Սեպտեմբերի 7-ին Երեւանի Արաբկիր համայնքում տեղի կունենան թաղապետի ընտրությունները: Նախօրեին «Թեքեյան» մշակութային կենտրոնից մեկնարկեց Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածու, գործող թաղապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Շահինյանի նախընտրական քարոզարշավը: Թեկնածուն հանդիպեց Արաբկիրի մտավորականության հետ:
Հանդիպման ժամանակ ներկաներին բաժանվեց Արաբկիրի թաղապետարանի 2005-2008թթ. գործունեության հաշվետվությունը, որում մանրամասն ներկայացված են Հովհ. Շահինյանի պաշտոնավարման շրջանում իրականացված աշխատանքները:
«Եթե խոսենք թվերի լեզվով, ապա եթե 2005թ. Արաբկիրի սոցիալ-տնտեսական գործունեության նախատեսված ցուցանիշներն իրականացվել են 80 %-ով, 2006թ. այդ ցուցանիշը կազմել է արդեն 90.3 %: Իսկ 2007թ. Արաբկիրի թաղապետարանի գործունեության կատարողականի ցուցանիշը կազմել է 102,2 %: Այսպիսով, իմ պաշտոնավարման ժամանակահատվածում Արաբկիր համայնքի ծրագրված սոցիալ-տնտեսական գործունեությունն իրականացվել է 103,9 %-ով: Սրանք կատարված աշխատանքի այսպես ասած չոր, թվային արտահայտությունն են, սակայն այս թվերի հետեւում կան մի քանի տասնյակ ասֆալտապատված ու լուսավորված փողոցներ, բարեկարգված բակեր ու կանաչ տարածություններ, վերանորոգված տանիքներ»,- իր ելույթում հայտարարեց ներկայումս արձակուրդում գտնվող Արաբկիրի գործող թաղապետն ու թաղապետի թեկնածուն` ներկաներին հորդորելով ներկայացնել ինչպես կատարված աշխատանքի, այնպես էլ համայնքում առկա խնդիրների մասին իրենց կարծիքները: Թեկնածուն շուտով հանդիպումներ կունենա համայնքի տարբեր բակերի բնակիչների, մասնագիտական տարբեր խմբերի հետ:
«Թեքեյան» կենտրոնում Հովհաննես Շահինյանի հետ հանդիպմանը ներկա էին նաեւ բազմաթիվ արվեստագետներ, այլ ոլորտների գործիչներ, որոնք ելույթներ ունեցան` արաբկիրցիներին կոչ անելով սեպտեմբերի 7-ին իրենց ձայնը տալ Հովհաննես Շահինյանին:
Ֆրանսիական «Բոհեմ» թատրոնի գլխավոր բեմադրիչ, դերասան Նարեկ Դուրյան. «Հովհաննես Շահինյանի մեջ ինձ ամենից շատ գրավեց նրա սերը դեպի մշակույթը: Ոչ միայն Հայաստանում, անգամ աշխարհում քիչ կգտնեք պետական պաշտոնյաների, ովքեր զարկ են տալիս մշակույթին: Հովհաննես Շահինյանի սերը մշակույթի հանդեպ խոսում է մարդու ներքին կուլտուրայի եւ ինտելեկտուալ մակարդակի մասին: Ի վերջո, ազգը հիշում ենք մշակույթով: Ես Փարիզում թատերական միություն ունեմ, եւ արդեն 20 տարի մենք կազմակերպում ենք ներկայացումներ, եւ մեր նպատակն այն է, որպեսզի հայ դերասաններին հնարավորություն տանք Սփյուռքում զբաղվել իրենց սիրած գործով, այսինքն` դուրս գալ բեմ եւ խաղալ հայերի համար, հայերենով: Այս ընթացքում ոչ մի պետական անձ մեզ ձեռք չի մեկնել: Միակը` պարոն Շահինյանն է, որը միանգամից հովանավոր կանգնեց մեր ծրագրին: Իսկ ինձ համար դա իդեալ է: Ես միայն կարող եմ մաղթել, որ նա միշտ մնա այսպես արվեստասեր: Նման մարդիկ պետք են Հայաստանին, ժողովրդին»:
«Արմինկո» ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյան. «Որպեսզի չհաճոյախոսեմ, խնդրին կարճ ձեւակերպում տամ. Հովհաննես Շահինյանը գործունյա մարդ է, որն իր իրավունքները եւ պարտականությունները հստակ գիտի, ապրում է այդ թաղում եւ թաղի կյանքով է ապրում: Ինձ համար համայնքը ղեկավարելու գործում կարեւորը պատրաստակամությունն է, օբյեկտիվությունը եւ աշխատասիրությունը: Համարում եմ, որ նա օբյեկտիվ, գործունյա, իրեն եւ ուրիշներին հարգող մարդ է, որն ունի դաստիարակություն»,- ասաց Ա. Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում:
Ֆլորենցիայում ապրող եւ ստեղծագործող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսի եւ Հովհաննես Շահինյանի նախաձեռնությամբ շուտով` սեպտեմբերի սկզբին, Արաբկիրի թաղապետարանի շենքի առջեւում գտնվող հիմնովին բարեկարգված այգում կտեղադրվի «Սասնա ծռեր» էպոսի մոտիվներով քանդակ-շատրվանը: Տասնյակ տարիներ շարունակ Ֆլորենցիայի քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարում, որպեսզի գտնի Վերածննդի վարպետ Միքելանջելո Բուոնարոտիի մտահղացումը ավարտին հասցնել կարողացող քանդակագործի, որն ունակ կլիներ վերջնական տեսք տալ Սան Լորենցո եկեղեցուն: Այդ եկեղեցին, ինչպես նաեւ Միքելանջելոյի նախագծած 40 քանդակները, անավարտ էին մնացել: Միքելանջելոյի աշխատանքն ավարտելու նախագծի առաջին հավակնորդը հայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է: Նա է շահել այդ պատվավոր մրցույթը:
Վիգեն Ավետիս. «Ես Հովհաննես Շահինյանին ճանաչում եմ 1975 թվականից, առաջին դասարանից: Հենց առաջին օրվանից էլ ինքը տարբերվում էր բոլորիցս: Նա միշտ մեզանից տարբերվել է: Ինքը տեսակով լիդեր է, առաջնորդ: Ինչին ինքը հասել է` իր կյանքի բնական ճանապարհն է, որովհետեւ ինքը էությամբ առաջ գնացող մարդ է, ինքը դրա համար է ծնվել, ծնվել է լիդեր լինելու համար, ճիշտ այնպես, ինչպես ես ծնվել եմ քանդակագործ լինելու համար: Ինքը դեռ փոքր ժամանակվանից միայն իր համար չէր ապրում, բոլորիս էլ կոպիտ ասած՝ տեր էր կանգնում եւ հոգեպես, եւ ֆիզիկապես, մի խոսքով պատասխանատվության զգացումը նրա մեջ շա՜տ-շա՜տ մեծ էր դեռ մանկուց: Եվ սովորելու մեջ էր նա առաջինը, եւ բոլոր հարցերում: Նրա ամենամեծ կարողությունը աճելու, ավելիին ձգտելու եւ հասնելու կարողությունն է: Եվրոպական քաղաքներում շատ են շատրվանները, եւ Ֆլորենցիայում տեսնելով, թե որքան են այդ շատրվանները գեղեցկացնում քաղաքը, ինչպիսի միջավայր են դրանք ստեղծում, Հովհաննես Շահինյանն առաջարկեց Արաբկիրի համար շատրվանի նախագիծ մտածել: Այսօր արդեն այն իրականություն է, եւ շուտով կտեղադրվի այգում: Էպոսի մոտիվներով այս շատրվանը հրաշալի նվեր կլինի արաբկիրցիներին եւ ընդհանրապես Երեւանին: Այգում, քաղաքում պետք է մշակույթը ապրի ու ստեղծվի»:
Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ժիրայր Դադասյան. «Հովհաննես Շահինյանը կիրթ, հավասարակշռված, երիտասարդ, գրագետ եւ ամենակարեւորը՝ ժամանակակից մտածողության կրող է, ու դա արդեն երեւում է մեր Արաբկիրում: Ես Արաբկիրում եմ ապրում, եւ մեր համայնքում նրա երիտասարդական ավյունը գտնում է իր դրսեւորումները: Ես շատ կուզեի, որ մյուս համայնքներում էլ համայնքների ղեկավարները լինեին նույնքան կիրթ, բարետես եւ գրագետ, ինչպես մեր համայնքապետ Հովիկ Շահինյանն է»,- ասաց նա իր ելույթում` կոչ անելով արաբկիրցիներին սեպտեմբերի 7-ին իրենց ձայնը տալ գործող թաղապետ Հովհաննես Շահինյանին:
Պարարվեստի եւ պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյան. «Առաջին անգամն է իմ կյանքում, որ ես որեւէ ընտրարշավում, որեւէ թեկնածուի մասին խոսք եմ ասում: Հովհաննես Շահինյանը միշտ կանգնած է մշակույթի, երիտասարդության կողքին: Մարդ, որը մշակույթի նկատմամբ նման մոտեցում ունի, մարդ, որն այսօր «Սասնա ծռեր» էպոսի մոտիվներով հուշարձան-շատրվան, Հովհաննես Թումանյանի «Գիքորը», սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի համերգային ծրագիրը եւ մշակութային այլ նախագծեր է հովանավորում, արժանապատիվ ձեւով կարող է կրկին իր թեկնածությունն առաջադրել: Նման մարդը պարզապես իրավունք չուներ չառաջադրվելու, եւ եթե նույնիսկ ինքն էլ չցանկանար առաջադրվել, ապա մենք` արաբկիրցիներս, պետք է առաջադրեինք նրա թեկնածությունը»:
Կամերային թատրոնի գլխավոր ռեժիսոր Արա Երնջակյան. «Ես շատ գոհ եմ, թե ինչպես է մեր համայնքապետը` Հովհաննես Շահինյանը, ղեկավարում մեր համայնքը: Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել, դա բոլորն են տեսնում: Այլ բանից կխոսեմ: Կամերային թատրոնը, որը ես ղեկավարում եմ, գտնվում է ուրիշ համայնքում, բայց շատ հաճախ մեր հյուրն է լինում Հովհաննես Շահինյանը, կարելի է ասել` բոլոր ներկայացումները նա տեսել է: Սա խոսում է այն մասին, որ ինքը արվեստին շատ մոտ մարդ է, իսկ արվեստին մոտ կանգնած մարդիկ վատը չեն լինում: Այս իմաստով նա ինձ համար շատ դրական կերպար է»: