Թուրք փորձառու դիվանագետ եւ քաղաքագետ Մեհմեդ Ալի Բայարը, ով 1999թ. եղել է Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի արտաքին գործերով խորհրդականը, իսկ 90-ականներին` Բաքվում Թուրքիայի դեսպանը, երեկ հայտարարել է, որ Թուրքիան պետք է պահ առաջ բացի Հայաստանի հետ սահմանը: Թուրքական «Միլիեթին» տված հարցազրույցում Բայարն ասել է, որ թուրք-հայկական սահմանի փակ մնալու ամենամեծ վնասը կրում է Թուրքիան: «Քանի այդ սահմանը փակ է, Հարավային Կովկասում Թուրքիայի գործողությունների ոլորտը սահմանափակ կլինի, եւ Անկարան չի կարող աշխարհում հանդես գալ որպես արդարացի եւ միջնորդ պետություն: Անկարան պետք է նախաձեռնող լինի այդ ռազմավարական որոշման մեջ: Առանց որեւէ նախապայմանների բացելով Հայաստանի հետ սահմանը, Թուրքիան պետք է թուլացնի պատմության հետ կապված հայկական պնդումները: Եթե Թուրքիան չի ցանկանում կորցնել դերակատարությունը Հարավային Կովկասում, պետք է խաղա մեծ տերության իր այդ դերը»,- ասել է Բայարը: Ի դեպ, վերջինս եղել է Թուրքիան ներկայացնող առաջին դիվանագետը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի կառուցման բանակցություններում, եւ տարածաշրջանի հետ կապված Բայարի փորձը շատ կարեւոր է «Կովկասյան միության» թեզն օրակարգ մտցրած Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար: