Փող չկա, փող չկա

01/06/2005

Սուպերնախարար Հովիկ Աբրահամյանի եւ ԱԺ պատգամավոր Արամայիս Գրիգորյանի
միջեւ երեկ ԱԺ-ում լուրջ ընդհարում է տեղի ունեցել: Բանն այն է, որ Հ.
Աբրահամյանին դուր չէր եկել Ա. Գրիգորյանի («Ավշարի» գործարանի
սեփականատեր)` կառավարությանն ուղղած հարցը, որը վերաբերում էր ակցիզային
դրոշմանիշերին: Հարցը կառավարությանն ուղղվել էր գրավոր, սակայն
պատգամավորն ԱԺ-ում երեկ հայտարարեց, որ ստացված գրավոր պատասխանից
հնարավոր չէ որեւէ բան հասկանալ, ինչին ֆինանսների նախարար Վարդան
Խաչատրյանը բավական կոշտ պատասխան տվեց: Իսկ պատգամավորի համառությունը,
թե կառավարությունը պարտավոր է հասկանալի պատասխաններ ուղարկել
պատգամավորներին, զայրացրել էր սուպերնախարարին, որը նիստն ավարտվելուց
հետո, երբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դուրս եկավ դահլիճից, սկսեց
հաթաթաներ տալով բղավել Ա. Գրիգորյանի վրա: Պատգամավորի
բացատրությունները, թե կառավարության պարտականությունն է նորմալ
պատասխաններ ուղարկելը, վերջնականապես ափերից հանեց Հ. Աբրահամյանին,
սակայն դահլիճում ներկա պատգամավորները, մասնավորապես՝ դաշնակցական Հրայր
Կարապետյանը, կանխեցին: Հինգ րոպե դահլիճի փակ դռների հետեւում
գոռգոռալուց հետո (դահլիճ չէին թողնում անգամ պատգամավոր Հրանուշ
Հակոբյանին), Ա. Գրիգորյանը դուրս եկավ դահլիճից, սակայն Հ. Աբրահամյանը
չթողեց նրան հեռանալ` ասելով. «Հլը արի ստեղ»: ԱԺ-կառավարություն
«ռազբորկան» տեղափոխվեց միջանցք, հետո` խուսափելով լրագրողներից, մեկ այլ
անկյուն տեղափոխվեցին, որտեղից լսելի էր միայն Հ. Աբրահամյանի ձայնը. «Փող
չկա, արա»: Իրար վրա երկար գոռալուց հետո Ա. Գրիգորյանը Հ. Կարապետյանի
հետ գնաց ՀՅԴ խմբակցություն, իսկ Հ. Աբրահամյանը շենքից դուրս եկավ: