«Կոսովոն եզակի է»

24/08/2008

Ըստ ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա առաջնահերթություն է: Երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Կոսովոյի անկախացումը նախադեպ չէ՞ Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համար, Բրայզան պատասխանել է. «Անշուշտ, մենք գիտենք, որ Ռուսաստանի կառավարությունում կան այնպիսիք, ովքեր ցանկանում էին դա` որ Կոսովոն նախադեպ լինի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղի ունեցածի համար: Իրավականորեն` դրա համար բացարձակապես հիմք չկա»: «Միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ ես դա որեւէ հայ բարեկամի ասում եմ զգուշորեն, գերակա առաջնահերթություն ունի, երբ մենք սկսում ենք հակամարտության կարգավորման գործընթաց` անջատողական հակամարտության կարգավորման: Դա պարզապես միջազգային իրավունքի փաստ է: Տարածքային ամբողջականությունը միջազգային իրավական սկզբունք է,- հայտարարել է Բրայզան` ընդգծելով,- Որոշ հակամարտությունների դեպքում մենք ասում ենք` եթե երկու կողմերը որոշեն, որ կարող են փոխզիջման գալ, որը ընդգրկի միջազգային դիվանագիտական պրակտիկայի կամ միջազգային իրավունքի այլ տարրեր, ինչպես` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հրաշալի է: Դա ենք մենք ցանկանում անել Ղարաբաղի դեպքում` բանակցությունների միջոցով հասնել քաղաքական փոխզիջման, որը հաշվի կառնի այդ երկու սկզբունքն էլ»: Կոսովոյի դեպքում, Մ. Բրայզայի համոզմամբ` գործի է դրվում միջազգային իրավունքի կամ միջազգային իրավական պրակտիկայի մեկ այլ սկզբունք: Այն է` «եթե առկա է լուրջ հումանիտար ճգնաժամ, տարածքային ամբողջականության գերակայությունը առկախվում է, եւ միջազգային հանրությունը իրավունք է ունենում առաջարկել կամ փնտրել այդ հակամարտության կարգավորման մեխանիզմներ»։ «Դա է, որ տեղի ունեցավ Կոսովոյում, եւ դա է, որ մեզ հանգեցրեց Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձեւին, որը միջազգային հանրությանը հնարավորություն տվեց (Ֆինլանդիայի) նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի հետ համատեղ աշխատել նրա ծրագրի վրա: Այսպիսով, սրանք բացարձակապես տարբեր իրավիճակներ են` հիմնված միջազգային իրավական պրակտիկայի վրա: Եվ ես, մենք չենք գտնում, թե Կոսովոն նախադեպային բնույթ ունի: Այն եզակի է»,- հայտարարել է Մեթյու Բրայզան: