«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը դեռեւս մեկ շաբաթ առաջ, երբ ծեծի ենթարկվեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը, հանդես էր եկել «Լրագրողների իրավունքների պաշտպանության հանրապետական խորհուրդ» ստեղծելու մասին առաջարկությամբ:
«Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի հետ օգոստոսի 18-ին տեղի ունեցած բռնությունից հետո Ռուբեն Թորոսյանն այլեւս նման խորհրդի ստեղծումը համարում է հրատապ: Նա վստահ է, որ Հրաչ Մելքումյանի հանդեպ իրականացված բռնարարքը հաստատում է իր առաջարկի հրատապությունը: «Այս անգամ բիրտ ուժի կիրառման թիրախ է ընտրվել Հայաստանի, թերեւս, ամենահամեստ լրագրողներից մեկը: Միաժամանակ, կարծում ենք, որ այս բռնարարքն իրականացվել է վրաց-ռուսական հակամարտության շրջանակներում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ազատություն» ռադիոկայանը վրաց-ռուսական հակամարտության թեժ օրերի ամենաօպերատիվ եւ օբյեկտիվ տեղեկատվություն էր տարածում Հայաստանի քաղաքացիներին: Ուղղակի որոշ ուժեր որոշել են նաեւ այս ձեւով իրենց նվիրվածությունը ցուցաբերել Ռուսաստանի իրենց գործընկերներին»,- ասում է Ռուբեն Թորոսյանը: Մեր հարցին, թե այս խորհուրդն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ, Ռ. Թորոսյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում մեծ նշանակություն ունեն լրատվամիջոցների աշխատանքները, դրա համար արժե ստեղծել նման խորհուրդ, որտեղ կընդգրկվեն հայտնի իրավապաշտպաններ եւ քաղաքական գործիչներ, ինչո՞ւ չէ` նաեւ պետական մարմինների աշխատակիցներ»: Ռ. Թորոսյանի ասելով` վերջիններս կարող են եւ չընդգրկվել «Լրագրողների իրավունքների պաշտպանության հանրապետական խորհրդում», բայց իրենց հետ անպայման անհրաժեշտություն կլինի հանդիպել: «Բայց միայն այն, որ Հայաստանում առաջարկվում է ստեղծել «Լրագրողների իրավունքների պաշտպանության հանրապետական խորհուրդ», ու հանկարծ ստեղծվի, դա արդեն, իմ կարծիքով` շատ մեծ նշանակություն կունենա: Քանի որ, եթե դրսում լսեն, որ արդեն բանը հասել է նրան, որ Հայաստանում ստեղծում են «Լրագրողների իրավունքների պաշտպանության հանրապետական խորհուրդ», կսարսափեցնի մեր իշխանություններին»,- ասում է Ռ. Թորոսյանը:
Մեզ հետ զրույցում Ռ. Թորոսյանը հիշեցրեց, որ իր նախաձեռնությամբ նմանատիպ խորհուրդ ստեղծվել էր նաեւ 1996թ., որի միջոցով, ըստ նրա` հնարավոր եղավ մի շարք քաղբանտարկյալների ազատ արձակումը: «Այն ժամանակ պետական մարմինների հետ մենք պարզաբանում էինք առաջացած հարցերը: Այսինքն` մենք անում էինք այն, ինչ չէր անում ԱԺՄ-ն: Այժմ մենք այս խորհրդով կանենք բոլոր այն աշխատանքները, որոնք պետք է անեն պետական մարմինները, բայց չեն անում»,- համոզված է նա: Ըստ Ռ. Թորոսյանի` 1996թ. ստեղծած իրենց խորհուրդը շատ մեծ արդյունք է տվել, որովհետեւ հենց «մեր շնորհիվ շատ քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին»: «1996 թվականի դեպքերը հիշում են բոլորը, եւ այն ժամանակ, ովքեր պետք է զբաղվեին այդ գործերով, չզբաղվեցին, առաջին հերթին ես նկատի ունեմ ԱԺՄ-ին, մենք զբաղվեցինք: Սիլվա Կապուտիկյանն ու էլի մի շարք հայտնի մարդիկ կային այդ հանձնաժողովում, եւ մենք առանց պրոբլեմների հանդիպումներ էինք ունենում Դատախազության, Ոստիկանության եւ այլ պետական մարմինների աշխատակիցների հետ ու պարզում էինք մեզ մոտ առաջացած հարցերը: Արդյունքում մենք մեկ տարվա մեջ հասանք նրան, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին: Նույնիսկ եղան դեպքեր, երբ հենց դատարանների դահլիճներից ազատվեցին: Կարող է այդ քաղբանտարկյալները հետո էլ ազատ արձակվեին, բայց այդ ժամանակ նրանք դեռ մի երկու տարի էլ կարող է նստեին: Մենք այն ժամանակ տարաբնույթ միջոցառումներ էինք անցկացնում»,- հիշեցնում է Ռ. Թորոսյանը` հավելելով, թե այժմ էլ պետք է փորձել լրագրողների համար նման խորհուրդ ստեղծել:
Իսկ թե նման խորհրդի ստեղծումն արդյոք կկանխի՞, որպեսզի հետագայում էլ լրագրողների նկատմամբ բռնություններ չլինեն` Ռ. Թորոսյանը դժվարանում է ասել:
«Հայաստանում այնքան դժվար է կոնկրետ հարցերի պատասխանել, որ այս դեպքում էլ ոչինչ չեմ կարող ասել: Հայաստանում ամեն ինչ շատ անկանխատեսելի է, բայց ես կարծում եմ, որ եթե նման հեղինակավոր խորհուրդ ստեղծվի Հայաստանում` կկանխվի, բա ի՞նչ պետք է անի: Բա ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի, ինչպես ասում են` բանը բանից անցել է վաղուց»,- հայտարարեց նա: Ռ. Թորոսյանի ասելով` անպայման պետք է ստեղծել «Լրագրողների իրավունքների պաշտպանության հանրապետական խորհուրդը», եթե նույնիսկ կան մարդիկ, ովքեր մտածում են, թե այն չի կարող կանխել լրագրողների նկատմամբ հաճախակի դարձած բռնությունները: «Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել: Երբ լրագրողներդ ինչ-որ համարձակ հոդված եք գրում, չեք մտածում, չէ՞, որ այն կկանխվի, բայց գրում եք` չէ՞: Նույնն էլ սա է: Ես ասում եմ` եկեք ստեղծենք, երբ ստեղծվի` այն արդեն կդառնա առերեւույթ մի բան, եւ թեկուզ մի հսկայական հարված կլինի Հայաստանի ժողովրդավարության այս ստից պահվածքին: Կարծում եմ` դրանից հետո արդեն միջազգային կազմակերպությունները կսկսեն մեր հետ համագործակցել ու, ի վերջո, մի արդյունք կունենանք: Ես չեմ իմանում` «Լրագրողների իրավունքների պաշտպանության հանրապետական խորհուրդ» ստեղծելուց հետո լրագրողներին էլի կծեծե՞ն, թե՞ չեն ծեծի, բայց, իրոք, արժե քայլեր ձեռնարկել եւ տեսնել, թե ինչը կօգնի, որպեսզի այլեւս նման երեւույթները բացառվեն»,- հայտարարեց Ռ. Թորոսյանը` հավելելով, թե այժմ ինքը սպասում է արձագանքներին, որից հետո պարզ կդառնա, թե ովքեր են զբաղվելու լրագրողների իրավունքների պաշտպանությամբ: «Լուսինեին ծեծելուց հետո ենք մենք նման հայտարարություն տարածել, սակայն այս ընթացքում որեւէ արձագանք չի եղել: Սակայն Հրաչ Մելքումյանի դեմ իրականացված բռնությունից հետո մենք մտածեցինք, որ այս խնդիրն այլեւս հրատապ է, եւ նորից որոշեցինք թարմացնել այն: Լավ կլինի, որ արձագանքներ լինի, սակայն եթե չլինեն, մենք կորոշենք, թե ինչպես պետք է ստեղծենք այդ խորհուրդը: Բայց որ պետք է ստեղծենք` դա հաստատ է»,- վստահեցրեց նա: