«Ռուսաստանը դուրս է գալիս օրենքի շրջանակներից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը՝ մեկնաբանելով Վրաստանից իր զորքերն անհապաղ դուրս բերելու Ռուսաստանի մերժումը: CBS հեռուստաալիքի եթերում Ռայսն ասել է, որ Ռուսաստանն «ավելի ու ավելի է օրենքից դուրս մնում այս հակամարտությունում»: Այս հայտարարությունն ԱՄՆ պետքարտուղարն արել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարությունների ղեկավարների արտահերթ հանդիպումից հետո: Ռայսի կարծիքով, Ռուսաստանը «բացահայտորեն խախտում է» հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը, որը ստորագրել են ռուսաստանյան եւ վրացական կողմերը: Նա նաեւ հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորների գործողությունները «միանգամայն չեն համապատասխանել հարեւան երկրների հետ հարաբերություններին»: Մոսկվայի վարկը, Ռայսի խոսքով, կարող է «էլ ավելի վատանալ», եթե Ռուսաստանը չհարգի Վրաստանից զորքերի դուրսբերման իր պարտավորությունները: «Ռուսաստանն ինքը կարող է ամբողջովին ոչնչացնել խոշոր միջազգային ինստիտուտներում ինտեգրացման ուղին»,- ասել է նա: