Ռուսական մարտաֆիլմ՝ քեոսայանական երանգով

24/08/2008

Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը վերջերս ավարտել է իր նոր ֆիլմի նկարահանումները, որոնք տեղի են ունեցել անապատում։ Ֆիլմի գործողության վայրը չի նշվում, դա ինչ-որ արեւելյան մի երկիր է, որը սովոր է արյունալի իրադարձությունների, եւ որտեղ ծաղկում են մարմնավաճառությունն ու թմրադեղերի եւ զենքի վաճառքը։ «Միրաժ» անվանումն ունեցող ֆիլմը երեք երիտասարդ կանանց մասին է, որոնցից յուրաքանչյուրը անձնական խճճված հարաբերություններից փախչել ցանկանալով՝ գալիս է վերացական ու անհայտ մի երկիր՝ փորձելով կյանքի նոր էջ սկսել։ Մի կինը սիրուց է փախչում, մյուսը միանում է էքսպեդիցիային ու գիտական աշխատանքներ է ուզում կատարել հեռավոր մի վայրում, իսկ երրորդը՝ ակամա դառնալով սպանության վկա՝ ստիպված է լքել Ռուսաստանը, քանի որ կյանքին իրական վտանգ է սպառնում։

Կանայք հայտնվում են անապատի ու ծովի շրջափակման մեջ, «Մեռյալ քաղաք» անվանումն ունեցող մի բնակավայրում եւ կյանքի բերումով դառնում են քաջ ու անխնա «ամազոնուհիներ», որոնց պաշտպան է դառնում ռուսական ժամանակակից «կոմանդոսը»։ Ֆիլմում շատ են մարտական տեսարաններն ու կասկադյորական հնարքները։

Արդյունքում՝ երեք կանայք, որոնք պիտի սեքս-ստրկուհիների վերածվեին, կարողանում են «վատ» մարդկանցով համալրված մի ողջ զորքի «ծնկի բերել»։ Ֆիլմում գործում է նաեւ ժամանակակից «Ջեյմս Բոնդը»՝ աղջիկների փրկիչը։ Ֆիլմը թեթեւ, ծիծաղելի, արկածային ժանրի ֆիլմ է։ Իսկ անվանումն արդեն իսկ հուշում է, որ ռեժիսորի համար կինոն հենց միրաժ՝ պատրանք ստեղծելու արվեստ է։ Ֆիլմը, որտեղ շատ են խորհրդային ու համաշխարհային ֆիլմերի սյուժետային ու տեսարանային զուգահեռները, ավարտվում է հետեւյալ կադրով. «այրվող» արեւի ֆոնին հայտնվում է միայնակ ձիավորը։ Տիգրան Քեոսայանը չէր կարող չակնարկել, որ ռուսական «վեստերնի» հիմնադիրը եղել է իր հայրը՝ կինոռեժիսոր Էդմոն Քեոսայանը, ում ամենահայտնի՝ «Անորսալի վրիժառուները» ֆիլմը կինոկլասիկա է համարվում եւ շատերի հիշողության մեջ մնացել է նման ֆինալային տեսարանով։ Ֆիլմի գլխավոր դերակատարուհիներից մեկը Տ.Քեոսայանի կինն է՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, ով ֆիլմում նկարահանվելու համար ստիպված է եղել պրոֆեսիոնալ կրակել ու կռվել սովորել։ Նա պատմել է, որ իրենք նկարահանումների էին տարել իրենց 14-ամյա դստերը՝ Սաշային, ով ուշադրությամբ հետեւում էր, թե ինչպես է աշխատում իր հայրիկը, եւ օգնում էր գրիմյորներին ու դեկորատորներին։ Ալեքսանդրա Քեոսայանի ծնողները կարծում են, որ նա անպայման կինեմատոգրաֆի հետ կապված մասնագիտություն ձեռք կբերի։