Ջրի բերածը ջուրն էլ տանում է

24/08/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս սակավաջուր կլիման հանկարծակիի բերեց ՀՀ կառավարությանը, որը, ինչպես եւ ենթադրվում էր, չէր կողմնորոշվել անհրաժեշտ քանակությամբ ջուր կուտակել ջրամբարներում եւ գրագետ ռազմավարություն մշակել: Ի դեպ, ամեն տարի դեկտեմբերին տեղացող առաջին ձյունից նույն դառնությամբ անակնկալի են գալիս Երեւանի քաղաքապետն ու այդ գերատեսչության բարձրաստիճան չինովնիկները, ովքեր եւս որեւէ կերպ չեն հաջողացնում կանխատեսել բնության այդ երեւույթը: Սակայն ՀՀ ղեկավարության ապաշնորհությունն այսքան ցայտուն չէր լինի, եթե նրանք խելամտություն դրսեւորեին եւ առնվազն չնկատեին երաշտը: Այս դեպքում գոնե չէր առաջանա Սեւանի ջրերի աննախադեպ մեծ ծավալների հաշվին խնդիրը լուծելու ցանկությունը, հատկապես, որ մի քանի օրից արդեն աշուն է: Բնապահպանները, ովքեր ամեն կերպ փորձում են պաշտպանել Հայաստանը մեր կառավարությունից, ներկայացնում են բոլոր հնարավոր վտանգները, որոնք կառավարության որոշումների պատճառով սպառնում են Հայաստանի էկոլոգիային: Բնապահպան Կարինե Դանիելյանը, սպառելով արդեն բոլոր շոշափելի վտանգների թվարկումը, ստիպված էր անգամ հիշեցնել Աստծո ցասման հավանականության մասին: Սակայն սենտիմենտալ սպառնալիքներով կառավարությունից արցունք չես պոկի:

Տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան երաշտի հնարավոր հետեւանքների հաղթահարմանն ուղղված ջանքերն են, որքան այդ ջանքերի իրական նպատակը: Նույն կառավարության պնդումները, թե Սեւանի ջրերի աննախադեպ մեծ ծավալներով ջրառն ուղղված է բացառապես երաշտից գլուխները կորցրած գյուղացիներին սփոփելուն, հավատ չի ներշնչում: Գուցե կառավարությունն անկեղծ է, սակայն, միեւնույն է, հասարակությունը հակված չէ հավատալ նրա հավաստիացումներին: Առհասարակ, հավատ չի ներշնչում պետական հատկապես բարձրաստիճան չինովնիկներից եւ ոչ մեկի շուրթերից դուրս եկող միտքը: Չինովնիկները, ինչպես ցույց են տալիս նախադեպերը, պարզապես չեն կարող իրենց թույլ տալ ընդունել կարիքավորներին, անպաշտպաններին սատարող որոշումներ: Եվ պատճառն այն է, որ ընչազուրկ խավը կարիք ունի միայն մեկ կարգի պաշտպանության՝ պաշտպանություն պետական չինովնիկներից. նրանց հետ շփվելու մաքսիմալ քիչ հնարավորությունն արդեն երջանկության զգացողության երաշխիք է: Կառավարության ներկայացրած Սեւանի ջրառման ծրագիրը, Թեղուտի անտառների հատումը՝ ուրանի հանքերը շահագործելու նպատակով, երկար եւ մանրակրկիտ ուսումնասիրվել է բնապահպանների կողմից: Մասնագետներն ահազանգում են՝ հանգիստ թողեք Թեղուտը. ուրանի հանքերի շահագործումը պատճառ կդառնա էկոլոգիական աղետի եւ բազմաթիվ մահացու հիվանդությունների, այդ թվում եւ՝ քաղցկեղի տարածմանը: Սեւանին սպառնում է ճահճացում:

Երկրի նախագահի, կառավարության ձեռնարկած բոլոր ծրագրերը, որոնց նպատակը կարծես թե այս կամ այն իրավիճակի շտկումն է, հակառակ ազդեցությունն է թողնում: Անկեղծությունը պետական չինովնիկին երբեւէ չի զարդարել: Հարկային ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանի եւ նրա ղեկավարած ոլորտի հանդեպ ՀՀ նախագահի ցասումը տեսախցիկները թեեւ ֆիքսեցին ամենայն մանրամասնությամբ, սակայն Սերժ Սարգսյանի զայրույթի մոտիվը դարձյալ անկեղծ չէր հնչում՝ Հարկային ծառայությունը լավ չի աշխատում: Դա հանրահայտ ճշմարտություն է: Չի բացառվում, որ նա իրո՛ք դժգոհ էր Հարկային ծառայության աշխատանքից, սակայն ամենեւին ոչ այն պատճառներով, որոնցից դժգոհ են նաեւ միջին եւ մանր բիզնեսի ներկայացուցիչները: Կառավարությունների գործողությունների մոտիվացիան, որպես կանոն, մնում է մշուշոտ: Մասնավորապես, վերջին որոշումը՝ ստվերից դուրս բերել տոնավաճառների աշխատակիցներին, արդեն գործնականում կիրառվում է՝ ՀԴՄ-ների պարտադիր կիրառումը տոնավաճառի աշխատակիցներին բառացիորեն հանեց իրենց ստվերոտ տաղավարներից, եւ նրանք այժմ ողջ օրը կանգնում են կառավարության կամ ԱԺ-ի արեւոտ պատերի տակ: Կառավարության հավաստիացումները, թե ընդունվող բոլոր որոշումները բխում են նախեւառաջ քաղաքացիների շահերից, այնքան իրական չեն, որ, կարելի է ասել, բլեֆ են: Երբ տեղահանվում էին Հյուսիսային պողոտայի տարածքում ապրող մեր համաքաղաքացիները, կառավարությունը, անձամբ երբեմնի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պնդում էին, որ նրանց՝ տուն ունենալու շահին գերակա շահ կա՝ պետության շահը, եւ, որ այդ մասնավոր տները պետք է հավասարեցվեն գետնին՝ հանուն այն շենքերի, որոնք տեսնում ենք այսօր:

Հիմա կհատեն Թեղուտի անտառները՝ հանուն գերակա մեկ այլ շահի՝ ուրանի հանքերի շահագործման, Սեւանից միլիոնավոր խմ ջուր են պատրաստվում բաց թողնել՝ հանուն մեկ ուրիշ գերակա շահի՝ Սեւանի ափամերձ հանգստյան տների: ՀՀ կառավարության ղեկավարը տակավին նորանշանակ էր, երբ խոսում էր կառավարության նպատակների առաջնահերթություններից՝ առանձնացնելով պայքարը կոռուպցիայի դեմ եւ շեշտելով, որ պետք է աշխատանք տարվի՝ փոխելու մեծահարուստների, օլիգարխների կենցաղավարությունը: Այսինքն՝ նրանց կենցաղից հանելու ցուցադրականությունը, անհարկի շքեղությունը, որ նրանց առօրյայում անհրաժեշտ ատրիբուտները պետք է համարժեք լինեն այն միջավայրին, որում իրենք ապրում են: Եթե սա ընդունենք որպես սկզբունք, նշանակում է՝ մեր երկիրն էլ պետք է շարժվի նույն առաջնահերթություններով՝ մեր ունեցած (ավելի ստույգ՝ չունեցած) բնական պաշարներին խնայողաբար վերաբերվի, դրանք անհարկի չցուցադրի (այս դեպքում՝ ուրանի պաշարները), եղած հարստությունը չօգտագործի ի վնաս սեփական քաղաքացիների եւ էկոլոգիայի: Սեւանից ոռոգման նպատակներով 360 խմ ջուր բաց թողնելու համար դեմքին ցավի արտահայտություն տալն ու խեղճ գյուղացիների շահը որպես առաջնահերթություն ներկայացնելը հավատ չեն ներշնչում: Եվ չկա որեւէ հիմնավորում, որը կարդարացնի Սեւանից այդքան խմ ջուր բաց թողնելը: Բնապահպաններն ահազանգում են բնական աղետի մասին, ինչը Հայաստանի համար կարող է ճակատագրական լինել: Ի՞նչն է խանգարում կառավարությանը՝ լսել նրանց ձայնը. կարեկցանքը գյուղացիների հանդե՞պ: Դժվար թե, քանի որ գյուղացիները, որպես կանոն, միշտ էլ միայնակ են պայքարել բնության տարերքի դեմ, լինի կարկուտ, սելավ թե երաշտ: Անհանգստությունը, թե Հարավային Կովկասում կարող է քաղաքական իրավիճակն այնպես սրվել, որ Սեւանի ճահճացումը դրա համեմատ չնչին ու անարժեք կորո՞ւստ կհամարվի: Դժվար թե, քանի որ մեր ղեկավարների քաղաքական հեռատեսությունը թույլ չի տալիս տեսնել անգամ մեկ ամսվա հեռավորության իրադարձությունները, ինչպես եղավ նույն այս Վրաց-հարավ օսեթական պատերազմի դեպքում, երբ դեռեւս ամիսներ առաջ էին վերլուծաբանները խոսում հնարավոր, հավանական պատերազմի մասին: Այնպես որ, կոնկրետ Հայաստանին կառավարության հետեւողական ջանքերով սպառնում է էկոլոգիական աղետ: Իսկ անհանգստությունը Սեւանի ափամերձ տարածքի շքեղ կառույցների մասին՝ անլուրջ զբաղմունք է, քանի որ ժամանակի ընթացքում ձեւավորված ճշմարտությունը պնդում է՝ ջրի բերածը ջուրն էլ տանում է: Կարծում ենք, սա այն դեպքն է, երբ չի փրկի անգամ այն 360 մլն խմ ջուրը, որը պատրաստվում են բաց թողնել Սեւանից կառավարությունն ու իր անփառունակությամբ դեռեւս անգերազանցելի ԱԺ-ն: