Հայաստանի առաջադիմական կուսակցության կողմից հրավիրված վերջին վեց մամուլի ասուլիսներից հինգին հեռուստատեսությունների ներկայացուցիչներ չեն գալիս, իսկ երեկ ներկա էր միայն «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Եվ երեկ ասուլիսից առաջ նախ ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանն իր դժգոհությունն արտահայտեց նման «անտարբերության» վերաբերյալ, այնուհետեւ անդրադարձավ առաջիկա ՏԻՄ ընտրություններին:
Նա հիմնականում անդրադարձավ Արաբկիր համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին, որտեղ իբրեւ թեկնածու առաջադրված է ՀԱԿ վարչության անդամ եւ փոխնախագահներից Աշոտ Մնացականյանը: Հիշեցնենք, որ նույն համայնքում իրենց թեկնածություններն են առաջադրել նաեւ գործող թաղապետ, ՀՀԿ անդամ, կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Շահինյանը, «Ժառանգություն» կուսակցությունից Զոյա Թադեւոսյանը եւ «Երիցյան եւ որդիներ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանը: «Մենք այնտեղ ունենք իշխող կուսակցության ներկայացուցիչ, ընդդիմության ներկայացուցիչ, մեր ներկայացուցիչը, բիզնեսմենի` գործարար աշխարհի ներկայացուցիչ»,- ասաց Տ. Ուրիխանյանն ու հիշեցրեց, որ Արաբկիր համայնքում սեպտեմբերին տեղի են ունենալու ոչ թե տնտեսական կառույցի ղեկավարի ընտրություններ, այլ` քաղաքական: «Ընտրություններում հաղթանակելու դեպքում մեր թեկնածուն չի պատրաստվում ծառայել իշխանությանը ու հետեւաբար չի ներկայացնում իշխանական որեւէ թեւ: Առավել եւս չի պատրաստվում ընդդիմության նպատակներն իրականացնել համայնքում, ինչի ստվերը երեւում է ընդդիմության գործողություններից եւ իրենց թեկնածուի պահվածքից: Եվ առավել եւս մեր թեկնածուն չի ծառայելու իր բիզնեսին»,- ասաց նա` եզրահանգելով այն մտքին, որ իրենց թեկնածուն ընտրություններում հանդես կգա իբրեւ երրորդ ուժ: «Կոնկրետ համայնքում նպատակ ունենք որեւէ կերպ քաղաքական գործառույթների մեջ չմտնելու ու չծառայելու իշխանությանն ու ընդդիմությանն ու նրա թիկունքում կանգնած օտարերկրյա շահերին, չծառայելու սեփական բիզնեսին: Աշոտ Մնացականյանի գործը համայնքում լինելու է՝ կանաչապատել, սպասարկել, բարեկարգել, կառուցել: Մենք շատ չոր արձագանք կտանք այն բացասական դեպքերին, որոնք կարող են լինել»,- ասաց նա: Տ. Ուրիխանյանը տեղեկացրեց, որ իրենց հետ համագործակցող հ/կ-ներից խումբ է ձեւավորվել, որը պատրաստվում է երեքական դիտորդ ներկայացնել համայնքի յուրաքանչյուր ընտրական տեղամասում: «Եթե տեղի ունենան երեւույթներ, որոնք ընդունված են մեզանում, այսինքն, մեր կուսակցության ներկայացուցչի ձայները եթե հաշվառվեն որեւէ այլ թեկնածուի անվան տակ, տեղի ունենան պրովոկացիաներ եւ այլն, տեղում Հայաստանի առաջադիմական կուսակցությունը յուրաքանչյուրի հետ հաշվեհարդար կտեսնի»,- սպառնաց Տ. Ուրիխանյանը: Համայնքի ղեկավարի թեկնածու Աշոտ Մնացականյանն էլ նշեց, որ առայժմ նախընտրական քարոզարշավն ընթանում է օրենքի սահմաններում: Տ. Ուրիխանյանն էլ մատնանշեց մի քանի փոքր խնդիրներ, որոնք հետագայում հարթվել են: Անդրադառնալով իրենց թեկնածուին` Տ. Ուրիխանյանը թվարկեց նրա, այսպես ասած` առավելությունները. «Ինտելեկտով՝ բոլորից վեր, պարկեշտությամբ, ազնվությամբ, աշխատանքային փորձով՝ բոլորից վեր, խանութ, կրպակ, շուկա չունենալու առումով էլ՝ բոլորից վեր, կամքով՝ բոլորից վեր: Սակայն կառավարման այդ ոլորտի փորձով` ոչ, գումարային հնարավորություններով` ոչ, դաբրոներով` ոչ»: Իսկ իբրեւ բարձր ռեյտինգ ունեցող մրցակից Տ. Ուրիխանյանը տեսնում է միայն Հովհաննես Շահինյանին: «Բարեբախտաբար, բարձր ռեյտինգային մեկ մրցակից ունենք` ՀՀԿ ներկայացուցիչը: «Ժառանգության» ներկայացուցիչը հավանաբար 105-110 ձայն կհավաքի: Այդ առումով հանգիստ ենք, միայն ՀՀԿ թեկնածուն է ռեյտինգային առումով մրցակից»,- ասաց նա:
Ի դեպ, Տ. Ուրիխանյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀԱԿ-ը շուտով իր ցավակցությունը կհայտնի Հարավային Օսիայի եւ Ռուսաստանի ժողովրդին ու իշխանություններին: «Ծայրահեղ բացասական մոտեցում պիտի դրսեւորենք ռազմական գործողություններով, ուժի կիրառմամբ որեւէ խնդիր լուծելու մտադրություն ունեցող որեւէ երկրի հանդեպ: Հետեւաբար՝ բացասաբար ընդունեցինք Վրաստանի գործողությունները»,- ասաց նա: