոսյանը:
– Ամենեւին: Ես հայտարարում եմ, որ ղարաբաղցի-հայաստանցի խնդիր այսօր գոյություն չունի: Ղարաբաղցի ժողովուրդը նույն համառ, պայքարող, հերոսական ժողովուրդ է, եւ ղարաբաղյան ծագում ունեցող երկու քաղաքական գործիչները նրանց հետ ամենեւին կապ չունեն: Ինձ ծանոթ ղարաբաղցի պաշտոնյա-ընկեր-հարազատները ՀՀ զարգացման խնդրով մտահոգ են: Եվ իրենց երեխաների ապահով ապագան Սերժ Սարգսյանի հետ չեն կապում:
– Մարտի 1-ից հետո եկած իշխանությունն անընդհատ ցույց է տալիս, թե բարեփոխումներ է կատարում: Տարբերություն չե՞ք տեսնում ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ:
– Իրենք իրենց հաշվարկով լուծել են մի մեծ խնդիր` աթոռը գրավված է: Հիմա նրանց հարկավոր է պահել այդ աթոռը: Դրա համար կան տարբեր եղանակներ. մեկը՝ վախի մթնոլորտ ստեղծելն է, երբ սապոգով ու սվինով են աշխատում, մյուսը՝ սերն է: Սիրո դեպքում էլ աթոռդ ուժեղ է: Հիմա սրանք առաջին քայլով եկան իշխանության եւ փորձելու են երկրորդ տարբերակի էլեմենտներ կիրառել` ժողովրդավար ու արդար լինել, մասսայական միջոցառումներ անել, թոշակ բարձրացնել, ցույց տալ, թե ինչպես են պատժում կաշառակերներին ու վատ աշխատողներին: Բայց երբ ընտանիքի հայրը թմրամոլ ու հարբեցող է, ամեն օր կնոջն է ծեծում, բայց մեկ-մեկ կոնֆետ է բերում, երեխաները երբեք նրան չեն հարգի: Նրանք տեսել են, թե իրենց թմրամոլ հայրն ինչպես է ծեծում իրենց մորը: Միեւնույն է, երեխայի մոտ վախ, ատելություն, զզվանք մնում է: Եվ նման հայրը երբեք չի կարող հավասարակշռել իր գործողություններն այդ կոնֆետի հետ: Նույն վիճակը մեր երկրում է: Ինչ էլ անեն, երբեք ամսի 1-ը չի մոռացվի, երբեք կեղծված ընտրությունները չեն մոռացվի, երբեք «Հոկտեմբերի 27»-ը չի մոռացվի, իրենց շրջապատի արած այլանդակությունները չեն մոռացվի: