«Դաշնակցությունը» տեմպ է ուզում

24/08/2008

Վերջին շրջանում Դաշնակցության ու կոալիցիոն մյուս կուսակցությունների պատգամավորներն իրար ինչ-որ մեղադրական «մեսիջներ» են հղում, հետո սկսում են իրար պատասխաններ տալ ու կարծես թե հայտնվել են հեռակա բանավեճի մեջ:

ՀՅԴ-ն որոշակի դժգոհություն է արտահայտում կառավարության գործունեության նկատմամբ, մյուս կուսակցությունների ներկայացուցիչներն էլ հակադարձում են, թե ՀՅԴ-ին ոչ մեկը չի ստիպում մնալ կոալիցիայի մեջ: Ի վերջո, ինչո՞ւ կամ ինչի՞ց են դժգոհում դաշնակցականները: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում ասաց, թե իրենց չեն գոհացնում մեր երկրի զարգացման տեմպերը:

«Կոալիցիայի համաձայնագրի հիմքում դրված են 22 առաջնահերթ խնդիրներ, որոնց չլուծված լինելն արդեն նշանակում է, որ մեր զարգացման ընթացքը դանդաղ է: Նույնը վերաբերում է Եվրախորհրդի ընդունած 1609 եւ 1620 բանաձեւերին, որին մենք համաձայնություն ենք հայտնել: Իսկ այդ հաստատումները եթե որեւէ մեկը կարդա, կտեսնի, որ բոլոր պարտավորությունները կատարելու ուղղությամբ տեմպերի դանդաղության մասին է խոսքը գնում: Ուղղակի կատարման ժամկետներ են դրված: Դա նշանակում է, որ մենք գործ ունենք այդ իրականության հետ, եւ դա չտեսնելը նշանակում է՝ նաեւ խնդիրները չտեսնել, կամ չտեսնել մեր ժողովրդի հսկայական զանգվածի մոտ կուտակված դժգոհության հիմքերն ու պատճառները: Պարզապես մեր որոշ գործընկերներ պետք է սովորեն, որ եթե իշխանության մեջ են, դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է ներկայացնեն վարդագույն: Ասեն միայն դրականը եւ չասեն եղած խնդիրները: Այդ բոլոր խնդիրները նախեւառաջ իշխանությունները պետք է լուծեն, եւ ինչի՞ պիտի դրա մենաշնորհը միայն ընդդիմությանը թողնվի: Ընդդիմությունն ու նաեւ ժողովուրդը պետք է իմանան, որ իշխանությունը նույնպես քաջատեղյակ է հասարակության մեջ առկա խնդիրներին, լուծման համապատասխան եղանակներ է փնտրում եւ ընթացքի գնահատում է կատարում: Եթե մենք ընթացքի գնահատումը չկատարենք, ինքնագոհության մեջ հայտնվելով` Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ մի օգտակար գործ չենք կարողանա անել: Ավելին ասեմ` տեմպը վերացական հասկացություն չէ: Եթե մենք չենք կարողանում լուծել խնդիրները, քան դրանք կուտակվում են հասարակության մեջ, ուրեմն մենք տեմպերի հետ կապված խնդիր ունենք: Եթե դրանք կուտակվել են, նշանակում է, մենք արագընթաց զարգացումով չենք առաջ գնացել: Մեր խնդիրն այսօր երկրին թռիչքաձեւ զարգացում ապահովելն է: Եթե խոսում ենք տնտեսական բարձր տեմպերի մասին, պետք է նաեւ իմանանք, որ ունենք չավարտված պատերազմ: Ճիշտ է, մեր երկիրն այսօր երկնիշ աճ ունի, բայց մեր հարեւան Ադրբեջանի տնտեսական աճը 25-30 տոկոսի է հասնում: Եթե, Աստված չանի, վաղը նրանք նավթադոլարների ոգեւորությունն ապրելով` փորձեն նոր պատերազմ սկսել, ու մենք այդ պատերազմը տանուլ տանք, ապա արդարանալն ուշ կլինի: Պետք է գտնել ռեսուրսներ, ամբողջական օգտագործել հայ ժողովրդի ներուժը եւ զարգացման տեմպերը բարձրացնել: Հակառակ դեպքում մենք մեր առջեւ դրված խնդիրները, կոալիցիոն համաձայնագրով արձանագրված 22 առաջնահերթ խնդիրները չենք լուծի: Դա նշանակում է, որ կոալիցիան իրեն չի արդարացնի»: Իսկ եթե իշխանությունները չապահովեն ՀՅԴ-ին գոհացնող տեմպ, այդ դեպքում կուսակցությունը դո՞ւրս կգա կոալիցիայից` մեր հարցին ի պատասխան՝ Ա. Ռուստամյանն ասաց. «Դա երբեք էլ բացառված չէ»: