ՀՀ էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է Ճապոնիայից 150 մլն ԱՄՆ
դոլար վարկ վերցնել` Հայաստանի ՋԷԿ-ն արդիականացնելու նպատակով: Բացի այդ,
ինչպես նշեց փոխնախարար Արա Սիմոնյանը, Հայաստանը նույնպես այդ ծրագրի
համաֆինանսավորող է, եւ պարտավորվում է ներդնել 50 մլն դոլար: ԱԺ
պատգամավոր Լյովա Խաչատրյանը երեկ ԱԺ քննարկումների ժամանակ մտահոգություն
հայտնեց, թե ինչպե՞ս կարող են իրենք վստահ լինել, որ այդ ծրագիրը
կիրականացվի, երբ նույն «թիմը, որը 1999թ. Ճապոնիայից վարկ էր ստացել
բազմասակագնային էներգահաշվիչներ տեղադրելու համար, չի իրականացրել»: Իսկ
հետո պատգամավորը հետաքրքրվեց, թե Հայաստանը որտեղի՞ց է ներդնելու 50 մլն
դոլարը, կա՞ն իրական միջոցներ, թե՞ ոչ: Արա Սիմոնյանը, պարզվեց,
ներկայացվող խնդրին տեղյակ էր մասնակիորեն. «30 մլն դոլարը կտրվի հարկային
արտոնությունների տեսքով, իսկ մնացած 20 մլն դոլարը մանր ծավալ է
կազմում»: Լ. Խաչատրյանի հարցին, թե` 20 մլն դոլարը մա՞նր է, Ա. Սիմոնյանը
պատասխան չուներ: Լ. Խաչատրյանի գնահատմամբ, ծրագիրը բավական լավն է,
սակայն այդ թիմի «ձեռքը տալն է վտանգավոր, որովհետեւ մի անգամ տեսել ենք,
թե ինչպես են նրանք այդ վարկերն «իրականացնում»: Լ. Խաչատրյանը նաեւ
հավելեց, որ Հայաստանը պարտավորվում է ոչ թե 50 մլն դոլար ներդնել այդ
ծրագրի համար, այլ՝ 54 մլն, ինչից տեղյակ չէ հարցն ԱԺ-ում ներկայացնող
էներգետիկայի փոխնախարարը: Մեր հարցին` տեղյա՞կ եք, թե մնացած 20 մլն
դոլարն ինչպես է ներդնելու Հայաստանը, Լ. Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե,
դա էլ լինելու է ՋԷԿ-ի ենթակառուցվածքներն օգտագործելու տեսքով»: