Վերջերս լրատվամիջոցներով հաղորդվեց այն մասին, որ Գառնիի մի բնակիչ ապօրինաբար դրամ է շորթում հանգստի կամ խնջույքի նպատակով մեքենաներով Գառնու ձոր իջնող անձանցից: Արդյոք այդ ապօրինի գործունեությունը կանխվե՞ց: Ականատեսների վկայությամբ` ոչ: Արդյոք Գառնու ձորը միա՞կ դեպքն է: Կրկին` ոչ:
Մայիս ամսին ես «168 Ժամ» թերթի միջոցով առիթ ունեցա խոսելու զբոսավարության ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին` հպանցիկորեն անդրադառնալով դեպի Հաղարծինի վանքը տանող անտառային ճանապարհի (Դիլիջանից մոտ 5 կմ հեռավորությամբ)` խնջույքի եւ հանգստի գոտիների ծայրահեղ աղտոտվածության մասին: Վերջերս հանգստացողի կարգավիճակով առիթ ունեցա անձամբ գտնվելու այնտեղ, ինչը եւ ստիպեց ավելի մանրամասն անդրադառնալու ինչպես՝ այնտեղ առկա բնապահպանական խնդիրներին, այնպես էլ` իրականացվող ակնհայտաբար ապօրինի դրամաշորթության գործունեությանը:
Գեղատեսիլ եւ զով վայր լինելով` շաբաթ եւ կիրակի օրերին Հաղարծին տանող ճանապարհը վեր է ածվում հանգստի աշխույժ գոտու, ուր մարդիկ գալիս են ընտանիքներով կամ ծանոթ-բարեկամներով` խորոված ուտելու եւ հաճելի ժամանցի։ Իհարկե, այդ մարդկանցից քչերն են մտահոգվում տարածքի բնապահպանությամբ եւ մաքրությամբ, եւ նրանց մեկնելուց հետո ամենուրեք երեւում են ցիրուցան եղած միանգամյա օգտագործման սպասք, տոպրակներ, շշեր եւ այլ աղբ: Հաջորդ եկողներն էլ իրենց խնջույքն անցկացնում են այդ աղբի մեջ կամ հարեւանությամբ եւ, հետեւելով չգրված այն օրենքին, որ եթե մյուսներն անում են, ինչո՞ւ մենք էլ չանենք, թողնում են իրենց աղբն ու հեռանում: Եզակի մարդիկ են հետեւում հազվադեպ երեւացող ցուցանակներին, որոնք մաքրություն պահպանելու կոչ են անում եւ իրենց աղբը նետում են արդեն իսկ աղբից «պայթող» աղբամանների ուղղությամբ, իսկ ավելի հազվադեպ` իրենց հետ տանում են քաղաք` այնտեղ դրանից ձերբազատվելու համար: Այս ամենի ֆոնին գտնվում են ձեռներեց մարդիկ, որոնք փորձում են օգտվել «քեֆ անող» մարդկանց լավ տրամադրությունից եւ ստիպում են վճարել 3000 դրամ՝ այդ աղբանոցում ժամանակ անցկացնելու համար:
Սցենարը հետեւյալն է: Երբ խնջույքի մասնակիցներն արդեն կուշտ են` սպառվել է խորովածը, ալկոհոլն էլ բարձրացրել է բոլորի տրամադրությունը, եւ արդեն անցել են ձմերուկին, կարծես օդից ընկնում է ժպտացող եւ կլորիկ դեմքով մի անձնավորություն, որը ներկայանում է որպես Աշոտ Սարգսյան` «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից, հարցնում է ներկաների որպիսությունը, կոչ անում մեկնելուց հավաքել աղբը եւ խնդրում վճարել 3000 դրամ, քանի որ հանգստի գոտին վճարովի է: Այստեղ «քեֆները լավ» տղամարդիկ սկսում են մեկը մյուսի հետ մրցել, թե ով ավելի շուտ կհանի դրամապանակը եւ կվճարի պահանջվող գումարը` պատվի հարց է: Վճարելուց հետո էլ Աշոտ Սարգսյանը հրավիրվում է սեղանից օգտվելու եւ «մի թաս բան» խմելու, որից հետո էլ իր առաքելությունն ավարտված համարելով` հեռանում է այլ «քեֆչիներ» որոնելու: Սակայն միշտ չէ, որ Աշոտ Սարգսյանը հանդիպում է «հասկացող» եւ «բարեհաճ» հաճախորդների, պատահում են նաեւ այնպիսիք, որ, մեր լեզվով ասած, կկոչվեին գիտակից, իսկ նրա տեսանկյունից` ավելորդ հետաքրքրասեր հաճախորդներ: Այս դեպքում էլ նրա հայտնվելու պահը եւ արտաբերվող նախաբանը նույնն է, այլ է գիտակից հաճախորդի արձագանքը: Վերջինս նախ հարցական հայացքով իր շուրջն է նայում` նկատելու համար փոքր իսկ նշում կամ ցուցանակ տարածքի վճարովի հանգստի գոտի լինելու մասին եւ այդպիսին չգտնելով՝ դիմում է իր սեղանակիցներին` ճշտելու համար՝ արդյոք նրանք այդպիսի ցուցանակ նկատե՞լ են: Բացասական պատասխան ստանալով` նա դիմում է Ազգային պարկի «աշխատակցին»` հայտնելու համար, որ եթե ոչ մի զգուշացում չկա, ինչի՞ հիման վրա պետք է վճարել: Այդ պահին «աշխատակիցը» գրպանից վկայական է հանում, որով իբր փաստվում է, որ նա ՀՀ Բնապահպանության նախարարության ենթակայությամբ գտնվող «Դիլիջան» ազգային պարկ-արգելոցի աշխատակից է (հայցում ենք ընթերցողի ներողամտությունը հեռախոսով կատարած լուսանկարի որակի համար), ցույց տալիս հաճախորդին եւ հավելում, որ վճարման դիմաց տրվում են «Դիլիջան» Ազգային պարկ-արգելոցի տնօրինության կողմից կնքված կտրոններ: Հաճախորդը հակաճառում է` ասելով, թե ժամանակակից տեխնիկական միջոցների առկայության պայմաններում կարելի է հազարավոր այդպիսի վկայականներ եւ կտրոններ պատրաստել, եւ, որ խնդիրն այստեղ այն է, որ, փաստորեն, մարդիկ նախապես չզգուշացվելով վճարման մասին, հայտնվում են կայացած փաստի` գումար վճարելու պարտավորության առջեւ, եւ հավելում, որ հրաժարվում է վճարում կատարելուց: «Աշխատակիցը» այստեղ հանում է իր զինանոցի «պահեստային զենքը», որն իր կարծիքով՝ պետք է վերջնականապես վախեցնի հաճախորդին եւ ստիպի վճարել: Նա հայտարարում է, որ տնօրենի կարգադրությունն է՝ գրանցել չվճարող հաճախորդների ավտոմեքենաների համարանիշները` հետագայում մեքենայի տիրոջը տուգանելու նպատակով: Սակայն այստեղ էլ գիտակից հաճախորդը չի կորցնում իր զգոնությունն ու մի պարզ հարց է ուղղում «աշխատակցին»` իսկ ո՞ր պետական գերատեսչության միջոցով է ավտոմեքենայի տիրոջը տուգանքի մասին ծանուցում ուղարկվում, մի՞թե Պետավտոտեսչության: Հարցը շփոթության մեջ է գցում «աշխատակցին», ստիպում խճճվել պատասխանների մեջ եւ արդարանալ, թե իբր նա իր գործն է կատարում: Ի վերջո, չկարողանալով համոզել համառ հաճախորդին` նա շրջվում է եւ հեռանում:
Այս իրավիճակն ակամա բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանն ակնկալում եմ համապատասխան օղակներից, մասնավորապես` ՀՀ Բնապահպանության նախարարությունից, որի անունից հանդես է գալիս վերոհիշյալ անձը, եւ օրինապահ մարմիններից.
1. Ունի՞ արդյոք «Դիլիջան» ազգային պարկն իր տարածքում առկա հանգստի գոտիների վրա ֆինանսական տնօրինության իրավասություն, այլ կերպ` իրավասո՞ւ է արդյոք հանգստի եկած քաղաքացիներից գումարներ պահանջել:
2. Եթե այո, ապա
ա) ինչո՞ւ չկան քաղաքացիներին այդ մասին ծանուցելու պատշաճ միջոցներ (ցուցանակներ, հսկիչ կետեր), փաստացիորեն ոտնահարվում է անձի տեղեկացված լինելու իրավունքը,
բ) ինչո՞ւ չկան տեսանելի ներդրումներ հանգստի այդ տարածքները գոտեւորելու համար` ցանկապատած տարածքներ, զուգարաններ, որի առկայության դեպքում քաղաքացիներից գումար պահանջելն արդարացված կլիներ, մինչդեռ հիմնականում հանգստի գոտիներն այն տարածքներն են, որտեղ դեռ խորհրդային ժամանակներից մարդիկ աղբյուր-հուշարձան եւ տաղավար են կառուցել իրենց մահացած հարազատի հիշատակը հավերժացնելու նպատակով,
գ) ինչո՞ւ պատշաճ կերպով չի կազմակերպվում աղբահանությունը, աղբամանները լիքն են, իսկ հարակից տարածքները` աղբակույտերով լի, ավելին` որոշ դեպքերում հիմք կա ենթադրելու, որ աղբամանները դատարկվում են հենց տեղում, քանի որ դրանցից մի քանիսի մոտակայքում եղած զառիթափ մասերը լի են աղբով:
3. Եվ վերջապես, եթե այդ գոտիներն իսկապես վճարովի են, ինչո՞ւ չկա տարբերակված մոտեցում, ստացվում է, որ, ասենք, Հաղարծին այցելող մարդիկ, որոնք ուղղակի ցանկանում են ճանապարհին կես ժամով կանգ առնել եւ մի բրդուճ ուտել, եւ այդտեղ ամբողջ օրով եկած մարդիկ պետք է վճարեն միեւնույն գումարը:
Բարձրացված հարցերը հիմք են տալիս ենթադրելու, որ եթե նույնիսկ Աշոտ Սարգսյանը «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից է, ասենք, օրինակ` հսկիչ-անտառապահ, ապա նրա (եւ միգուցե նրա վերադասի) գործողություններն ապօրինի են: Հարցը պարզելու գործը թողնում ենք օրինապահ մարմիններին: