Թավշյա հեղափոխություն

24/08/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Յուրաքանչյուր հաճույքի վատ հետեւանքները մարդը զգում է շատ ավելի ուշ: Եվ հաճախ այդ հետեւանքները կամ կործանարար են լինում, կամ էլ անդառնալի վնասներ են հասցնում հաճույքից օգտվողին: Որպես մոլի ծխող՝ կարող եմ փաստել, որ երբ ուսանող տարիքում սկսեցի ծխել, դա, իմ կարծիքով, ընդամենը ժամանակավոր հաճույք էր: Այսօր ես հասկանում եմ, թե ինչպիսի վնաս է տալիս իմ առողջությանը ծխախոտը, սակայն առայժմ չեմ կարողանում ձերբազատվել այդ վնասակար եւ վտանգավոր սովորությունից: Եվ սա դեռ ամենավատ տարբերակը չէ: Բոլոր հարբեցողները, խաղամոլներն ու թմրամոլներն այդպիսին չեն ծնվում: Այդպիսին նրանք դառնում են հաճույքի հետեւից ընկնելու հետեւանքով` «բա մի հատ ես էլ չփորձե՞մ» սկզբունքով:

Ու թեեւ ժողովուրդն ասում է, որ «փորձը փորձանք չէ», այնուամենայնիվ, կան դեպքեր, երբ փորձը միանշանակ բերում է փորձանքի:

Երբ Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի էին ունենում «թավշյա» հեղափոխություններ, մեր շատ հայրենակիցներ չէին թաքցնում իրենց «բարի նախանձն» առ մեր հարեւանների եւ բարեկամների: Շատ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նաեւ իշխանական, ողջունում էին այդ հեղափոխությունները: Ավելին, ողջույնի խոսքերը նրանք գերադասում էին արտասանել հենց Մայդանում: Սակայն սա հետագայի քննարկվելիք խնդիր է: Իսկ հասարակության լայն շրջաններում այս ամենից «կայֆ էին ստանում»: Իհարկե, դա կողքից «կայֆ էր»: Ավելին, դա նյարդայնացնող «կայֆ էր»: Այս տարիների ընթացքում հաճախ կարելի էր լսել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են. «դե, հայի բախտ ունենք, էլի» կամ՝ «վրացիներին ինչ ասես ասում ենք, բայց տեսա՞ք, ոնց Շեւարդնաձեին լարեցին»: Այն ժամանակ մենք նախանձում էինք, որ Արեւմուտքը մեզ չօգնեց ազատվել գործող իշխանություններից եւ «կազմաքանդել այս իշխանական բուրգը»: Ողջ Հայաստանը երկու օր չէր կտրվում «Եվրոնյուզ» հեռուստաալիքից եւ այնպիսի ուշադրությամբ էր հետեւում զարգացող իրադարձություններին, կարծես հեռուստատեսությամբ ցուցադրում էին բրազիլական սերիալ: Կյանքը ցույց տվեց, որ դա էլ էր սերիալ, բայց ոչ բրազիլական, ոչ էլ հեռուստատեսային: Դա իրականություն էր, որը, սակայն, չունեցավ ամերիկյան ֆիլմերի «happy end»-ը: Ավելին, այն դարձավ տասնյակ-հազարավոր վրացիների եւ օսեթների դժբախտության սկիզբը: Շատերը կփորձեն բացատրել վերջին իրադարձությունները ոչ թե «թավշյա հեղափոխության» փաստով, այլ այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ, իսկ այսօր՝ ողբերգության հիմնական մեղավոր` Միխայիլ Սահակաշվիլու անձով: Ի դեպ, ի տարբերություն Արկադի Ուկուպնիկի, ով «ԶԱԳՍ-ի առջեւ իր պասպորտն էր ուտում», Մ. Սահակաշվիլին Կոնդոլիզա Ռայսի առջեւ իր փողկապն էր ուտում: Բայց Ուկրաինայում եւս ամեն ինչ հարթ չի ընթանում: Ճիշտ է` այնտեղ Սահակաշվիլի չկա, սակայն արդեն չորս տարի է, ինչ Ուկրաինայի կառավարությունը գրեթե չի կարողանում նորմալ աշխատել: Իսկ վերջին շրջանում էլ խիստ հակասություններ են առաջացել նախագահ Յուշչենկոյի եւ վարչապետ Յ. Տիմոշենկոյի միջեւ: Ամենահետաքրքիրն այն է, որ «նարնջագույնների» մի մասն իրենց նախկին զինակից Յ. Տիմոշենկոյին այսօր մեղադրում են Ռուսաստանի հետ «խաղեր տալու» մեջ: Ի տարբերություն Վրաստանի եւ Ուկրաինայի, մեր «թավշյա» ընդդիմությունը Ռուսաստանի հետ «էն գլխից ա խաղեր տալիս»: Ես հեռու եմ այն մտքից, որպեսզի համեմատեմ վրացական հեղափոխականներին ու մեր այսօրվա ընդդիմության ներկայացուցիչներին: Առավել եւս՝ նրանց առաջնորդներին (խոսքս ոչ թե «հայրենասեր» կամ, ավելի ճիշտ, «իշխանասեր» ընդդիմության մասին է, այլ` իսկական): Ավելին` Լ.Տեր-Պետրոսյանն իր երեկվա հարցազրույցում Մ.Սահակաշվիլիին փաստացի ցեղասպան է անվանել, կրկին անգամ հավաստիացնելով, որ իր վերադարձով «ֆորպոստի» կարգավիճակը փոփոխության չի ենթարկվի: Սակայն մեր պարագայում ոչ այնքան ընդդիմությունն է խաղեր տալիս ռուսների հետ, ինչքան Ռուսաստանն է փոխել իր մարտավարությունը: Ի տարբերություն Վրաստանի եւ Ուկրաինայի, ռուսները, դասեր քաղելով դառը փորձից, իրենք են «խաղեր տալիս»: Ընդ որում` ինչպես միշտ, ռուսներն այս անգամ էլ օրիգինալ են գտնվել: Նրանք խաղում են ոչ թե երկու, այլ երեք ուղղությամբ: Նրանց հետաքրքիր են նորանկախ Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ, լավ հասկանալով, որ անկախ ամեն ինչից, Հայաստանում եւս «թավշյա հեղափոխություն էր» պատրաստվում: Շատ նման էին բոլոր քայլերը: Պարեր հրապարակում, ուսանողական կազմակերպություններ, հռետորական ելույթներ, որոնք դուր էին գալիս ընտրազանգվածին, որովհետեւ շատ դեպքերում իրավացի էին: Իհարկե, արդարության համար պետք է նշել, որ մեզ մոտ ամեն ինչ գնում էր ոչ թե վրացական, այլ ուկրաինական սցենարով: Հեղափոխության ճարտարագետները մի բան միայն հաշվի չէին առել; Մենք ասիացի ենք: Եվ դրա հետեւանքն էր մարտի 1-ը:

Իհարկե, ոչ մի նորմալ մարդ դեմ չէ, որպեսզի կազմաքանդվի թալանն ու կոռուպցիան, քավոր-սանիկությունն ու համատարած անգրագիտությունը: Բայց ո՛չ մարդկային զոհերի հաշվին: Ու թեեւ շատ վաղուց հռոմեացի կայսր Վեսպասիանոսն ասում էր, որ «փողը հոտ չունի», այսօր կարելի է փաստել, որ «թավշյա հեղափոխության» փողերից սովորաբար արյան հոտ է գալիս: Հավատացած եղեք, որ կաշառակերությունն ու թալանը, քավոր-սանիկությունն ու անգրագիտությունը չեն վերանում այս կամ այն իշխանավորի ուզելով: Այդ արատները կարող է վերացնել միայն հասարակությունը… եթե, իհարկե, ուզենա: