Ուզում է հասկանալ

27/08/2008

«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի ներկա դիրքորոշումը շատ պարզ է. մենք պատրաստ ենք հենց այսօր էլ նստել բանակցությունների սեղանի շուրջ առանց նախապայմանների, առանց որեւէ մեղադրանքների որեւէ բանի համար»,- շաբաթ օրը Դիլիջանում մեկնարկած միջազգային երիտասարդական երկօրյա համաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Պատրաստ ենք պարզապես նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս թեզը հնչել է վաղուց, այն հնչում է նաեւ այսօր եւ վաղն արդեն այն ավելի ակտուալ կլինի, քանի որ վաղվա աշխարհն այլ կլինի, ավելի փոքր, քան այսօր: Հայ-թուրքական հարաբերությունները բավականին բարդ են: Խնդրի էությունը, հավանաբար, այն է, թե ինչպիսի՞ առաջնահերթ կարեւորության արժեքներ են ընկած՝ թուրք հասարակության, եւ ինչպիսիք` հայ հասարակության հիմքում, ի՞նչն է մեզ տարբերում: Եթե մենք հասկանանք դա, ապա մեզ համար նաեւ շատ հեշտ կլինի հասկանալ` ի՞նչն է մեզ միավորում: Իրականում կարող ենք ասել, որ մեզ միավորող արժեքային չափանիշները գերակշռում են չմիավորողներին»,- հայտարարել է նա:

Ըստ Տ. Սարգսյանի` երկխոսությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դժվար է այն պատճառով, որ աշխատում ենք ինդուստրիալ հասարակության կոնցեպցիայով եւ մեր բանակցությունների ժամանակ գործ ունենք այնպիսի հասկացությունների հետ, որոնք ձեւավորվել են ինդուստրիալ հասարակության կոնցեպցիաներով: «Մենք չենք կարողացել առայժմ վերանայել մեր հին պատկերացումները, չենք կարողացել մշակել կոնսենսուս, իսկ աշխարհը փոխվել է, դարձել բոլորովին այլ, եւ մենք ստիպված ենք արդեն աշխատել նոր աշխարհում, սակայն մեր հին պատկերացումներով: Իսկ այժմ ունենք նորովի աշխատելու շանսեր»,- նշել է նա` հավելելով, թե անհրաժեշտ է հստակեցնել, թե ի՞նչ քաղաքակրթության է իրեն դասում թուրք ազգը, արդյոք Թուրքիան իրեն համարում է եվրոպակա՞ն, թե՞ ինքնուրույն քաղաքակրթություն` սեփական ամբիցիաներով: Առայժմ, ըստ նրա, այդ հարցի պատասխանը հստակ չէ այնպես, ինչպես հստակ չէ պատասխանն այն հարցի, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանը` եվրոպակա՞ն, թե՞ ինքնուրույն քաղաքակրթություն: Ի՞նչ է Հայաստանի համար նշանակում Եվրախորհուրդը, ի՞նչ նշանակություն ունի ուղին դեպի եվրաինտեգրում, արդյո՞ք ՀՀ իշխանությունները թուրք գործընկերների հետ միանման են գնում այդ ուղիով, թե՞ ոչ: «Սրանք բավական դժվար հարցեր են: Եթե հետեւենք` ինչպիսի հարցեր է քննարկում թուրք հասարակությունը, թուրքական էլիտան, որը լավ է զարգացած եւ ծանոթ է ժամանակակից փիլիսոփայությանը, ապա ակնառու է, որ այդ հարցերը մտահոգում են թուրքական էլիտային: Թուրք հասարակության մեջ հետաքրքիր երկխոսություն է ծավալվում: Այսօր նման գործընթացներ են տեղի ունենում նաեւ Հայաստանում. մի կողմից ընթացքի մեջ է նոր երիտասարդ պետության ձեւավորումը, մյուս կողմից` այդ պետության ապագայի փնտրտուքները»,- հայտարարել է Տ. Սարգսյանը: