200 մլն են բռնագանձել

24/08/2008

Հուլիս-օգոստոս ամիսներին Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզի բաժինը դատարանների բազմաթիվ վճիռների հիման վրա Վանաձորի Քիմպրոմ ՓԲԸ-ից բռնագանձել է գրեթե 200 միլիոն (666.000 դոլար) դրամ: Գումարները բաշխվել են տարբեր պարտատերերի միջեւ: Այսպես, 135 միլիոն դրամ ընկերությունից բռնագանձվել է հօգուտ մի շարք իրավաբանական անձանց, 13 միլիոն 547.000 դրամ ուղղվել է ՀՀ պետական բյուջե՝ ընկերության պետտուրքի գծով պարտքերի մարմանը, 1 միլիոն 132.000 դրամ եւ 4476 ԱՄՆ դոլար ուղղվել է ընկերության աշխատավարձի գծով պարտքերի մարմանը: Եվս 9 միլիոն դրամ բռնագանձվել եւ փոխանցվել է ՀՀ պետական բյուջե՝ ընկերության այլ պարտավորությունների պարտքերի մասով: Հարկ է նշել, որ Վանաձորի Քիմպրոմ ՓԲԸ-ից նման մեծածավալ գանձումները հնարավոր դարձան ԴԱՀԿ ծառայությունում ընթացող բարեփոխումների արդյունքում: Հարկադիր կատարման գործընթացը շարունակվում է: «ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը եւս մեկ անգամ նախազգուշացնում է, որ դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունն իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ»,- հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից: