«Ռազմական ճանապարհն անհեռանկար է»

24/08/2008

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հարավային Օսեթիայի ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին, որ Հարավային Կովկասի ինքնորոշման ձգտմանն ուղղված ռազմական հակազդեցության փորձերը հղի են լուրջ ռազմական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներով: «Դրանք նաեւ ցույց տվեցին, որ նմանատիպ կոնֆլիկտները պետք է կարգավորվեն ազգերի կամքի ազատ արտահայտության հիման վրա, որոնք պայքարում են ինքնորոշման համար, այլապես մենք անխուսափելիորեն վկա կլինենք էթնիկ զտումների ու միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման: Մենք բազմիցս մատնացույց ենք արել տարածաշրջանի որոշ երկրների կողմից ռազմական ներուժի աննախադեպ բարձրացման վտանգը եւ կոնֆլիկտների ուժային լուծման փորձերը»: Ս. Սարգսյանը նաեւ համոզմունք է հայտնել, թե` «կոնֆլիկտների լուծման ռազմական ճանապարհն անհեռանկար է, եւ Հարավային Օսեթիայի իրադարձությունները սթափիչ ազդեցություն կունենան նրանց վրա, ովքեր դեռեւս պատրանքներ ունեն ուժային լուծումների նկատմամբ»: Ըստ Ս. Սարգսյանի` տարածաշրջանում տեղի է ունեցել հումանիտար աղետ, ուստի անհրաժեշտ է բոլոր ուժերը ներդնել դրա հետեւանքների հաղթահարման համար: «Մենք ողջունում ենք ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համատեղ նախաձեռնությունը` վեց սկզբունքները, որոնք հիմք են ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ կոնֆլիկտի երկարատեւ կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի համար»,- ասել է նա` հիշեցնելով, որ ՀՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել՝ մարդասիրական միջանցքի դեր կատարել: «Մենք նաեւ պատրաստ ենք ինքնուրույն մարդասիրական օգնություն տրամադրել տուժածներին»,- հավելել է Ս. Սարգսյանը: