Փոթիի նավահանգստում երեկվանից վերականգնվել է նավերի բեռնաթափումը, ինչը դադարեցվել էր օգոստոսի 19-ից: Այս մասին երեկ ասել է ՀՀ վարչապետի խորհրդական, Օպերատիվ շտաբի քարտուղար Գագիկ Մարտիրոսյանը: Սակայն Փոթիում դատարկվող հայկական բեռների շարժ չի նկատվում դեպի Գորի-Թբիլիսի երկաթգծի ավերված կամուրջը: Դա, ըստ նրա` նպատակահարմար չէ, քանի որ այլընտրանքային համարվող կամրջի շահագործման վերաբերյալ դեռեւս անհրաժեշտ համաձայնություններ ձեռք բերված չեն: Ըստ վարչապետի խորհրդականի` բեռնաթափումը բնականոն շարունակվում է Բաթումի նավահանգստում. այնտեղ խոչընդոտներ չեն եղել: Բաթումում բեռնված 37 ավտոմեքենաներից կազմված շարասյունը, որոնք Հայաստան են տեղափոխում 517.000 լիտր բենզին (վառելանյութը մասնավոր է), երեկ բարեհաջող անցել է Բավրայի մաքսային անցակետը: Գ. Մարտիրոսյանը երեկ նաեւ հայտարարել է, թե Հայաստանում վառելիքի, ալյուրի ու հացահատիկի սղություն չկա, սակայն, երեկ արդեն մի շարք բենզալցակայաններ փակ էին` բենզին չունենալու պատճառով: Իսկ եթե հավատանք Գ. Մարտիրոսյանին, ապա կարող ենք ասել, որ բենզին ներկրող ընկերություններն ուղղակի արհեստական դեֆիցիտ են ստեղծում: