«Ազատություն» ռադիոկայանի Երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Հրաչիկ Մելքումյանը, որ օգոստոսի 18-ի երեկոյան ծեծի էր ենթարկվել անհայտ անձի կողմից, օգոստոսի 19-ին դիմել է ՀՀ Ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ օգոստոսի 18-ին` ժամը 21:30-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում, Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում գտնվող պուրակում անհայտ անձը ձայնարկել է «Հրաչիկ» անունը, որից հետո, երբ ինքը մոտեցել է, անծանոթը բռունցքով հարվածել է իր դեմքին եւ մարմնի տարբեր մասերին` հայհոյանքներ տեղալով «Ազատություն» ռադիոկայանի հասցեին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կենտրոնականի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր, միաժամանակ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: