Երկու օր առաջ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը Ազգային
ժողովին ներկայացրեց ԿԲ տարեկան հաշվետվությունը: Ինչպես միշտ, կիսադատարկ
դահլիճում պատգամավորները լսեցին հաշվետվությունը, ԿԲ նախագահին որեւէ
լուրջ հարց չտվեցին՝ փոխարենը հնարավորություն տալով վերջերս իր պաշտոնում
հաստատված Տիգրան Սարգսյանին՝ անկաշկանդ ներկայացնել 2004 թվականին ԿԲ-ի
արձանագրած «հաջողություններն» ու «ձեռքբերումները»:
Որպես հիմնական ձեռքբերում՝ Տիգրան Սարգսյանը նշել է ծրագրված 3%-անոց
գնաճի ապահովումը, որը տարեվերջին կազմել է 2%: Տնտեսական աճը, նախապես
ծրագրված 7%-ի փոխարեն՝ կազմել է 10,1%: Դրամի արժեւորումը, ըստ
Կենտրոնական բանկի նախագահի, տնտեսության վրա ունեցել է ոչ թե բացասական,
այլ դրական ազդեցություն, քանի որ դրանով ապահովել է կայուն միջավայր,
ինչն անհրաժեշտ է տնտեսության զարգացման համար: Ինչ վերաբերում է դրամի
արժեւորման պատճառներին, ապա, ինչպես վերջին մի քանի ամիսներին, Ազգային
ժողովում էլ Տիգրան Սարգսյանն ասել է նույն բանը՝ համաշխարհային շուկայում
դոլարի արժեզրկումը եւ ներքին գործոնները՝ 2004 թվականին արտասահմանից
Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտներն աճել են միանգամից 45 տոկոսով
եւ առաջացրել շուկայում դոլարի առաջարկի աճ: Թե ինչու են արտասահմանում
աշխատող մեր հայրենակիցները 45%-ով ավելացրել 10,1%-անոց տնտեսական աճ
արձանագրած երկրում ապրող իրենց հարազատներին ուղարկվող օգնությունը, մեղմ
ասած, անհասկանալի է: Գուցե իշխանություններին ու մասնավորապես
Կենտրոնական բանկին անհրաժեշտ էր, որ տրանսֆերտների աճ արձանագրվի
հատկապես 2004 թվականին: Չէ՞ որ, հենց անցած տարվա կեսից սկսվեց դրամի
արժեւորումը եւ այն, ինչ այսօր կատարվում է տարադրամի շուկայում, դրա
հետեւանքն է:
Հետաքրքիր է, որ պատգամավորները Կենտրոնական բանկի նախագահին գրեթե հարցեր
չուղղեցին: Իհարկե, հասկանալի է ներմուծմամբ զբաղվող պատգամավորների
«համերաշխությունը» Տիգրան Սարգսյանի հետ: Նրանք առնվազն կարող էին
շնորհակալություն հայտնել ԿԲ նախագահին՝ դոլարի արժեզրկման հետեւանքով
իրենց ստացած գերշահույթների համար: Տվյալ դեպքում՝ շնորհակալությունը
թերեւս ունեցել է միանգամայն ֆինանսական դրսեւորումներ, ինչի մասին,
բնականաբար, ԱԺ ամբիոնից չեն խոսում: Սակայն անհասկանալի էր այն քաղաքական
ուժերի ու պատգամավորների չեզոքությունը, որոնք մոտ մեկ ամիս առաջ, մեղմ
ասած, տարակուսում էին արտարժույթի շուկայում կատարվող գործընթացների ոչ
արհեստական լինելու հարցում եւ հայտարարում էին, թե պետք է տարադրամի
տատանումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպվեն: Սակայն
Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության ներկայացումն անցավ առանց որեւէ
լուրջ քննարկման, եւ Տիգրան Սարգսյանը, ստանալով հերթական «պտիչկան»,
կարող է հանգիստ շարունակել արտարժույթի շուկայում իրականացվող
«ասպատակությունները»:
Իսկ ինչ է այսօր կատարվում արտարժույթի շուկայում: Հայաստանում
գործնականում գոյություն չունի արժեթղթերի շուկա, բորսայական
գործառնություններ չեն կատարվում, եւ արտարժույթի շուկան իրականում
ձեւավորում են տարադրամի փոխանակման կետերը: Սակայն անցած տարվա
դեկտեմբերից այս ոլորտում կատարվող իրադարձություններից տպավորություն է
ստեղծվում, որ Կենտրոնական բանկը հետեւողականորեն տարադրամի փոխանակման
կետերը վերացնելու քաղաքականություն է վարում: 2004 թվականի դեկտեմբերին
ԿԲ-ի իրականացրած ստուգումների արդյունքում լիցենզիաներից զրկվեցին
տարադրամի փոխանակման 22 կետեր: Դրանից հետո գրեթե բոլոր տարադրամի
փոխանակման կետերում արտարժույթի փոխարժեքը հավասարեցվեց: Եթե նախկինում,
օրինակ Կասյան փողոցի կամ «Երեւան» կինոթատրոնի հարակից տարածքի տարադրամի
փոխանակման կետերը որոշիչ էին համարվում փոխարժեքի սահմանման հարցում, ապա
անցյալ տարեվերջից այդ տարբերությունը վերացավ: Տարադրամի փոխանակման
կետերի վրա հերթական «գրոհը» տեղի ունեցավ անցած շաբաթ: ԿԲ-ի հերթական
ստուգումների արդյունքում փակվեցին տարադրամի փոխանակման եւս 17 կետեր:
Դրանց աշխատողներն անգամ գործադուլ կազմակերպեցին, սակայն դրանից ոչինչ
չփոխվեց: Ավելին՝ դատելով Տիգրան Սարգսյանի վերջին հայտարարություններից,
տարադրամի փոխանակման կետերի դեմ սկսված գործընթացը շարունակվելու է: Ընդ
որում, ԿԲ-ի հաստատած կանոններով, գործնականում լիցենզիայից կարելի է
զրկել տարադրամի փոխանակման ցանկացած կետի: Դա էին պնդում նաեւ անցած
շաբաթվա գործադուլի մասնակիցները: Տիգրան Սարգսյանն անգամ չի թաքցնում, որ
առաջիկա երեք տարիներին այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումները պետք է
հանգեցնեն նրան, որ տարադրամի փոխանակման գործընթացը տեղափոխվի բանկային
համակարգ, որտեղ ներկայումս կանխիկ գործառնությունների ծավալը շատ փոքր է:
Արդյունքում զգալիորեն կավելանան նաեւ արտարժույթի շուկայի հոսքերը
վերահսկելու ԿԲ-ի հնարավորությունները:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Տիգրան Սարգսյանը դեմ է արտահայտվում ԿԲ
քաղաքականությունը փոխելու եւ լողացողից ֆիքսված փոխարժեքի
քաղաքականության անցնելու վերաբերյալ կոչերին: Այսօր արդեն արտարժույթի
փոխարժեքը դե յուրե դարձել է ֆիքսված: Այն տարբերությամբ, որ Կենտրոնական
բանկը ոչ թե պաշտոնապես հայտարարում է փոխարժեքը, այլ այն ֆիքսում է
արտարժույթի շուկայում գրեթե տոտալ վերահսկողություն սահմանելով: Իսկ դա
արդեն տեխնիկական խնդիր է: