Թուրքական «Հյուրիեթ» թերթը երեկվա համարում` անդրադառնալով սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը, գրել է, թե Հայաստանը խաղի արտոնագիր չի պահանջում: Նաեւ նշել են, թե Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մ. Օզգեները ստացել է առաջին պաշտոնական նամակը Հայաստանից: Թերթի հաղորդմամբ, ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն օգոստոսի 21-ին Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիա ուղարկած նամակում հայտնել է, որ սեպտեմբերի
6-ին Երեւանում կայանալիք Թուրքիա-Հայաստան խաղն անցնելու է «ֆուտբոլային տոնի» մթնոլորտում: Ռ. Հայրապետյանը հավաստիացրել է, որ լավագույնս կապահովվի խաղը դիտելու համար Երեւան ժամանող թուրքերի անվտանգությունը` նշելով, որ սեպտեմբերի 6-ին Երեւանում կբորբոքվեն միայն ֆուտբոլային կրքերը:
«Հայտնի է, որ այս խաղը, Հայաստանից ու Թուրքիայից բացի, մեծ հետաքրքրություն է առաջացնելու նաեւ այդ երկրների սահմաններից դուրս: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում կան նաեւ քաղաքական տարրեր: ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է խաղի սպորտային արդյունքներով: «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում լավագույն պայմաններ են ապահովված: Երեւան ժամանող թուրք ֆուտբոլասերները ստիպված չեն լինի արտոնագիր ստանալ: Ձեռնարկված անվտանգության միջոցառումների արդյունքում Երեւանում մնալու ընթացքում երաշխավորված կլինի մեր բոլոր հյուրերի անվտանգությունը: Հարաբերությունների քննարկման տեսանկյունից լավ հնարավորություն կստեղծվի սպորտի աշխարհի անձանց համար: Հայաստանում, ինչպես Թուրքիայում, ֆուտբոլը ժողովրդի կողմից սիրված եւ մեծ ժողովրդականություն վայելող սպորտ է: Հուսով ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները մեզ կներկայացնեն մի խաղ, որը կանցնի տոնական մթնոլորտում»,- ասված է Ռ. Հայրապետյանի նամակում: