Սեւա՞նն են փրկում, թե՞ ափի շինությունները

24/08/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, համաձայն որի` նախատեսվում է Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնել մինչեւ 360 մլն խոր. մետր: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Սեւանա լճից օրենքով ջուր էր բաց թողնվում 170 մլն խոր. մետր:

ԱԺ ընդունած որոշումը բուռն արձագանք է գտել շատերի մոտ: «Սեւանը հայ ժողովրդի սեփականությունն է», «Բնության սպանդ, հիվանդ հասարակություն», «Ձեռք չտալ Սեւանին», «Լավ, բա ձեր երեխեքը որտե՞ղ են ապրելու», «Ողբամ զքեզ, հայոց աշխարհ». նման արտահայտություններ պարունակող պաստառներով երեկ բողոքի ակցիա տեղի ունեցավ նորաստեղծ Սփյուռքի կոմիտեի դիմաց: Բողոքի ակցիան անցկացնելու վայրի ընտրությունը «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը բացատրեց նրանով, որ Հայաստանի խնդիրները նաեւ սփյուռքի խնդիրներն են, եւ սփյուռքահայ մեր հայրենակիցները նույնպես պատասխանատու են այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Հայաստանում: «Այսօր մեզ մտահոգում է Հայաստանի բնական ռեսուրսների չարաշահումն ու կոռուպցիոն երեւույթները, որոնք տեղի են ունենում բնական ռեսուրսների կառավարման գործընթացներում: Մենք անհանգստացած ենք Սեւանի վիճակով, այն նախաձեռնությամբ, որ Սյունիքում արդյունահանվելու է ուրան, անհանգստացած ենք Թեղուտի ճակատագրով, որտեղ արդեն սկսվել են ծառահատումները: Այս ամենը տանում է Հայաստանի կործանմանը` բառի բուն իմաստով»,- ասաց նա: Ի դեպ, արդեն նախադեպ եղել է, երբ սփյուռքահայերը բնապահպանության հարցով աջակցություն են ցուցաբերել: «Շիկահողի արգելոցի նախադեպը` ճանապարհաշինության ժամանակ: Ճիշտ է` կար նաեւ մեր մեծ պայքարը, բայց սփյուռքահայերի մասնակցությունն առանցքային դեր կատարեց, եւ մենք շատ շնորհակալ էինք նրանցից դրա համար: Այս հարցում էլ հույս ունենք ստանալ նրանց աջակցությունն ու միջնորդությունը»,- ասաց Ս. Այվազյանը: Վերջինիս խոսքերով` ԱԺ ընդունած որոշումը կխոչընդոտի Սեւանա լճի մակարդակի բարձրացմանը, ինչն, ըստ նրա` ձեռնտու է այն գործարարներին, որոնք Սեւանա լճի ափին անօրինական գործունեություն են ծավալում: «Սեզոնի ավարտին այդքան ջուրն ինչի՞ վրա է ծախսվելու: Մեր տվյալներով` ցանքատարածությունների մակերեսներն այնքան չեն աճել անցյալ տարվա համեմատ, որ կրկնապատկվեր ջրի բացթողումը: Առավել եւս անհանգստացնում են այն գործընթացները, որոնցով ընդունվել են որոշումները: Սեւանա լճի ափին մոտ ապրող գյուղացիները, որոնք առաջին հերթին դրա ազդեցությունը կրելու են իրենց վրա, այս որոշման մասին նախապես տեղյակ չեն եղել, ինչն անընդունելի է ժողովրդավարության տեսանկյունից: Սա շատ վտանգավոր նախադեպ է: Ճիշտ է` օրենքը գործելու է մինչեւ դեկտեմբերի 1-ը, բայց այն կարող է կրկնվել ուրիշ հիմնավորումներով»,- ասաց նա` հավաստիացնելով, որ իրենց տեւական բողոքի ակցիաների ընթացքում պատկան մարմիններն իրենց որեւէ անգամ չեն ընդունել: «Մեր իշխանություններն առհասարակ հաշվի չեն նստում մարդկանց կարծիքի հետ երեւի այն պատճառով, որ իրենք պարզապես հենված չեն այս ժողովրդի վրա: Նրանք հաշվի են նստում այն ձեռներեցների հետ, որոնք շահում են այս գործընթացների արդյունքում: Մենք դեռեւս կոնկրետ Սեւանի հարցում արդյունք չենք տեսել, բայց մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- ասաց նա` նշելով, որ իրենք շուտով ստորագրահավաք են սկսելու: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ ԱԺ ընդունած որոշումը համարում է «հանցավոր»՝ վստահեցնելով, որ իրենք պետք է ժողովրդին իրազեկեն, թե ինչպես էին քվեարկում ԱԺ պատգամավորները, ինչպես էին իրենց դրսեւորում ԱԺ խմբակցությունները, եւ թե ինչպիսի ծրագրեր էին խոստանում իրականացնել նրանք ու ինչ են անում հիմա: «Դրա գնահատականը հանրությունը պետք է տա: Այս մարդիկ ազգադավ գործընթացների մեջ են ներգրավված: Հասկանալի է, որ մի քանի անձ փորձում են փրկել իրենց սեփականությունը, ափամերձ տարածքներում իրենց ապօրինի շինությունները` չհասկանալով, որ 10 տարի անց այդ շինությունները շահույթ էլ չեն բերելու, քանի որ 360 մլն խոր. մետր ջուր բաց թողնելով կհասնենք նրան, որ Սեւանը ճահճանալու է: Հետեւաբար՝ այն որեւէ մեկին այլեւս պիտանի չի լինելու որպես հանգստյան գոտի: Վաղն այդ հանցավոր գործարքի արդյունքում հենց իրենք են զոհ լինելու»,- ասաց նա` ահազանգելով, որ դրա հետեւանքները կարող են այնքան լուրջ լինել, որ մենք զրկվենք նաեւ խմելու ջրի պաշարից: