– ՀՅԴ-ն հայտարարել է, որ պատրաստվում է բողոքի ակցիաներ կազմակերպել, եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ սեպտեմբերի 6-ին գա Երեւան` դիտելու մեր երկու երկրների ֆուտբոլի հավաքականի խաղը: Ի՞նչ ակցիաներ եք անցկացնելու:
– Ճիշտ չէ ասել`բողոքի ակցիա: Դրանք լինելու են ակցիաներ, որոնք նպատակ ունեն առիթն օգտագործել եւ բարձրացնել մեզ հուզող հարցերը: Բնականաբար, նաեւ չպետք է մոռանանք, որ հյուրընկալող կողմ ենք, եւ ընդունելությունը պետք է կատարվի պատշաճ կերպով: Մյուս կողմից էլ` նաեւ չպետք է լինեն գործողություններ, որոնք կվնասեն երկրի հեղինակությանը: Խաղն իր ընթացքով պետք է գնա, բայց մենք չպետք է թույլ տանք, որ մտածեն, թե մոռացել ենք մեր խնդիրները: Որեւէ մեկը չի ուզում հարց տալ, թե Գյուլի Հայաստան գալու դեպքում եթե ցեղասպանության ճանաչման հարցը չբարձրացնենք, ինչպե՞ս դա կօգտագործվի Թուրքիայում: Նույն Թուրքիան կարող է ասել, թե` տեսեք, իրենց համար այդքան կարեւոր` ցեղասպանության ճանաչման հարց բարձրացնելու պահանջ չառաջացավ անգամ Հայաստանի որեւէ քաղաքական կամ հասարակական կազմակերպության մոտ, եւ ուրեմն` դա հրատապ խնդիր չէ հայերի համար: Մեր մոտեցումն այն է, որ չպետք է նման բան թույլ տալ: Մենք տեղավորվելու ենք այս տրամաբանության մեջ:
– Իսկ ինչպե՞ս եք Գյուլին կամ Թուրքիային հիշեցնելու այդ խնդիրների մասին:
– Շատ քաղաքակիրթ ձեւով: Մեր կարգախոսներով ցույց ենք անելու եւ պարոն Գյուլին հիշեցնելու ենք այն բոլոր խնդիրները, որոնք այսօր հայ ժողովրդին հուզում են հայ-թուրքական հարաբերությունների մասով: Թուրքիան իսկապես պետք է շատ լավ հասկանա, որ ցեղասպանության չճանաչելը վտանգում է հայ-թուրքական հարաբերություններին, Թուրքիայի դերակատարությանն այս տարածաշրջանում` դրական իմաստով, նաեւ՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին: Ավելին, այս խնդիրները վերաբերում են ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններին. դրանք արդեն դուրս են միջպետական հարաբերությունների շրջանակներից: Մենք պետք է կարողանանք ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իր բնույթով այնքան տարողունակ է, որ երկկողմանի հարաբերությունների տիրույթից դուրս է եկել: Դրա նշանակությունը տարածաշրջանային, աշխարհաքաղաքական է, նաեւ կապված է եվրոպական ընտանիքին Թուրքիայի անդամակցելու այսօրվա գործընթացի հետ: Ահա այս հարցերն ենք բարձրացնելու քաղաքակիրթ ձեւով: Եվ դա չի կարող դիտվել ոչ պատշաճ կամ ոչ համարժեք վերաբերմունք:
– Կոալիցիոն ձեր գործընկերները, հատկապես ՀՀԿ-ն, դժգոհություն կամ այլ վերաբերմունք չե՞ն արտահայտել ՀՅԴ նման ակցիաների վերաբերյալ:
– Կարող է տարբեր անհատներ ունենան տարբեր տեսակետներ, բայց պաշտոնապես չեն արտահայտել: Ի դեպ, փոխարեն նրանք հասկանան, որ սա նախ մեր արժանապատվության հարցն է, մենք իրավունք չունենք այդ հարցը մոռանալ, փորձում են ընդհանրապես խեղաթյուրել մեր ակցիայի իմաստը: Մենք հասկանում ենք, որ դա սպորտ է, բայց նաեւ պետք է հասկանանք, որ սպորտը վաղուց քաղաքականացվել է, եւ դա մենք չենք արել: Եթե Գյուլի` Երեւան գալու հրավերքի պատասխանը մինչեւ հիմա հետաձգում են, ուրեմն այս խնդիրն իրենք էլ են ուզում օգտագործել ինչ-որ նպատակների համար: Արդեն պարզ է, որ սա պարզապես ֆուտբոլ դիտելու այց չի լինելու: ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որ Հայ դատի խնդիրն իր ողջ պատմության ընթացքում միշտ վառ է պահել: Որեւէ տեղ մենք առիթ չենք տվել եւ հիմա էլ չենք տալու, թե մենք ծայրահեղ դիրքորոշումների կրող կուսակցությունն ենք, թե Հայ դատի խնդիրն այնքան ենք ծայրահեղացնում, որ դա վտանգում է մեր հարաբերությունը հարեւանների հետ: Ո՛չ: Երկու մոտեցում կա, որոնցից մեկը մեզ համար բացարձակապես անընդունելի է: Անընդունելի կլինի, եթե փորձենք հարաբերությունները կարգավորել` չտեսնելու տալով մեր խնդիրները:
– Ա. Գյուլին հրավիրել է նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ՀՅԴ-ն կոալիցիոն հուշագիր է ստորագրել եւ իշխանության մաս է կազմում նրա հետ: Չե՞ք կարծում, որ ձեր կողմից նախատեսվող ակցիաները հակասում են նախագահի հրավերքին:
– Մենք հրավերքին դեմ չենք, մեր ակցիան ուղղված է հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված խնդիրների լուծմանը: Եվ հենց Գյուլը հայտարարեց, թե գալու է Հայաստան, ավելի հստակ կասենք, թե ինչ ակցիաներ ենք կազմակերպելու: Թեպետ ամեն դեպքում մենք պատրաստ կլինենք: Բնականաբար, նաեւ այդ ընթացքում երկրպագելու, քաջալերելու ենք մեր հարազատ թիմին ու կուզենանք, որ մեր հավաքականը հաղթի:
Հ.Գ. Արմեն Ռուստամյանի հետ զրուցել էինք չորեքշաբթի օրը, երբ դեռ չէր կայացել Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդ հավաքականների ֆուտբոլային խաղը: