2009 թվականի փետրվարի 22-ն է։ Հարկային, մաքսային (ասենք՝ երեկվանից այլեւս տարբերություն չկա, դրանք կրկին միավորվել են) կամ մեկ այլ գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կինը գնում է տոնավաճառ՝ ամուսնու համար նվեր գնելու ազնիվ մտադրությամբ։ Ուզում է անակնկալ անի, իր ճաշակով եւ աչքաչափով կաշվե բաճկոն է ընտրում ամուսնու համար, հայերեն ասած՝ «դուբլյոնկա»։
Կարծում ենք, ոչ ոք չի առարկի, որ պաշտոնյայի կինը կարող է իրեն թույլ տալ բավական թանկարժեք՝ ասենք, 1000 դոլարից ավելի արժեցող բաճկոն ընտրել։ Իրենք չառնեն՝ ո՞վ առնի, ասում է ժողովրդական խոսքը։ Բայց խնդիրը դա չէ։
Խնդիրն այն է, որ պաշտոնյայի կինը պայման է դնում. եթե «դուբլյոնկան» ամուսնու հագով չեղավ կամ դուրը չեկավ, ինքը մյուս օրը բերում է այն փոխելու կամ ետ վերադարձնելու։ Հիմա կասեք՝ շատ նորմալ երեւույթ է. վերջիվերջո, մարդիկ տոնավաճառը նախընտրում են նաեւ այդ պատճառով, որ կարող են գնած ապրանքը ետ վերադարձնել՝ իհարկե, նախապես պայմանավորվելով վաճառողի հետ։ Սակայն մի մոռացեք, որ մեր այս կիսաֆանտաստիկ տրագիկոմեդիայում իրադարձությունները զարգանում են 2009-ին, այսինքն, հսկիչ-դրամարկղային մեքենաների եւ հարկայինի հետ առնչվող մյուս օրինագծերի փաթեթն արդեն ընդունված է եւ ուժի մեջ է։ Պարզ ասած՝ ՀԴՄ-ն արդեն իր ուրույն տեղն ունի առեւտրի տաղավարում։ Եվ այդ ՀԴՄ-ն՝ փոքրիկ, քառակուսի եւ անշուք այդ իրը, որը համեստ լռում է իր համար նախատեսված փոքրիկ անկյունում, փչացնում է ողջ հաճույքը։ Բացատրենք, թե ինչպես։
Ենթադրենք՝ վաճառողը համաձայնում է տիկնոջ պայմանին։ Տիկինը վերցնում է բաճկոնն ուգ գնո՞ւմ։ Բայց ո՞նց կլինի այդպես, բա փո՞ղը։ Չէ՞ որ պետք է գումար թողնել, որ վաճառողի սիրտը հանգիստ լինի։ Հիմա եկեք քննարկենք մի քանի տարբերակ։
1. Վաճառողը վերցնում է գումարը, տիկնոջը տալիս բաճկոնը, սակայն ՀԴՄ-ի կտրոն չի խփում, քանի որ գործարքը դեռ վերջնական չէ։ Եվ այդ պահին հայտնվում է ինքը՝ հարկային տեսուչն, ու կազմում արձանագրություն՝ ՀԴՄ-ի օգտագործման կանոնները խախտելու մասին, եւ տուգանում վաճառողին 75 հազար դրամով։ Չէ, կներեք, 150 հազարով, որովհետեւ 2009 թիվն է. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում արված փոփոխություններով՝ 75 հազարը դարձել է 150 հազար։
Ի դեպ՝ մի երկու բառ այդ փոփոխությունների մասին։ Բարդ բան չկա՝ պարզապես ամեն ինչ կրկնապատկվել է։ «Օրենքի 11-րդ հոդվածում՝ առաջին պարբերությունում «հարյուր հիսուն հազար» բառերը փոխարինել «երեք հարյուր հազար» բառերով» կամ «Երկրորդ պարբերությունում «երեք հարյուր հազար» բառերը փոխարինել «վեց հարյուր հազար» բառերով»։ Եթե հետաքրքիր է, նշենք, որ առաջին «կրկնապատկումը» վերաբերում է ՀԴՄ-ի բացակայությանը, իսկ երկրորդը՝ այն դեպքին, երբ վերը նշված խախտումը կրկնվում է մեկ տարվա ընթացքում։ Մի խոսքով, ՀԴՄ-ների կիրառման մասին օրենքի փոփոխությունների 90 տոկոսը վերաբերում է տուգանքներին, իսկ մնացածը՝ ավելի կոնկրետ, առաջին փոփոխությամբ, սահմանվել է, որ տոնավաճառներում նույնպես պետք է ՀԴՄ-ներ լինեն։ Այսինքն, եթե նախկինում ՀԴՄ-ն պետք է կիրառեին մանրածախ առեւտրով զբաղվող անհատ ձեռնարկատերերը, ապա այժմ՝ «մանրածախ վաճառք» բառերից առաջ օրենքում ավելացել է «առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով» արտահայտությունը։ Ինչեւէ, վերադառնանք վաճառողին, պաշտոնյայի տիկնոջն ու «դուբլյոնկային»։ Արդեն տեսանք, որ գումարը վերցնելու, սակայն ապրանքը ետ ընդունելու պայմանով վաճառելու դեպքում՝ վաճառողն իրեն դնում է ռիսկի տակ, եթե ՀԴՄ չի խփում։ Դիտարկենք երկրորդ տարբերակը։
2. Վաճառողը բաճկոնը տալիս է տիկնոջը, սակայն գումար չի վերցնում ու ՀԴՄ չի խփում։ Ինչպես նախորդ դեպքում, նորից հայտնվում է հարկային տեսուչն ուգ չշարունակենք։ Որովհետեւ գործարքը կանխիկ է, եւ վաճառողը ոչ մի կերպ չի կարող համոզել տեսուչին, որ գործարք չի արել։
3. Տիկինը վերցնում է բաճկոնը, վճարում 450 հազար դրամ, եւ վաճառողը նրան տալիս է 450 հազար դրամի ՀԴՄ կտրոն։ Հարկային տեսուչը կողքից հետեւում է այս ամենին եւ հիանում քաղաքակիրթ առեւտրի դասական օրինակով։ Բայց հիանալիքը դեռ առջեւում է։ Տիկինը բաճկոնը տանում է տուն, եւ պարզվում է, որ ամուսինը չի հավանում, կամ նրա հագով չի։ Վերցնում է ապրանքն ու վերադառնում տոնավաճառ։ Եվ այստեղ սկսվում է տրագիկոմեդիան, որը կարող է զարգանալ մի քանի սցենարով։
ա) Տիկինը ցանկանում է փոխել եւ վերցնել մեկ ուրիշ բաճկոն, սակայն պարզվում է՝ վաճառքում չկա։ Ուրեմն պետք է ետ վերադարձնի բաճկոնն ու ետ ստանա իր փողը։ Եթե վաճառողը բարի գտնվեց, ապա կհամաձայնի։ Բայց ախր բարությունն այստեղ կապ չունի։ Ստացվում է՝ իրականում նա իր բաճկոնը չի վաճառել, բայց ՀԴՄ կտրոն է խփել՝ ցույց տալով, որ 450 հազար դրամ հասույթ է ունեցել։ Իսկ դա հղի է ավել հարկեր մուծելու վտանգով։ Վաճառողը տուժում է՝ ավել մուծվելիք հարկերի տեսքով։
բ) Պարզվում է, որ մեկ ուրիշ բաճկոն կա՝ իսկը ամուսնու հագով եւ ճաշակով, եւ նույն գնով։ Տիկինը վերադարձնում է իր գնածը, վերցնում նորը եւ ուրախ-ուրախ հեռանում։ Հետո հայտնվում է մեր հին ծանոթը՝ հարկային տեսուչն, ու ժպիտը դեմքին տեղեկացնում, որ վաճառողը տուգանվում է 150 հազար դրամով, որովհետեւ ՀԴՄ-ի կտրոն չի տվել։ Նոր բաճկոնը նշանակում է՝ նոր գործարք, իսկ նոր գործարքը՝ նոր ՀԴՄ-ի կտրոն։ Վաճառողը տուժում է՝ տուգանքի տեսքով։
գ) Վաճառողն ապրանքը ետ չի վերցնում, տիկինը գնում է տուն, լացելով բողոքում ամուսնուն, եւ վաճառողի մոտ ամեն օր «սուրճ խմելու» են գնում բազում-բազում տեսուչներ։ Տուժում է վաճառողի գրպանն ու նյարդային համակարգը։
Չենք կասկածում, որ վաճառողն ակնթարթորեն ուղեղի միջով անցկացնելու է այս բոլոր տարբերակները, եւ արդյունքում՝ նրա վաճառակետի վրա հայտնվելու է հետեւյալ ցուցանակը՝ «Վաճառված ապրանքը ետ չի ընդունվում»։ Իսկ տիկինը դժվար թե կարողանա ամուսնուն անակնկալ մատուցել փետրվարի 23-ին։ Միգուցե կմտածեք՝ սա՞ ինչ թեմա է, որ այսքան գրում ենք։ Հավատացնում ենք, որ տոնավաճառներում այլ կերպ են մտածում, եւ եթե ետ ընդունելու կամ փոխելու պայմանով չաշխատեն, ապա դրանից կտուժի առեւտուրը։
Իսկ եթե ավելի լուրջ եք ուզում, ապա մի քիչ կլրջացնենք։
Նախ, այս ամբողջ փաթեթը, որի քննարկումն ԱԺ-ում պետք է շարունակվի այսօր, շոշափում է 30 հազար առեւտրականների շահերը։ Եթե հաշվենք ընտանիքներով՝ ապա ստացվում է, որ այս փաթեթն ուղղակիորեն ազդում է 100 հազար մարդու բարեկեցության վրա։ Խնդիրն այն է, որ մինչ այժմ որեւէ լուրջ վերլուծություն չհնչեց՝ փաթեթի ընդունման արդյունքում սպասվող լավ եւ վատ հետեւանքների մասին։ Չի լինում այնպես, որ հետեւանքները լինեն միայն լավ, եւ կառավարության այն դիրքորոշումը, որ քննադատողները պետության շահերին դեմ են, սխալ է։
Չի լինում նաեւ այնպես, որ միայն վատ հետեւանքներ լինեն, այնպես որ` սխալ է նաեւ միայն քննադատությունը քննադատության համար։ Եվ ընդհանրապես, որեւէ լուրջ, մասնագիտական բանավեճ այս հարցի շուրջ չտեսանք։ Քաղաքական գործիչները կրկնում են լրագրողների ասածները, իշխանական թեւի պատգամավորները՝ Հարկայինի ասածները, նախարարները՝ Տիգրան Սարգսյանի ասածները։
Բացի այդ, ԱԺ-ում այս օրենքի քննարկման ժամանակ մի բան հարցական մնաց՝ ինչի՞ համար է արվում այս ամենը։ Ահարոն Չիլինգարյանը մի քանի անգամ շեշտեց՝ սա բյուջեն լցնելու համար չէ։ Իսկ, օրինակ, պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը մոտավորապես ասում էր՝ լա՜վ էլ բյուջեն լցնելու համար է, բյուջեն մեծանալու է, բա ինչ է՝ բյուջեն չլցնե՞նք։ Մի բան էլ. ամեն առիթի դեպքում հատուկ շեշտվում է՝ սա փոքր եւ միջին ձեռնարկատերերի դեմ չէ, թիրախը մեծերն են՝ առեւտրի կազմակերպիչներն ու այլք։ ՀԴՄ-ն տեղադրելուց հետո բյուջեն մեծանալու է։ Եվ մնում է հասկանալ՝ ո՞ւմ հաշվին։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ նրանց հաշվին, ում մոտ տեղադրվում է ՀԴՄ-ն, բայց արի ու տես, որ ասում են՝ նրանք կապ չունեն։
Մի հանգամանք էլ կա. խոսելով տոնավաճառներում առեւտուր անող մարդկանց հետ, հասկանում ես, որ նրանք վախենում են ոչ թե ՀԴՄ-ից, այլ վստահության պակասից։ «Էսօր իրենց պետք է՝ ՀԴՄ դնեն։ Դրան կհասնեն, հետո կսկսեն ուրիշ բաներ մոգոնել»,- մտածում են նրանցից շատերը։ Ու այս մարդկանց չի կարելի մեղադրել, որ պետությանը չեն վստահում, չի կարելի ասել, որ նրանց դրդել են բողոքել «լեւոնականները», ինչպես երեկ գրել էր հայրենի ԶԼՄ-ներից մեկը։ Այս մարդկանց, իրականում, փողոց է դուրս բերել այն, որ պետության շահից խոսում են 100 հազար դրամ աշխատավարձ ստացող, բայց 100 հազար դոլարանոց մեքենաներ քշող չինովնիկները։ Ոչ միայն խոսում, այլեւ մեղադրում են, որ աղբանոցը քչփորող ու մուրացկանություն անող մարդկանց մեծ քանակի պատճառը ոչ թե մեքենաների նկատմամբ իրենց սերն է, այլ մանր գործարարների անբացատրելի վախը ՀԴՄ-ների նկատմամբ։