Ապացույցները՝ նաեւ լուսանկարով

24/08/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստին հրավիրվել էին մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում կատարվածի ականատես՝ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողներ Գագիկ Շամշյանն ու Գոհար Վեզիրյանը: Մինչեւ երեկ հանձնաժողովը լսել էր միայն կատարվածի պաշտոնական տեսակետը ներկայացնող իրավապահներին: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին մասնավորապես հետաքրքրում է, թե «Ազատության» հրապարակում առավոտյան ժամը քանիսին են ոստիկանները հարձակվել ցուցարարների վրա: Հիշեցնենք, որ ավելի վաղ`օգոստոսի 5-ին, փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը պատասխանելով նույն հարցին` հանձնաժողովին ասել էր, թե Ոստիկանության ստորաբաժանումները «ժամը 7-ից 15 պակաս տեղակայվել են հրապարակին հարակից փողոցներում», իսկ օպերացիան սկսվել է ժամը 7-ին: Ավելի ուշ` օգոստոսի 8-ին, Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Թամամյանը նույնպես հայտարարել էր, թե ոստիկանները «Ազատության» հրապարակ են մտել առավոտյան ժամը 7-ին: Իսկ ականատես լրագրողները երեկ հայտարարեցին, որ ոստիկանները հրապարակ են մտել ժամը 6:25-ի սահմաններում: Որպես ապացույց՝ Գ.Շամշյանը խոստացավ այսօր Ս.Նիկոյանին փոխանցել ցուցարարների վրա հարձակման պահին իր կատարած լուսանկարները. լուսանկարներում ակնհայտ է, որ այդ պահին լույսը դեռ չի բացվել, բացի այդ, ֆիքսված է նաեւ ժամը:

Լրագրողները պատմեցին, որ գարնան առաջին օրը թեմայով նյութ ու ֆոտոռեպորտաժ պետք է պատրաստեին, դրա համար էլ այդ օրը այդ ժամին Ազատության հրապարակում էին: Նաեւ գարնան առաջին օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակցիա էր նախատեսել` հանրահավաքին ներկա կանանց պետք է ծաղիկներ բաժանեին: Գ.Շամշյանը պատմում էր, որ 6:25-ի սահմաններում աղմուկ է բարձրացել, թե «զորքը գալիս է»: Եվ ֆոտոլրագրողը սկսել է Հյուսիսային պողոտայի հատվածից արագ-արագ նկարել: «Կային ոստիկաններ, ներքին զորքերի ծառայողներ, դիմակավոր ու քաղաքացիական հագուստներով մարդիկ: Նկարներ անելուց հետո Ազատության հրապարակ վերադարձա 15-20 րոպե հետո: Տեսա, որ մի ոստիկան երկար դանակով կտրեց վրաններից մեկի լարը, եւ վրանը դրանից հետո փլվեց: Ու ոստիկանների մի մեծ խումբ մահակներով ու հայհոյելով հարձակվեցին վրանի վրա: Վրանի տակ մարդիկ կային: Ես դա նկարել եմ: Հենց այդ ժամանակ էլ 10-12 ոստիկան հարձակվեցին ինձ վրա: Ես լրագրողի վկայականս հանեցի, որ ինձ չծեծեն, բայց հայհոյելով հարձակվեցին ինձ վրա, ձեռնաշղթաներ հագցրեցին, պառկեցրին գետնին ու սկսեցին հայհոյելով ծեծել: Բայց մինչեւ ձեռնաշղթաներ հագցնելը հասցրեցի հանել ապարատի չիփն ու դրեցի բերանս: Ապարատը խլեցին: Ծեծվելուց հետո ես երկար ժամանակ բերանի վրա պառկած էի գետնին: Ժամը 7:50-ի սահմաններում մի քանի հոգու հետ ինձ մտցրեցին մեքենա: Այդ ժամանակ ես նկատեցի, որ շնչակտուր Ազատության հրապարակ են մտնում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Ռուզան Խաչատրյանն ու Հովհաննես Շողիկյանը: Ես ուզեցի գոռամ, որ նրանք իմանան, որ ինձ տանում են, բայց ոստիկանները չթողեցին: Ինձ տարան Երեւանի քաղաքային ոստիկանություն, որտեղ ես կարողացա չիփը տալ Արամ Մանուկյանին: Ա.Մանուկյանն էլ տվել էր Նիկոլ Փաշինյանին»,- պատմում է Գ.Շամշյանը:

Լրագրողը նաեւ պատմեց, թե ինչպես է իրեն դաժանորեն մի քանի անգամ հարվածել Շուշան Պետրոսյանի ամուսինը` Արամ Հարությունյանը, ինչպես է Ոստիկանության Նորք-Մարաշի բաժնի պետի տեղակալ Էդիկ Գալստյանն ասել` «դա կյանքներս կերել է, եկեք մատով աչքը հանենք, ու մատը աչքս է մտցնում»: Գ.Շամշյանին ոստիկանների ձեռքից մի կերպ ազատել է մեկ այլ ոստիկան` Կարեն Բաբակեխյանը: Հանձնաժողովականների` լրագրողներին ուղղված հարցերը բազմաբնույթ էին: Հատկապես Արշակ Սադոյանին ու Հովհաննես Մարգարյանին հետաքրքրում էր, թե արտաքինից ի՞նչ չափի էր Գ.Շամշյանի ապարատի չիփը: «Ես ուզում եմ հասկանալ, թե այդ ամբողջ ընթացքում դա բերանո՞ւմդ է եղել: Երբ ուզում էիր «Ազատության» լրագրողներին գոռալ, բերանո՞ւմդ էր»,- ոչ մի կերպ չէր կարողանում պատկերացնել Հ.Մարգարյանը: Ֆոտոլրագրողը երկար բացատրեց, թե ինչ չափի չիփ է եղել իր մոտ եւ ինչպես է դա փրկելու համար ժամեր շարունակ պահել բերանում: Բայց, ի վերջո, Մարգարյանի ու Սադոյանի համար այդ գործողությունը նա ցուցադրեց: Սադոյանին նաեւ հետաքրքրում էր, թե բախման ընթացքում ի՞նչ էր անում Լ.Տեր-Պետրոսյանը, հրապարակո՞ւմ էր: «Ես ուզում եմ հասկանալ, թե նա կանգնած նայո՞ւմ էր այդ դեպքերին, ի՞նչ էր անում»,- հարցրեց Սադոյանը: Նույն հարցը «հուզեց» նաեւ Հանձնաժողովում «Ազգային Միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Սարգիս Մուրադխանյանին: Շամշյանն ասաց, թե բախման ժամանակ առաջին նախագահին չի տեսել, տեսել է ավելի ուշ, երբ ոստիկաններն արդեն գրավել էին հրապարակը: «Նստարանին նստած էր»,- ասաց ֆոտոլրագրողը:

Ի դեպ, նույն հարցը Ա.Սադոյանն ուղղեց նաեւ Գոհար Վեզիրյանին: Դժվար չէր կռահել, որ Սադոյանն ու Մուրադխանյանն ամեն կերպ ուզում էին լրագրողներից լսել պատասխաններ, թե Լ.Տեր-Պետրոսյանը հարթակում կանգնած հանգիստ հետեւել է ոստիկանների ու ցուցարարների բախմանն ու ոչինչ չի ձեռնարկել: «Պարոն Սադոյան, ես հասկանում եմ, թե դուք ինչ եք ուզում ասել: Դուք այստեղ նստած հանգիստ ինչ-որ դատողություններ եք անում ու ինչ-որ բաներ եք ուզում պարզել, բայց այնտեղ այնպիսի խառնաշփոթ էր, դեպքերն այնպես արագ էին զարգանում, ամբողջ բախումը տեւեց 15-20 րոպե, եւ ոչինչ հնարավոր չէր ձեռնարկել»,- ասաց Գ.Վեզիրյանը: Եվ ընդհանրապես երեկվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնաժողովականներին հետաքրքրող հիմնական հարցերը վերաբերում էին ՀՀ առաջին նախագահին: Տպավորությունն այնպիսին էր, որ նրանք անպայման ուզում էին Լ. Տեր-Պետրոսյանի պահվածքի, արարքների մեջ Ազատության հրապարակում բախում առաջանալու ցանկություն տեսնել: Հանձնաժողովականներին հետաքրքրում էր նաեւ, թե Լ.Տեր-Պետրոսյանը փորձե՞լ է բանակցել ոստիկանների հետ, որպեսզի «օպերացիան» խաղաղ ընթանար: «Երբ ոստիկանները մի քանի շարքով պատ կազմած դանդաղ առաջ եկան, ցուցարարներն էլ իրար ձայն տալով պատ կազմեցին ու սկսեցին ոստիկանների դեմ դուրս գալ: Այդ ժամանակ Լ.Տեր-Պետրոսյանը հարթակում էր ու բարձրախոսով կոչ էր անում ոստիկանների հետ կոնտակտի մեջ չմտնել, մինչեւ որ հասկանալի դառնա, թե ինչո՞ւ են եկել, ի՞նչ են ուզում: Ի՞նչ է, ոստիկաններին պետք է հատուկ հրավե՞ր ուղարկեին խոսելու համար: Լ.Տեր-Պետրոսյանն իր այդ խոսքը դեռ չէր ավարտել, լույսերն անջատեցին ու սկսեցին ցուցարարներին ծեծել»,- պատմում էր Գ.Վեզիրյանը:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հետաքրքրում էր` բախման ժամանակ ցուցարարների ձեռքին փայտե ձողեր եղե՞լ են, թե՞ ոչ: Լրագրողները պատասխանեցին, որ ձողեր չեն տեսել: Հանձնաժողովականներին նաեւ հետաքրքրում էր, թե ոստիկանները հարձակվելուց առաջ ցուցարարներին զգուշացրե՞լ են: Լրագրողները պատասխանեցին, որ Ազատության հրապարակում նման զգուշացում չի հնչել:

Իսկ Ս.Նիկոյանը հայտարարեց, որ լրագրողներին հրավիրելով` ինքն ակնկալում էր, որ նրանք փաստեր, լուսանկարներ կներկայացնեին: Ի պատասխան՝ լրագրողներն ասացին, որ իրենցից ոչ ոք փաստեր չի ուզել: Գ.Շամշյանը խոստացավ հենց այսօր պարոն Նիկոյանին ներկայացնել այդ բախման ժամանակ իր կատարած լուսանկարները, որոնց վրա կա նաեւ նկարելու ճիշտ ժամանակը: