Էներգետիկ ճգնաժամ Մոսկվայում

01/06/2005

Երեկ Մոսկվայի ժամանակով ժամը 11 անց 30-ի սահմաններում հոսանքազրկվել են
Մոսկվայի Հարավային, Հարավ-արեւելյան, Հարավ-արեւմտյան եւ մասամբ,
Կենտրոնական եւ Արեւելյան թաղամասերը, ինչպես նաեւ Մոսկվայի մարզը:
Հոսանքազրկվել է նաեւ Օդինցովոյի շրջանը, որտեղ տեղակայված է Տիեզերական
զորքերի հրամանատարական կետը: Հոսանքազրկման պատճառ է դարձել
«Մոսէներգոյում» առաջացած վթարը: Հետագայում պարզվել է, որ վթարներ՝
հրդեհներ են տեղի ունեցել նաեւ այլ տեղամասերում: Հոսանքն անջատվել է նաեւ
Մոսկվայի Մետրոպոլիտենում, գնացքներում եւ թունելներում մնացել են ավելի
քան 20.000 ուղեւորներ: Օրվա ընթացքում պարալիզացվել է նաեւ վերգետնյա
տրանսպորտի աշխատանքը, խափանվել է բջջային կապը: Այս կապակցությամբ ելույթ
է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ կատարվածի համար մեղադրել «ՌԱՕ
ԵԷՍ» ընկերությանը, մասնավորապես՝ նրա ղեկավար Անատոլի Չուբայսին: Ավելի
ուշ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը Քրեական օրենսգրքի երկու
հոդվածներով քրեական գործ է հարուցել «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության նկատմամբ, իսկ
Անատոլի Չուբայսը հրավիրվել է հարցաքննության: Վերջինս նաեւ ներողություն
է խնդրել տեղի ունեցածի համար: Մոսկվայի էլեկտրամատակարարումը երեկ
երեկոյան մասամբ վերականգնվել էր, սակայն Ռուսաստանի մայրաքաղաքում
խուճապային իրավիճակը դեռեւս պահպանվում է:
Հիշեցնենք, որ վերջերս խոսակցություններ կային, թե «ՌԱՕ ԵԷՍ»-ը ցանկանում
է գնել Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը: Իսկ ընդհանրապես, Հայաստանի
էներգետիկ հզորությունների շուրջ 80%-ը պատկանում է Ռուսաստանին: Ահա թե
ում է Հայաստանը վստահել իր էներգետիկ անվտանգությունը: