Հայաստանն, այնուամենայնիվ, վատ ընկեր է

27/08/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Լեւո՛ն, Վրաց-ռուսական պատերազմին դիրքորոշում հայտնելուց խուսափելու Հայաստանի քայլը հիմնականում գնահատում են որպես խելամիտ չեզոքություն: Հիմնավորումը սա է՝ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, Վրաստանը՝ հարեւանը: Եթե չեմ սխալվում, Դուք այս կարծիքին չեք եւ գտնում եք, որ բոլորին հաճոյանալու քաղաքականության հետեւանքով մի օր կարող է պարզվել, որ ոչ Վրաստանն է մեր հարեւանը, եւ ոչ էլ Ռուսաստանը՝ ռազմավարական դաշնակիցը:

– Պետք է միշտ ասել ճշմարտությունը եւ հայտնել քո դիրքորոշումը, եւ դա անպայման տեղ կհասնի: Սակայն Հայաստանի կառավարությունը, փաստորեն, դիրքորոշում չհայտնեց: Մեր երկիրը, ի վերջո, պե՞տք է ասի՝ Վրաստա՞նն է ճիշտ վարվել, թե՞ Ռուսաստանը:

– Մեր երկրի ղեկավարի ցավակցությունը երկու պետությունների իր գործընկերներին՝ զոհերի կապակցությամբ, եւ նրանց հղված որոշ բարեմաղթանքները դիրքորոշում չե՞ք համարում:

– Դա առօրեական արձագանք է: Բայց պետությունը դեպքերի իր գնահատականը պե՛տք է տար: Եթե դիրքորոշումը չհայտնվի, վաղը, այո, կպարզվի, որ ո՛չ Ռուսաստանն է մեր ռազմավարական գործընկերը, ո՛չ Վրաստանը՝ մեր բարեկամաբար տրամադրված հարեւանը: Այդ երկրները հետեւում են, թե իրենց գործողություններն ինչպես են գնահատվում: Եվ գնահատականից խուսափելը բերում է այն իրավիճակին, երբ Հայաստանի կառավարությունը մասամբ դարձել է մեղսակից Սահակաշվիլիի գործողություններին. մշտապես պահպանելով նմանատիպ չեզոքություն եւ անգամ տալով երաշխիքներ (ինչը ես ընդհանրապես չեմ հասկանում), որ մեր երկրում տեղակայված ռուսական բազաները ռազմական կոնֆլիկտի դեպքում չեն գործադրվի Վրաստանի դեմ: Փաստորեն, Հայաստանի ղեկավարությունն ուղարկում է սխալ ազդակ: Ըստ այդմ՝ Վրաստանը կարող է իրեն ապահով զգալ եւ վստահ լինել, որ եթե ճակատ բացվի, դա կլինի մի կողմից եւ ոչ՝ երկու: Նման իրավիճակում սա խրախուսում է օսերի ջարդը: Պահպանելով իբր բոլորին հաճոյանալու կեցվածք՝ կստացվի, որ Հայաստանի ղեկավարությունը կդառնա նմանատիպ գործողությունների մեղսակից: Եթե դու քեզ իրո՛ք Վրաստանին ընկեր ես համարում, ապա ընկերները, ինչպես է կյանքում, պետք է բաց, շիտակ խոսեն: Անձնաբար, ոչ ոք չէր ցանկանա ունենալ այնպիսի ընկեր, որպիսին է Հայաստանի կառավարությունը: Այսինքն՝ քեզ հարվածում են, իսկ ընկերդ անվրդով կանգնած է կողքիդ եւ անհասկանալիորեն կարեկցում է երկուսիդ էլ: Արդեն այսօր անհասկանալի է Հայաստանի հանդեպ Վրաստանի վերաբերմունքը։ Նրանք ընդունեցին Հայաստանի օժանդակությունը երկաթգծային կամուրջներից մեկը վերականգնելու համար, իսկ հիմա ասում են, որ այդ կամրջով Հայաստանի բեռները չե՞ն կարող փոխադրվել։

– Այդ տրամաբանությամբ՝ Ադրբեջանն ավելի ազնի՞վ վարվեց՝ պաշտպանելով կողմերից մեկին, այս դեպքում՝ Վրաստանին՝ նշելով, որ հարգում է ցանկացած պետության տարածքային ամբողջականությունը:

– Դա մտացածին եզր է՝ «տարածքային ամբողջականություն»: Մարդը հասկանում է արդարությունը, պոռթկումը, մարդը կարող է հասկանալ, որ մերոնց ջարդում են, եւ նրանց պետք է օգնել: Սակայն մարդը չի հասկանում՝ ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն: Եթե տվյալ պետությունն իր տարածքում ջարդ է կազմակերպում, ինչո՞ւ պետք է ես հավանություն տամ նրա տարածքային ամբողջականությանը: Այդ առումով տվյալ պատերազմը կարծես թե պարզեցրեց, առողջացրեց միջազգային մթնոլորտը՝ որոշ նահանջ եղավ այդ թյուր կաղապարից:

– Մարդկանց ընկալումներում նման նահանջ կարծես եղավ ավելի վաղ, Կոսովոյի անկախությունը ճանաչելուց հետո, սակայն կա ձեւավորված, միջազգայնորեն ճանաչված աշխարհագրություն, որի փոփոխությունը, ինչպես պնդում է նույն Միացյալ Նահանգները, կարող է քաոս առաջացնել աշխարհում, եւ, որ Կոսովոյի նախադեպն ամենեւին էլ նախադեպ չէ:

– Կյանքը վտանգավոր է։ Եվ կյանքի բովանդակ դրսեւորումը պատերազմն է: Այդ կաղապարները՝ համաշխարհային որոշակի ուժերի կողմից արհեստականորեն պահպանվող կացության նշմարումն են, պայմանավորված քիչ թե շատ խաղաղ վիճակով Երկրորդ համաշխարհայինից հետո։ Իբրեւ դրա արտահայտություն, տարածքային ամբողջականությունը որոշակի հանգստության երաշխիք էր ընկալվում։ Սակայն, քանի որ դա արհեստական էր, ի վերջո պիտի փլվեր: Ինչո՞ւ պետք է ամբողջ աշխարհը պաշտպանի տվյալ պետության սահմանները, թող այդ պետությունը դրա մասին մտածի: Եթե իրոք սուվերեն է:

– Կեղծ սուվերենության մասին խնդիրն արդիական է նաեւ մեր երկրի համար: Մենք եւս ունենք խնդիր՝ ղարաբաղյան խնդիրը, որը կարծես երկու լուծում ունի՝ պատերազմ կամ խաղաղություն: Ո՞րն եք ավելի հավանական լուծում համարում:

– Տարածական ամբողջականության ընկալման կազմալուծումը պետք է օգնի ղարաբաղյան խնդրի միջազգային ճանաչմանը, չեմ ասում՝ միջազգային կարգավորմանը: Հայաստանն իր հարցադրումը կատարել է եւ հասել է իր կողմից հռչակված նպատակին, հիմա խնդիրն է, որ մյուսները ճանաչեն: Անշուշտ, Կոսովոն եւ հատկապես Վրաստանի վերջին դեպքերը հուշում են, որ, այնուամենայնիվ, չի կարելի կառչել տարածքային ամբողջականությունից:

– Սակայն, արդեն նշեցինք, որ աշխարհն այլ կանոններով է շարժվում, եւ բազմաթիվ միջազգային հեղինակավոր կառույցներ բազմիցս շեշտել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

– Ես խաղաղության ճանապարհ չեմ նկատում: Եթե չլինի արտաքին երաշխավոր, իրավիճակն այնպիսին է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը մնան դեմառդեմ, ապա Ադրբեջանը միանշանակ կհարձակվի: Եվ, ցավոք, Հայաստանի ղեկավարությունը չի մտահոգվել, որ ստեղծի համապատասխան պայմաններ, որպեսզի Հայաստանը կարողանա ինքնուրույն դիմակայել նման հարձակմանը կամ գոնե ունենա երկա՛ր դիմադրելու սեփական ռեսուրս: Այն կողմից պատերազմը պատրաստ է: Այս կողմից պատրաստ է քաղաքական լուծումը, պատասխանը: Հայերը դրել են գլխագիր՝ Ղարաբաղը մերն է, եւ հայերը հասել են իրենց նպատակին: Հայերն այժմ խնդիր չունեն, ունեն իրենց լուծումը պաշտպանելու հարց:

– Ուժային կառույցի մեր ղեկավարները նշում են, որ եթե Ադրբեջանը մեկ րոպե անգամ հաղթելու հույս ունենար, առանց մտածելու՝ կհարձակվեր Ղարաբաղի վրա:

– Այո, սակայն գործում են միջազգային այնպիսի պայմանագրեր, ինչպիսին է 1997 թ.-ի մեծ պայմանագիրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Դրա բովանդակությունը շատ հզոր է: Այդ պայմանագրով Հայաստանը եւ Ռուսաստանը մեկ պետություն են կազմում։ Քանի որ այնտեղ գրված է, որ նրանք մշակում են միասնական քաղաքականություն ոչ միայն Անդրկովկասում, այլեւ «ողջ աշխարհում»: Պետության հայտանիշը հենց արտաքին քաղաքականությունն է, եւ եթե երկու պետություն իրականացնում են միմյանց հետ համաձայնեցված արտաքին քաղաքականությունը, նրանք մեկ պետություն են:

– Այդ տրամաբանությամբ որեւէ խոչընդոտ չպետք է լիներ Փոթիի նավահանգստից Հայաստան մտնող բեռների ճանապարհին, սակայն «մշակված» արտաքին քաղաքականության հետեւանքով Հայաստանում արդեն վառելիքի դիֆիցիտ կա, եւ սա միայն մեր երկրին հասցված տնտեսական վնասի միայն մեկ եւ շատ տեսանելի մասն է:

– Նախ՝ կառավարությունը հարկ է որ վարի ինքնուրույն եւ ակտիվ քաղաքականություն: Այսինքն՝ անմիտ է դժգոհ կեցվածքով հանդես գալ: Մենք պետք է միշտ կոնտակտի մեջ լինեինք, մեր դիրքորոշումը արտահայտեինք, հենվեինք վերոնշյալ պայմանագրի դրույթների վրա, միջամտեինք՝ հանուն մեր երկրի խնդիրների: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ գաղտնի խողովակներով եղել է խորհրդակցություն: Հայաստանի վարչախմբի վերլուծաբանները մեկ ամիս առաջ արդեն կարող էին ենթադրել, որ այդ պատերազմը կլինի: Ինքս մեկ ամիս առաջ այդ մասին ինտերնետային ֆորումներում գրել եմ եւ զգուշացրել եմ, որ երեխաներին պետք է էվակուացնել Ցխինվալիից: Այսինքն՝ ղեկավարությանը պետք է հուշեին՝ նախաձեռնել կոնսուլտացիաներ Ռուսաստանի հետ։ Առնվազն, կուտակել ցորենի, վառելիքի պաշարներ: Այսինքն՝ միշտ մեղավոր է պետությունը եւ միշտ պետությունը ամեն խնդիր կարող է լուծել, եթե պատշաճ է աշխատում:

– Ըստ Ձեզ՝ Վրաստանում հնարավո՞ր է իշխանափոխություն:

– Ինչպես հայտնեցին Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ռուսները չեն ձգտում իշխանափոխության. այդ հարցը դիտարկվել է, սակայն դա անելը նպատակահարմար չի համարվել, քանի որ հատուկ գործողության պատճառով Սահակաշվիլին կարող էր զոհվել, եւ դա կարող էր ունենալ միջազգային լուրջ հետեւանքներ՝ իբր ռուսները սպանեցին, եւ այլն: Իր կողմից, Արեւմուտքը կցանկանա ամեն կերպ պահել Սահակաշվիլիին իշխանության ղեկին, չնայած նա իրեն դրսեւորել է այնպիսի հոգեվիճակներում, որոնք անթույլատրելի են երկրի նախագահի համար:

– Վրաց-ռուսական պատերազմի ընթացքում առավել կարեւորվեց ճիշտ հասցեագրված, գրագետ ինֆորմացիայի դերը, եւ հակամարտող երկրների կողմից ինֆորմացիոն գործիքների այսօրինակ կիրառումը որակվեց «ինֆորմացիոն պատերազմ», «ինֆորմացիոն ագրեսիա»: Գիտեմ, որ նման եզրերը Ձեզ համար ընդունելի չեն նույնքան, որքան «տարածքային ամբողջականություն» հասկացությունը:

– Կարծում եմ՝ ինֆորմացիոն պատերազմներ վարելը փողի անիմաստ վատնում է, լարվածություն: Մեր երկրի դեպքում դա անգամ պարանոյա է ստեղծում՝ ադրբեջանցիներն այսքան սայթ ունեն, բա ո՞ւր են մեր սայթերը եւ այլն: Պետք չէ մտահոգվել: Նախ՝ անդրադառնանք պատերազմի նախաձեռնության իմաստին: Իմ տպավորությամբ՝ Սահակաշվիլին փորձում էր մեկ հարվածով դուրս մղել կամ մասամբ ոչնչացնել օսերին Օսիայի հարավից եւ կարծում էր՝ դա արագ կկարողանա անել, եւ օսերը չեն հասցնի դիմադրել, Ռուսաստանը չի հասցնի օգնել: Սկզբունքորեն, եթե մարտական գործողությունները կազմակերպված լինեին վարպետորեն, նման հավանականություն կար: Սակայն սա խելամիտ ռազմական հաշվարկ չէր: Սահակաշվիլին պետք է գիտակցեր, որ Ռուսաստանն իր քաղաքացիներին կփորձի փրկել: Պարտությունից հետո Սահակաշվիլին ասաց, թե ԱՄՆ-ը թերագնահատել էր Ռուսաստանը: Փաստորեն, նա ակնարկեց, որ ԱՄՆ-ը իրեն հուշում էր, որ Ռուսաստանը չի միջամտի, որ վրացիները կարող են չվախենալ եւ այլն, ու Սահակաշվիլին դժգոհ էր ԱՄՆ-ի սխալ հաշվարկից: Ամեն դեպքում, կարելի է ենթադրել, որ սա ամերիկյան սադրանք էր: Ընդ որում, տիպիկ սադրանք. ամերիկացիները հակված են սադրել իրենց դրածոներին, որոնց սկզբում առնում են, հետո սադրում։ Ինչպես արեցին իրենց դրածո Սադամ Հուսեյնի դեպքում: Նրան դրդեցին հարձակվել Քուվեյթի վրա. Սադամ Հուսեյնն Իրաքում ԱՄՆ դեսպանին զգուշացրել էր, որ ինքը ցանկություն ունի հարձակվել Քուվեյթի վրա, եւ հետաքրքրվել՝ ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ-ը։ Դեսպանն էլ պատասխանել էր՝ դա ԱՄՆ-ին չի հետաքրքրում: Հուսեյնը հարձակվեց Քուվեյթի վրա, եւ այդպես սկսվեց աշխարհաքաղաքական նոր փուլ:

– Ասացիք, որ «ինֆորմացիոն պատերազմ» եզրն անհեթեթ է: Այդ դեպքում, ի՞նչ այլ բառերի կոմբինացիայով կարելի է բնութագրել ինֆորմացիոն այն աննախադեպ պատերազմը, որին ականատես եղանք:

– Ես ուղղակի դեմ եմ այդ տերմինին: Պետք է գիտակցել, որ ճշմարտությունը մարդուն միշտ հասանելի է: Դա մարդուն ի վերուստ տրված շնորհ է, մարդու բնորոշումը, քանի որ մարդը ունակ է տարբերակել բարին ու չարը: Ու եթե դա չի անում, ուրեմն նա մարդ չէ: Մարդկանց խաբել անհնար է:

– Դուք ասում եք՝ տարբերակել: Գուցե հնարավոր է եւ տարբերակել, սակայն տարբերակելուց հետո, այնուամենայնիվ, ընտրել չարը:

– Դա մարդու հուսահատության ծանրագույն հոգեվիճակն է: Կրկնեմ, մարդուն ի վերուստ տրված է հասկանալ ճշմարտությունը:

– Սակայն ճշմարտության բնորոշումը որեւէ տեղ չես գտնի: Անգամ Սուրբ գրքում Պիղատոսի հարցին ՝ ի՞նչ է ճշմարտությունը, Հիսուս Քրիստոսը լռում է: Անձամբ Դուք ինչպե՞ս եք տարբերակում՝ որն է ճշմարիտը, որը՝ սուտը:

– Դա անսկիզբ սկզբնավորումն է: Այն, ինչ ստեղծում է, ծնում է, կերտում է, դա է ճշմարտությունը: ճշմարտությունը պրոդուկտիվ է՝ ի տարբերություն ստի։ Կեղծիքը մտացածին է, ոչ ինքնաբուխ։ Դրա համար սուտը ժամանակի ընթացքում մարում է։ Որքան էլ ռեսուրսներ գործադրվեն սուտը պատսպարելու համար, նա ժամանակի ընթացքում անհետանում է մարդկանց ընկալումից եւ չի կարող թողնել ինֆորմացիոն ազդեցություն:

– Ես մի փոքր շտապեցի կասկածել ճիշտ եւ սուտ ինֆորմացիան տարբերակելու Ձեր ունակությանը՝ մոռանալով մի դետալ: Գիտեմ, որ Դուք տարիներ առաջ առաջին իսկ պահից չհավատացիք ժամանակին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հեռուստատեսային սենսացիոն հայտարարությանը, թե Հայաստանը ստեղծել է ՁԻԱՀ-ի բուժման սպեղանին: Մարդիկ դրան սկսեցին չհավատալ հետզհետե, ինչ-որ ժամանակ անց, իսկ Դուք՝ անմիջապես հասկացաք, որ դա բլեֆ է: Ինչո՞ւ:

– Բլեֆ, այո, շատ ճիշտ բնորոշում է: Գիտե՞ք, ճշմարտությանը հատուկ է էմոցիոնալ արձագանքը: Այդպիսի բարի հայտնագործությունը, որպիսին «Արմենիկումը» պետք է լիներ, միլիոնավոր մարդկանց համար փրկության հույս, դա այն հայտնագործողների մոտ առաջացնում է կենսաեռանդության, ուրախության հսկայական ալիք, եւ այդ ալիքը փոխանցվում է շղթայով: Այսինքն՝ մշակողը հայտնում է գլխավոր բժշկին, վերջինս՝ նախարարին, նախարարը՝ նախագահին, եւ ուրախության ժպիտը փոխանցվում է բարի լուրը հայտնողին: Երբ նկատեցի, որ պաշտպանության նախարարի դեմքի արտահայտությունը ոչ միայն ուրախ չէր, այլեւ մտահոգ, զգացի, որ դա չի կարող իրողություն լինել: