Հայաստանը` տարանցիկ ճանապարհ

24/08/2008

Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով, ինչպես հայտնի է` տեղի է ունեցել բնակչության զգալի տեղաշարժ դեպի Հայաստան: Հակամարտությունից հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալությունը եւ Միավորված Ազգերի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը համատեղ այց են կատարել երեք սահմանակետեր` նոր ժամանած անձանց հետ կապված իրադրությունն ուսումնասիրելու նպատակով: ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ` օգոստոսի 8-18-ը Բագրատաշենի սահմանակետով, որը Վրաստանից դեպի Հայաստան երեք հիմնական սահմանակետերից մեկն է, Հայաստան է մուտք գործել 10.730 օտարերկրացի: Նշենք, որ հակամարտությունից ընդամենը երեք օր առաջ` օգոստոսի 5-7-ը, Բագրատաշենի սահմանակետով Հայաստան է մուտք գործել մոտ 400 օտարերկրացի:

Հակամարտությունից հետո օտարերկրացիների մի մասը Հայաստանն օգտագործել է նաեւ որպես տարանցիկ երկիր` դեպի իրենց երկրներ ուղեւորությունը շարունակելու համար: Ժամանած անձինք գլխավորապես էթնիկ հայ Վրաստանի քաղաքացիներ են, մեծ մասամբ` կանայք, երեխաներ, որոնք Վրաստանում իրադրության վատթարացման մտավախության արդյունքում ապաստան են գտել Հայաստանում իրենց բարեկամների ու ընկերների մոտ: Հիմնականում Թբիլիսիից, Գորիից եւ Հարավային Օսիայից ժամանած օտարերկրացիների մեջ կան էթնիկ վրացի եւ հայ Վրաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներ, ինչպես նաեւ՝ այլ ազգություններ, գլխավորապես` դիվանագիտական համայնքից, այլ միջազգային կազմակերպություններից:

Միավորված Ազգերի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ ՓԳՀ-ի գլխավորությամբ ստեղծել է աշխատանքային խումբ` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Պարենային ծրագրի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ` ՀՀ կառավարության հետ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանում բնակչության տեղաշարժն ուսումնասիրելու եւ արտակարգ իրավիճակների կառավարման ծրագիր պատրաստելու նպատակով: Ըստ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի` «ՄԱԿ-ի հայաստանյան թիմը նպատակ ունի աջակցելու Հայաստանի կառավարությանը եւ բարձրացնելու երկրի կարողությունը մարդասիրական օգնության անհրաժեշտության դեպքում»: