Հարկային ու մաքսային ծառայությունները հերթական անգամ միավորվեցին: Երեւի այն պատճառով, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանն «անջատողական» անունը չկպչի: Չնայած հիմքերը կան` կառավարությունը ձեւավորելիս ֆինանսներն անջատվել էին տնտեսությունից: Հովհարային անջատումների տարիներին գործադիր իշխանության ներսում ստորաբաժանումների անջատում-միացումներն ավելի հաճախ էին տեղի ունենում: Այն ժամանակ միջազգային կազմակերպությունները երկու-երեք տարին մեկ կառուցվածքային վարկեր էին տրամադրում: Վարկերի նպատակը կառավարման համակարգը կատարելագործելն էր: Հավանաբար: Բայց այդ գործը լավ չէր ստացվում, ու իշխանությունները կառուցվածքային բարեփոխում ասելով՝ կազմաքանդում, հետո միավորում էին գործադիր օղակները: Ոստիկանությունն Անվտանգության հետ էր ամուսնանում, հետո ամուսնալուծվում: Հարկայինը` Մաքսայինի: Ֆինանսները` Էկոնոմիկայի: Առեւտուրը` Արդյունաբերության: Եվ այլն: Ամեն անգամ հիմնավորումներ էին տրվում, թե կառավարման արդյունավետության տեսանկյունից որքան կարեւոր է դրանք միավորելը: Կամ էլ հակառակը` բաժանելը: Հետո, երբ կառուցվածքային բարեփոխումների վարկերը ծախսվեցին-պրծան, կայուն վիճակ ստեղծվեց: Որ օղակները միավորված էին` միավորված մնացին: Որոնք բաժանված էին` բաժանված: Պետբյուջեից փող չէր հատկացվում անջատում-միացում խաղի համար: Պատկերացրեք, թե միայն բլանկների, կնիքների ու աշխատակիցների վկայականների պատրաստման վրա որքան գումար էր խնայվում: Տիգրան Սարգսյանի կառավարության ձեւավորման պահից պարզ էր, որ կառուցվածքային այդ խաղի կողմնակիցները դեռ չեն հանձնվել: Տրոհվեց Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունը: Նոր նախարարներին հավանաբար հանձնարարվեց նախ՝ տեսական, ապա՝ պրակտիկ մակարդակում կիսկիսել լիազորությունները: Հետո անտառներն անջատվեցին Բնապահպանությունից ու տրվեցին Գյուղնախարարությանը: Հանքերը` Էներգետիկայի նախարարությանը: Երբ հասարակությունը զարմացավ՝ բացատրեցին, որ բնապահպաններին մնաց նոր տնօրինողների աշխատանքները ստուգելու իրավունքը: Թե ինչո՞ւ չլուծարվեցին Դատախազությունը, մյուս ստուգող ու վերահսկիչ ծառայությունները` պարզ չէ: Հիմա երեւի միավորման արդյունավետությունը գովերգելու ժամանակն է: Մոտ 10 տարի երկնիշ տնտեսական աճով նկարագրվող տնտեսությունը վերլուծելիս փորձագետներից շատերը զարմանում էին: Զարմանում էին՝ մատնանշելով, թե որքան փոքր է հարկերի բաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում, որքան մեծ են անուղղակի հարկերի ծավալները: Կառավարությունը պարբերաբար պաշտպանվում էր, ընդունելով, որ հարկային ոլորտը կատարյալ չէ: Հետեւաբար՝ ժամանակավորապես շեշտը դրվում է անուղղակի հարկերի հավաքագրման վրա: Բայց պարզ բան է` ոչինչ այդքան հաստատուն չէ, որքան ժամանակավոր կոչվածը: Հիմա կառավարությունն անցել է կոշտ հարկային քաղաքականության: Հաշվիչ-դրամարկղային սարքեր տեղադրել պարտադրվում են հնարավոր բոլոր վայրերում: Սա ստվերային տնտեսության դեմ պայքար է կոչվում: Անողոք պայքարի արդյունքում նկատելի առաջընթաց չկա: Պետբյուջեն մուտքերի մասով, իհարկե, կատարվում է, բայց կատարվում է մաքսային մարմինների միջոցով` հենց սահմանի վրա: «Փողը տուր` ներմուծիր» բանաձեւն անհամեմատ ավելի հեշտ կիրառելի է, քան հարկային մարմիններին ստիպելը, որ կանոնավոր աշխատեն: Հատկապես, որ հարկային օրենսդրությունն ամեն տարի փոփոխվում է: Փոփոխվում է բարեփոխումների անվան տակ` դառնալով ավելի ու ավելի հակասական ու ոչ կիրառելի: Արդյունքում՝ հարկային մարմինների աշխատանքից դժգոհ են մնում եւ՛ իշխանությունները, եւ՛ տնտեսվարողները: Բարդանում էր նաեւ մաքսային մարմինների հավաքագրած գումարը Հարկայինի վրա գրանցելու խնդիրը: Տարբեր օղակներ էին, առանձին հաշվապահություններով: Կառավարելն, իհարկե, ավելի բարդ էր: Հարուստ մաքսայինին կցվեց հարկային աղքատ ազգականը: Դրանց միավորումն ահագին խնդիրներ կլուծի: Միացյալ հաշվապահության շրջանակում վերագրված գումարները վերադարձնելու խնդիր չի ծագի: Հարկահավաքների ու մաքսավորների կյանքում, կարծում եմ, էական փոփոխություն չի լինի: Կաշխատեն՝ ինչպես աշխատում էին. մի քիչ՝ իրենց համար, մի քիչ` ղեկավարության, մի քիչ էլ` պետության: Մեզ մնում է միայն զարմանալ: Զարմանալ ու հիանալ, որ էս շոգ-կրակին հարազատ իշխանությունները չեն հանգստանում ու աշխատում են՝ կառուցվածքային բարեփոխումների ենթարկելով գործադիր իշխանությունը: Որպեսզի ավելի բարեշրջված կառավարեն: Բայց դեպի ո՞ր կողմ բարեշրջված` պարզ չէ: