Ասում է` գալիս են

27/08/2008

Երեկ շահագործման է հանձնվել Գորի-Թբիլիսի երկաթգծի` Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող երկաթուղային կամրջի համար այլընտրանքային հանդիսացող կամուրջը: ՀՀ վարչապետի խորհրդական, օպերատիվ շտաբի քարտուղար Գագիկ Մարտիրոսյանի հավաստմամբ` այլընտրանքային կամրջով առաջին բեռները սկսել են տեղափոխվել օգոստոսի 23-ի, լույս 24-ի գիշերը (դրանք եղել են հում նավթով բեռնավորված վագոններ, որոնք տեղափոխվում էին Բաքվից Փոթի): Ըստ նրա` ադրբեջանական բեռներին առաջինը տեղափոխման նախապատվություն չի տրվել, պարզապես բեռները սկսել են տեղափոխվել ըստ կուտակված լինելու հերթականության: Գ. Մարտիրոսյանի խոսքով` Ադրբեջանից նավթ տեղափոխող վագոնների հետ կապված, սակայն, երկաթուղային կամրջին հարող տարածքում խնդիրներ են առաջացել. պայթել է նավթով բեռնված 2 ցիստեռն, ինչի արդյունքում երկաթուղային ուղու շպալները որոշակիորեն վնասվել են: Հայկական բեռներին, բարեբախտաբար, վնաս չի հասցվել: Պայթյունին անմիջապես հաջորդել են վերականգնողական աշխատանքները, տարածքը մաքրվել է, եւ արդեն օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերվանից այլընտրանքային կամրջով սկսել են տեղափոխվել նաեւ հայկական բեռներ: Գ. Մարտիրոսյանի խոսքով` առաջիկա 1 շաբաթվա ընթացքում արդեն այդ կամրջի մոտ տեղափոխման իրենց հերթին սպասող բոլոր հայկական բեռները ճանապարհ կընկնեն: Ակնկալվում է, որ այս շաբաթվա վերջին Վրաստանի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհով հայկական բեռները կսկսեն նորմալ հունով փոխադրվել Հայաստան: