Գորի-Թբիլիսի երկաթգծի` Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող երկաթուղային կամրջի պայթեցումը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, քանի որ դեպի Հայաստան բեռնափոխադրումները հենց այս ճանապարհով են տեղի ունենում:
Այս կապակցությամբ ՀՀ վարչապետի հրամանով օպերատիվ շտաբ է ստեղծվել, որն օրական 2 անգամ խորհրդակցություններ է հրավիրում` քննարկելու Վրաստանի տարածքով Հայաստան բեռների փոխադրման հարցերը, այդ պարագայում առաջացած խնդիրները եւ փորձելու իրավիճակից ելնելով` ուղիներ գտնել դրանց լուծման համար: ՀՀ վարչապետի խորհրդական, օպերատիվ շտաբի քարտուղար Գագիկ Մարտիրոսյանի հավաստմամբ` խորհրդակցությունների հիմնական թեման առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների` վառելանյութի, հացահատիկի, ալյուրի փոխադրումն է Հայաստան: «Այդ բեռները մասնավոր են, սակայն պետությունը չի կարող անհրաժեշտ միջամտություն չցուցաբերել դրանք Հայաստան հասցնելու հարցերի կարգավորման հարցում»,- ասել է նա` նշելով, որ դրանց տեղափոխման համար Հայաստանից 50 մեքենայից կազմված ավտոշարասյուն է ուղարկվել Վրաստան: Անդրադառնալով օգոստոսի 19-ին Փոթիի նավահանգստում բեռնաթափումների դադարեցմանը` Գ. Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ չբեռնաթափվող բեռների տեղափոխումն այնքան հրատապ չէ, եւ դրանք կարող են նաեւ մի քանի օր մնալ նավահանգստում եւ բեռնաթափվել ու տեղափոխվել, երբ երկաթգիծը կվերանորոգվի: Այս տարբերակը, նրա հավաստմամբ, ավելի ձեռնտու է, քան ավտոմոբիլային միջոցներով տեղափոխելը: Ըստ Գ. Մարտիրոսյանի` Վրաստանի տարածքով Հայաստան բեռների տեղափոխման խնդիրների եւ դրանց լուծման ուղիներից բացի` այսօր մեծ ուշադրություն է դարձվում նաեւ Իրանի տարածքով ՀՀ բեռների ներկրման գործընթացի կարգավորմանը: Իրանի տարածքով դեպի Հայաստան կատարվող բեռնափոխադրումների ժամանակացույցը, ըստ նրա, խտացվել է: Իսկ երկաթուղային կամրջի պայթեցման հետեւանքները վերացնելու աշխատանքների ձգձգումը Գ. Մարտիրոսյանը բացատրում է նրանով, որ սկզբնական շրջանում նախատեսված է եղել կամուրջն ամրացնել մետաղական հեծաններով, սակայն հետագայում որոշում է կայացվել այն վերականգնել միաձույլ երկաթբետոնով: Իսկ դրա համար շատ ավելի երկար ժամանակ կպահանջվի: «Միայն բետոնի չորանալու համար մոտ 3 շաբաթ է անհրաժեշտ, մոտ այդքան էլ` բետոնապատման աշխատանքների իրականացման համար»,- ասել է նա` հավելելով, որ երկաթուղային ճանապարհով բեռնափոխադրման հարցերի կարգավորման նպատակով որոշում է կայացվել աշխատանքային տեսքի բերել մասամբ ավերված երկաթուղային կամրջի համար այլընտրանքային համարվող հին կամուրջը: Նա հավաստիացրել է, որ թերեւս արդեն հենց այսօր երեկոյան այդ կամուրջը գործնականում կարող է շահագործման տրվել, ինչի համար անհրաժեշտ հոսանքային միացումները եւս կկատարվեն: Իսկ դրա հաջող շահագործումն արդեն, ըստ Գ. Մարտիրոսյանի, կախված կլինի ռուս-վրացական հարաբերությունների հետագա զարգացումներից: Նա նաեւ նշել է, որ բացի բեռնափոխադրման պարագայում ծագած խնդիրներից` վրաց-հարավօսական հակամարտության սրման արդյունքում առաջացած ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել նաեւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանը հատող մեքենաների թվաքանակի վրա: Դրանք զգալիորեն նվազել են, ինչը, սակայն, այս պարագայում Գ. Մարտիրոսյանը բնական է համարում: